Զելենսկու վիճակը կատաստրոֆիկի շեմին է
ՎերլուծությունԱյսպիսով, շարունակում է շատ բան կախված մնալ այն իրավիճակից (Տես նաեւ https://iravunk.com/?p=327666&l=am), որն այսօր տիրում է Ուկրաինայում: Բուն ռազմական իմաստով Կիեւի վիճակը միայն ավելի օրհասական է դառնում: Բայց դա կտանի՞ պատերազմի ավարտին, դեռ մնում է օդից կախված:
Ընդհանուր ռազմական վիճակը մոտավորապես հետեւյալն է: Հյուսիսում՝ Խարկովի մարզում ռուսները գրեթե գրավել են Կուպյանսկը, որի շրջակա մեծ գոտում ուկրաինական մեծ ուժեր մնում են օպերատիվ շրջապատման մեջ: Իսկ քաղաքը գրավելու դեպքում ռուսները սպառնում են ավելի հյուսիս գտնվող վելիկիբուռլուկյան ելուստին, որը տերիտորիալ առումով գրեթե համարժեք է Դոնբասում ուկրաինական վերհսկողության տակ գտնվող տարածքներին: Գումարած, անմիջական սպառնալիք կստեղծվի Խարկովի համար:
Կուպյանսկից ավելի հարավ Լիմանի ուղղությունն է: Այստեղ ռուսական ուժերն արդեն այս պահին են սպառնում, ուկրաինական տերմինով, Լիման եւ Սեւերսկ քաղաք-ամրոցներին: Նաեւ լուրջ եւ աչքի առաջ սրվող սպառնալիք կա Օսկոլ եւ Իզյում քաղաքների համար, ինչպես նաեւ Օսկելի ջրամբարի ողջ արեւելյան հատվածի ուկրաինական վերահսկողության ծավալուն գոտու: Վերջապես, Լիմանը գրավելով, որն ակնհայտորեն սարերի հետեւում չէ, ռուսները կկարողանան հարվածել Դոնբասում ուկրաինական հիմնական կենտրոնին՝ Սլավյանսկ-Կրամատորսկ անգլոմերացիային:
Հաջորդը ներկայիս հիմնական թատերաբեմն է՝ Պոկրովսկ-Միրնոգրադ անգլոմերացիան: Ավելի կոնկրետ, Պոկրովսկն արդեն փաստացի ռուսների ձեռքին է, Միրնոգրադը մնում է շրջապատված, չնայած ուկրաինական կողմն այստեղ է հավաքել ունեցած-չունեցած բոլոր ուժերը՝ փորձելով հասնել ապաշրջապատման: Բայց նաեւ, երեկ հայտնի դարձավ, որ ռուսական մեծ ուժեր են մտել Պոկրովսկ, այսինքն՝ Միրնոգրադը գրավելու հարցը կարող է ավարտվել առաջիկա օրերին:
Ավելի հարավ Զապորոժիեի ճակատն է, որտեղ արեւելյան թեւում՝ Գուլյայպոլեի (հանրահայտ Բակտա Մախնոյի հայրենի քաղաքը) ուղղությամբ, ինչպես նաեւ արեւմտյան աղբյուրներն են խոստովանում, ուկրաինական ճակատը փաստացի փլուզված է: Գուլյայպոլեի ճակատագիրն այս պահին արդեն կարելի է կանխորոշված համարել: Իսկ դրանից հետո ռուսները կսպառնան հարավային Զապորոժիեում ուկրաինական պաշտպանության հիմնական հանգույցի՝ Օրեխովոյի խորը թիկունքին եւ բուն Զապորոժիե մարզկենտրոնին:
Ընդ որում, թվարկված գրեթե բոլոր ուղղություններում ռուսները հիմնականում գրավել են ուկրաինական պաշտպանության հնուց հիմնված համակարգերը՝ սպառնալով դուրս գալ օպերատիվ տարածք, որտեղ պետք է նոր պաշտպանական համակարգեր ստեղծել, եթե միայն դրա համար Կիեւը միջոցներ եւ պաշտպանելու համար ուժեր (այն հսկայական կորուստներից հետո, որոնք հիմա կրում է) գտնի: Այսինքն, ընդհանրական իմաստով, ռազմական իրավիճակն այն է, որ եթե պատերազմը տեղափոխվի 2026թ., ապա ռուսներն արդեն կսպառնան Օդեսային, Դնեպրոպետրովսկին, Խարկովին, եւ, առհասարակ, Դնեպրից արեւելք գտնվող ողջ տիրույթին:
Եվ ահա այս ֆոնին, բուն Կիեւում եւս «տարօրինակ» զարգացումներ են նկատվում: Այսպես, նախօրեին ուկրաինական NABU հակակոռուպցիոն գործակալությունը, որը, հիշեցնենք, գտնվում է արեւմտյան ուղիղ հովանավորության տակ, եւ որը Զելենսկին անհաջող կերպով փորձեց իր հսկողության տակ վերցնել, խուզարկության նպատակով այցելեց Թիմուր Մինդիչին: Մանրամասնենք. դեռ «Կվարտալ 95»-ի ժամանակներից Զելենսկու մերձավոր գործընկերն է, որը հիմա համարվում է նրա հիմնական «դրամապանակներից» մեկը: Պարզվեց, որ Մինդիչին արդեն հասցրել է փախչել երկրից. «անհայտ մեկը», չկարողանալով բացահայտ պաշտպանել, նրան զգուշացրել էր: Ու հաջորդեց ուկրաինական աղբյուրների տեղեկատվությունը, որ NABU-ն այս գործընթացը ծավալել է ամերիկյան ՀԴԲ-ի հանձնարարությամբ, որը խորությամբ քննում է, թե ուր են գնացել Կիեւին տրված ամերիկյան հսկայական փողերը:
Եթե մի կողմ թողնենք այս պատմության զուտ քրեական բաղադրիչները, ապա տակը մնում է քաղաքական շատ ցցուն փաստ. Վաշինգտոնը զբաղված է Զելենսկու հարցով: Ընդ որում, ուկրաինական աղբյուրներն այդ մասին բացահայտ են խոսում, այդ թվում, թե որն է իրական նպատակը. « Նախագահի գրասենյակը կարծում է, որ Թիմուր Մինդիչի տանը խուզարկությունները կազմակերպվել են Թրամփի վարչակազմի կողմից: NABU-ն օգտագործելով որպես Զելենսկու վրա խաղաղության գործընթացի եւ բանակցությունների հարցում ճնշում գործադրելու գործիք՝ նրանք փորձում են մեզ ճնշել Կրեմլի հետ բանակցությունների հարցով: Մի քանի օր առաջ հաղորդվեց, որ Մինդիչը կարող է դառնալ փողերի լվացման հետ կապված ՀԴԲ-ի հետաքննության թիրախ, ինչը նշանակում է, որ աշխատանքներ են տարվում բոլոր ճակատներում»:
Եթե սրան ավելացնում ենք, որ առաջիկա ձմռանն Ուկրաինայի բնակչությունը կմնա առանց էլեկտրականության, նաեւ, որ առաջին իսկ խոշոր քաղաքի հանձնումը ծայրահեղորեն կարող է սրել Զելենսկու թիմի դեմ ներքին տրամադրությունները, ապա կմնա ֆիքսել, որ Կիեւի վարչախումբն իրոք ծայրահեղ բարդ վիճակում է: Այն է՝ Զելենսկին պետք է արագորեն ստորագրի այն թղթերը, որը Վաշինգտոնն ու Մոսկվան կդնեն նրա առաջ, որից հետո, միգուցե, ամերիկացիները նրա անվտանգությունը կերաշխավորեն: Հաջորդ տարբերակը Ուկրաինայի այս մնացորդներին կարող է հասցնել վերջնական փլուզման: Առաջին տարբերակը, թերեւս, մեկ-երկու ամսվա հարց է, երկրորդը՝ ավելի երկար, բայց երեւի Մոսկվայի համար շատ ավելի ձեռնտու:

