Էրդողանի` առողջության շատ արագ վատանալու լուրը վերադարձավ օրակարգ
ՎերլուծությունԲաքու՝ Ալիեւի վերջին շքերթին մասնակցելու մեկնած Ռեջեփ Էրդողանի նոր լուսանկարները նորից օրակարգ են բերել Թուրքիայի նախագահի առողջական շատ վատ վիճակի մասին խոսակցությունները, որոնք վերջին ժամանակներս առանց այդ էլ ավելի ու ավելի հաճախ են հայտնվում շրջանառության մեջ: Եվ ահա, այս նոր լուսանկարները նաեւ ռուսական փորձագիտական դաշտում են հարց բարձրացրել՝ իսկ ի՞նչ է լինելու, եթե Էրդողանը դուրս գա ներկա գործընթացներից՝ հիվանդության կամ նույնիսկ մահանալու պատճառով:
ԻՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ, ԵԹԵ ԷՐԴՈՂԱՆԸ ՀԵՌԱՆԱ
Ռուս փորձագետները նախ գնահատում են, որ էրդողանական Թուրքիայի հետ Ռուսաստանի հարաբերությունները, իհարկե, լի են բազում խնդիրներով: Բայց մեկ դրական նյուանս նրանք տեսնում են՝ Էրդողանը կանխատեսելի, կայուն կուրս է վարում՝ չմտնելով Մոսկվայի հետ ծայրահեղ կոշտ հակամարտության դաշտ, ինչքան էլ որ նրան փորձում են Արեւմուտքից այդ ուղղությամբ մղել: Այսինքն, Էրդողանը շարժվում է սեփական երկրի շահերով՝ չդառնալով այլոց համար ընդամենը «կրակից շագանակ հանող»: Ու այս պահին Մոսկվային, քանի դեռ հիմնական կենտրոնացումն ուկրաինական ուղղության վրա է, Էրդողանի նման կուրսն ընդունելի է:
Ռազմաքաղաքական փորձագետ Յուրի Պոդոլյակն այսպես է գնահատում ինչպես Էրդողանի վատ տեսքի, այնպես էլ քաղաքական ասպարեզից նրա հնարավոր դուրս գալու թեման. «Էրդողանի վատ առողջական վիճակի մասին լայնորեն խոսվում է երկար ժամանակ։ Սակայն այս լուսանկարից դատելով՝ նրա առողջությունը շատ արագ վատանում է: Սա մեզ համար վատ է։ Հենց Էրդողանն էր, որ Թուրքիան դարձրեց ՆԱՏՕ-ի «տրոյական ձի» եւ Ռուսաստանի գործընկեր՝ Մերձավոր Արեւելքի եւ Անդրկովկասի աշխարհաքաղաքականության բազմաթիվ հարցերում»:
Իսկ թե ինչ կարող է լինել, եթե Էրդողանը հեռանա ասպարեզից, ապա փորձագետն այն կարծիքին է, որ ամենահավանականն է մնում այն տարբերակը, որ՝ «Թուրքիան կրկին մեջքը կդարձնի մեզանից եւ ճակատը՝ ՆԱՏՕ-ից։ Հետեւաբար, ցանկացած ապագա թուրք առաջնորդ մեզ համար շատ ավելի խնդրահարույց կլինի, քան ներկայիսը։ Ներկայիսը հասկանալի է եւ շատ առումներով օգտակար մեզ համար (նույնիսկ չնայած այն խնդիրներին, որոնք նա երբեմն ստեղծում է մեզ համար)։ Եվ նախքան Էրդողանը անհետանա Թուրքիայի քաղաքական քարտեզից (այս կամ այն ձեւով), մենք անպայման պետք է ազատենք մեր ձեռքերը Ուկրաինայում: Որովհետեւ Էրդողանի հեռանալը Մերձավոր Արեւելքում եւ Կովկասում կհանգեցնի ձնահոսքի նման գործընթացի: Եվ լուսանկարներից դատելով՝ մենք արդեն պետք է պատրաստվենք այս մարտահրավերներին»:
Պոդոլյակը բավականին տեղեկացված փորձագետ է, եւ ասել, թե նրա նման եզրակացությունները գալիս են միայն Բաքվից ստացված մի քանի լուսանկարներից, սխալ կլիներ: Թեեւ, իրականում, այդ լուսանկարներում Էրդողանը, որքան էլ փորձում է ամուր տեսք ընդունել, սակայն դժվար չէ ընդհանուր թուլությունը նկատել: Ամեն դեպքում, կրկնենք, ասպարեզից Էրդողանի դուրս գալու մասին խոսակցությունները նոր չեն, քանիցս անգամ լուրեր եղան նրա գրեթե մահամերձ վիճակի մասին: Ինչպես ասում են՝ «ծուխն առանց կրակի չի լինում», եւ Էրդողանի՝ ասպարեզից դուրս գալու հարցը, թերեւս, իրականում էլ միանգամայն ռեալ է: Իսկ դա, իհարկե, կարող է արմատական փոփոխություններ առաջացնել Մերձավոր Արեւելքում եւ Կովկասում: Եվ, դատելով ռուսական աղբյուրների ռեակցիայից, արդեն իսկ Մոսկվան փորձում է կանխատեսել եւ պատրաստվել Թուրքիայում հնարավոր իշխանափոխության սցենարին:
ԹՈՒՐՔ-ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ՆՈՐ ՇԻԿԱՑՈՒՄՆԵՐԸ
Բայց այս պահին Էրդողանն իր տեղում է, եւ գործընթացները, որոնք նա ծավալում է այս պահին, իհարկե, նաեւ ապագա՝ հետէրդողանյան ժամանակների համար են հիմքեր դառնալու: Այդ գործընթացներից, թերեւս, շարունակում է առաջնային պլանում մնալ Մերձավոր Արեւելքի թեման եւ այդ համատեքստում, թերեւս բոլորից էլ առաջ, թուրք-իսրայելան հարաբերությունները, որոնք, ինչպես քանիցս ենթադրել ենք, շարունակում են աչքի առաջ շիկանալ: Ասվածի հիմնավորումներից մեկն էլ Անկարայի վերջին որոշումն էր՝ ձերբակալման օրդեր է տվել Նեթանյահուի եւ ընդհանուր հաշվով 37 իսրայելցի պաշտոնյաների համար։ Նրանց Թուրքիան, այն է՝ Էրդողանը մեղադրում է «Գազայի հատվածում համակարգված ցեղասպանության եւ մարդկության դեմ հանցագործությունների մեջ»: Սա արդեն չի կարող խաղ լինել, ինչպես որ մինչ այս Իսրայելի հետ հարաբերությունների մասով Անկարային մեղադրում էին իսլամական աշխարհում եւ, առաջին հերթին՝ Իրանում:
Ի պատասխան, Իսրայելի կառավարության ներկայացուցիչ Շոշ Բեդրոսյանը հայտարարել է, որ թուրք զինվորներ չեն տեղակայվի Գազայում՝ բազմազգ ուժերի կազմում, որոնք պետք է փոխարինեն Իսրայելի պաշտպանության բանակին, հայտնում է Times of Israel-ը: «Թուրքի ոտք չի լինի մեր հողում»,-ասել է Բեդրոսյանը: Եվ սա այն դեպքում, որ մինչ այս Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բերեքը հայտարարել էր, որ Թուրքիան կմասնակցի այդ գործընթացին: Իսկ ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էր հայտարարել էր, որ Անկարան «կառուցողական դեր» կխաղա, բայց նաեւ, որ Վաշինգտոնը ոչինչ չի պարտադրի Իսրայելին, երբ խոսքը վերաբերում է նրա տարածքում օտարերկրյա զորքերին:
Ու սրանք ամենեւին էլ անմեղ երկկողմ «կծոցներ» չեն: Մասնավորապես, Նեթանյահուին ձերբակալելու օրդեր տալն Անկարայի կողմից այն ծայրահեղ քայլն է, որը կարելի է նաեւ գնահատել` որպես ցուցադրական թշնամության ակտ: Ամեն դեպքում, ինչպես քանիցս ենթադրել ենք, Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունները հետեւողականորեն շարժվում են դեպի պատերազմ: Իսկ հիմա, երբ ձերբակալման օրդեր է տալիս Թրամփի սիրեցյալ Իսրայելի լիդերի համար, ապա դա պետք է էապես վատթարացնի նաեւ թուրք-ամերիկյան հարաբերությունները:
Թե ինչու են թուրք-իսրայելյան հարաբերություններն այս շիկացմանը հասել, դա եւս հասկանալի է: Նեթանյահուն պարզապես ստիպված է շարունակել առաջ տանել «Մեծ Իսրայելի» գաղափարը, հակառակ դեպքում կհետեւի նրա պաշտոնանկությունն ու կալանքը: Իրանի ուղղությամբ այդ սխեման առաջ տանելն այդպես էլ չի ստացվում: Պատերազմն արդյունք չտվեց, որից հետո Իրանը հետեւողականորեն ամրացնում է իր ռազմական դիրքերը. շարունակում են նորանոր հաղորդումներ գալ Ռուսաստանից եւ Չինաստանից Իրանին ամենաժամանակակից տեխնիկա տրամադրելու մասին՝ ավիացիա, ՀՕՊ համակարգեր, գերժամանակակից ռադարներ եւ այլն: Իրանական աղբյուրները ֆիքսում են, որ երկիրը շարունակում է հիմնական դերակատար դառնալ ինչպես չինական «Մետաքսի ուղու», այնպես էլ՝ ռուս-հնդկական <<Հյուսիս-Հարավի>> համար՝ դրանով պարզ ակնարկելով, որ Իրանի շահերը սերտորեն կապված են Ռուսաստան-Չինաստան-Հնդկաստան եռյակի հետ, եւ այսպես շարունակ: Ճիշտ է, Իսրայելի հետ նոր պատերազմի մասին խոսակցությունները դեռ շարունակվում են, սակայն այս ամենը գալիս է եւս մեկ անգամ հուշելու, որ այդ թեման արդեն ոչ թե իսրայելա-իրանական, այլ՝ Ռուսաստան-Չինաստան-Հնդկաստան եռյակի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների դաշտում է, եւ նոր պատերազմը կդիտարկվի Վաշինգտոնի հարվածը եռյակին: Վերջապես, ներկա իրավիճակում շատ ավելի մեծ հարց է, թե Իրանի դեմ նոր պատերազմ սկսելն անվտանգային իմաստով ի՞նչ կնստի Իսրայելի վրա: Կարճ ասած, «Մեծ Իսրայելի» «պլան Ա»-ն դառնում է լիովին անհեռանկարային, եւ Նեթանյահուին մնում է ակտիվացնել սիրիական, ավելի ճիշտ՝ «Քուրդիստանի» «պլան Բ»-ն, հենց որն էլ տանում է Թուրքիայի հետ բախման դաշտ:
Հիմա էլ Սիրիայի նախագահի պաշտոնը գրաված ահաբեկիչ Ջուլանիին են կանչել Վաշինգտոն, Թրամփն անձամբ հանդիպեց նրա հետ (պաշտոնապես ահաբեկիչ ճանաչվածի, որի համար նույն ԱՄՆ-ն էր գլխագին նշանակել): Թեեւ պաշտոնապես հայտարարվում է, թե նպատակը նրա ղեկավարած Սիրիան ամերիկյան հակաահաբեկչական կոալիցիայի մաս դարձնելն է, սակայն անգամ ամերիկյան փորձագետներն են պնդում, որ հիմնական շեշտը կդրվի Ջուլանիին պարտադրել, որ սիրիական նոր Սահմանադրություն երկիրը հռչակի կոնֆեդերացիայի պես մի բան՝ մի շարք ազգությունների ամենալայն ինքնավարություն, այդ թվում՝ սեփական արտաքին եւ ռազմական քաղաքականություն կառուցելու ծրագրերով: Իսկ դա ուղիղ ճանապարհ է իսրայելյան «Դավթի միջանցք» կոչված նախագծի համար, որը Սիրիայի հարավային՝ դրուզների գոտով կարող է Իսրայելը կապել Եփրատ գետի արեւելյան հատվածի քրդական գոտու հետ: Նախագիծ, որը քանդում է այն ամենը, ինչն Էրդողանը կառուցել է ողջ ղեկավարման տարիներին:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Այսպիսով, քանի դեռ Էրդողանն իշխանության ղեկին է, նրա հիմնական եւ միգուցե վերջին գործառույթը մնում է հենց սիրիական ուղղությունը: Իսկ դա, իհարկե, ոչ թե պարզապես անիմաստ է դարձնում Ռուսաստանի հետ երկրորդ ճակատ բացելը, այլ ընդհակառակը՝ ռուսական ուղղությունն էլ ավելի է սկսում Անկարայի համար կարգավորվել: Մոսկվան էլ, նման է, որ բավականին սառն է նայում Անկարայի հետ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու ջանքերին: Թերեւս մասամբ՝ հարավկովկասյան ուղղությամբ Էրդողանի նկրտումների, մասամբ էլ, չբացառենք, Մերձավոր Արեւելքի հետ կապված Թրամփի հետ հնարավոր պայմանավորվածությունների պատճառով:
Այլ հարց, որ Էրդողանի՝ խաղից դուրս գալու դեպքում աստիճանաբար ստատուս-քվոյի նմանվող այս իրավիճակը կարող է փոխվել: Առավել եւս, եթե Էրդողանին փոխարինի արեւմտյան ինչ-որ մարիոնետ, որը կարող է եւ հրաժարվել Մերձավոր Արեւելքի հիմնական ուղղությունից՝ հիմնական շեշտը դնել Ռուսաստանի հետ հակասությունների վրա: Հեռանկարային իմաստով, դա, թերեւս, կարող է տանել Թուրքիայի մասնատման՝ Քուրդիստան ստեղծելու միջոցով: Բայց մինչ այդ, առաջնային՝ հենց Հայաստանն է, որ դառնալու է հիմնական թիրախներից մեկը: Եթե միայն, ինչպես ռուս փորձագետն է ակնարկում, չազատի իր «ձեռքերն Ուկրաինայում»՝ հարավկովկասյան եւ իրանական ուղղության վրա հիմնական ուշադրությունը կենտրոնացնելով:

