Թաթոյանի ցուլն իրականում հրեղեն կթու կո՞վ է
ՎերլուծությունՄարդու իրավունքների նախկին պաշտպան, արդարադատության նախկին նախարար Արման Թաթոյանը, որը տարիներ շարունակ փորձում էր պահել անկախ, հավասարակշռված եւ ոչ քաղաքական գործչի իմիջ, հիմա, հանկարծ, որոշել է մտնել հենց այն ոլորտ, որի հանդեպ տարիներ շարունակ ցուցաբերում էր զգուշավորություն։ Նա հավակնում է դառնալ հաջորդ վարչապետը: Սակայն ի՞նչ է թաքնված այս «նոր Թաթոյանի» հռետորաբանության եւ նրա «Միասնության թեւեր» նախաձեռնության ետեւում։
Քաղաքական մեկնարկը տրվեց Կապանից։ Թաթոյանի «Միասնության թեւերը» իրենց առաջին տարածքային գրասենյակը բացեցին հենց Սյունիքում՝ խորհրդանշական եւ միաժամանակ վտանգավոր ընտրությամբ։ Երբ նախկին ՄԻՊ-ը Սյունիք է մեկնում՝ձեռքին ոչ թե իրավապաշտպան զեկույց, այլ քաղաքական ծրագիր, դա արդեն այլ պատմություն է։
Ինչեւէ, նշենք, որ բացմանը ներկա էին նաեւ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը եւ «Շանթ դաշինքի» նախագահ Շահեն Հարությունյանը։ Թաթոյանի շուրջ ձեւավորվող կազմը, մեղմ ասած, աջաբսանդալ է, որի քաղաքական համադրելիությունը մնում է հարցականի տակ։
Բայց ամենահետաքրքիր հարցը, որին դեռ ոչ ոք հրապարակային չի պատասխանել, այն է, թե ովքեր են ֆինանսավորում այս հանկարծակի թեւածող «Միասնության թեւերին»: Թաթոյանի քաղաքական նախաձեռնության լոգոյի ցուլը արդյո՞ք կթու կով է դարձել՝ արեւմտյան դեսպանատների, ռուսական կապերի, թե՞ ինչ-ինչ ստվերային համախոհների աջակցության հաշվին։ Չէ՞ որ նրա եղբորորդի Արայիկ Թաթոյանը, ըստ մամուլի հրապարակումների, ղեկավարում է Մոսկվայում գրանցված «ТГГ Групп» ՍՊԸ-ն եւ «Լյուբինսկի թռչնաֆաբրիկա»-ն։ Մի՞թե այնտեղից են գալիս այն միջոցները, որոնց հաշվին բացվում են գրասենյակներ ու կազմակերպվում հանդիպումներ։
Իսկ եթե ռուսական չէ, ապա գուցե չեխակա՞ն է հոսող ֆինանսները՝ հաշվի առնելով Թաթոյանի վերջին հանդիպումը Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկի հետ։ Թաթոյանը, իհարկե, հայտարարեց, թե հանդիպումը «համագործակցության ընդլայնման» նպատակ ուներ, բայց դժվար է չնկատել համընկնումը՝ Չեխիայում «լավ դզված» Հայկ Մարությանի՝ Երեւանի նախկին քաղաքապետի հետ, համագործակցության մասին պարբերաբար մամուլում հայտնվող լուրերն ու այս հանդիպումը: Արդյոք պատահակա՞ն է, որ Թաթոյանը հենց Մարությանի հետ է քաղաքական ընդհանրություններ տեսնում: Իհարկե, կա երրորդ տարբերակ՝ Թաթոյանը միավորվեց թունդ հակառուսական «Շանթ դաշինքի» հետ, որպեսզի արեւմտյան դեսպանատներից ու հիմնադրամներից էլ, ինչպես ասում են՝ ինչ տան, տան…
ՈՐՆ Է ԹԱԹՈՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱԳԱՅԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ
Ներքաղաքական դաշտում շատերը նկատում են՝ Թաթոյանի վերջին հայտարարությունները նման են ոչ թե այլընտրանքային քաղաքական ծրագրի, այլ Նիկոլ Փաշինյանի 2018-2019 թվականների հռետորաբանության թարմացված տարբերակի։ Նրա գրառումները՝ «կախված չլինել մեկից», «համագործակցել բոլորի հետ», «սովորել լավագույններից», բովանդակային առումով կրկնում են գործող իշխանության բազմիցս հնչեցրած գաղափարները։ Միակ տարբերությունն այն է, որ Թաթոյանը դրանք փորձում է փաթեթավորել «ազգային շահերի» մասին շեշտադրումներով: Հիշում եք չէ, որ մի ժամանակ էլ Փաշինյան Նիկոլն էր հայրենասիրական այնպիսի ելույթներ ունենում, որ նիկոլականները հուզմունքից քիչ էր մնում շորերը պատառոտեին:
Բայց վերադառնանք նրա քաղաքական հայտարարություններին: Եթե գաղափարական հիմքում տարբերություն չկա նրա եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ, ի՞նչն է մղում Թաթոյանին դեպի քաղաքականություն։ Տպավորություն է ստեղծվում, որ նախկին պաշտոնյան պարզապես փորձում է օգտագործել իշխանության նկատմամբ դժգոհության ալիքը՝ սեփական կերպարը քաղաքական կապիտալի վերածելու համար։
Սակայն իրականությունը ցույց է տալիս, որ այս նոր նախաձեռնությունն արդեն իսկ թեւաթափ վիճակում է։ Թաթոյանի կողքին նկատելի է միայն Դավիթ Անանյանը՝ նախկին ՊԵԿ նախագահը, որն իր պաշտոնը թողեց ոչ թե սկզբունքային մերժման, այլ վարչական դժգոհությունների արդյունքում։ Թաթոյանի մյուս «թեւը»՝ Շանթ Հարությունյանը, հայտնի է իր ծայրահեղ հակառուսական հռետորաբանությամբ։ Իսկ եթե մյուս կողմից նա փորձում է կապեր հաստատել ռուսական բիզնես շրջանակների հետ՝ իր ազգակցական կապերի միջոցով, ապա ստացվում է լիովին հակասական պատկեր։
ՈՒՄ ԱՉՔՆ ԷՐ ՋՈՒՐ ԿՏՐԱԾ ՍՊԱՍՈՒՄ ԹԱԹՈՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՈՒՏՔԻՆ
Քաղաքական խաղաթղթերի այս խառնաշփոթում Թաթոյանը ներկայանում է որպես «հասարակական պահանջի պատասխան», բայց իրականում այդ պահանջը ոչ ոք չի ձեւակերպել։ Իսկ Թաթոյանի՝ վարչապետի պաշտոնի նկատմամբ հավակնությունը հիշեցնում է այն «քաստինգը», որը նա փորձեց անցնել 2022-ի սեպտեմբերին, երբ ժողովուրդը դուրս էր եկել փողոց՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հերթական հայտարարությունների։ Թաթոյանը, հիշեցնենք, այդ ժամանակ հայտնվեց հարթակում, բայց խոսքը չկարողացավ ավարտին հասցնել. ամբոխը պարզապես չցանկացավ լսել։ Այդ օրն էլ պարզ դարձավ՝ քաղաքական դաշտում հանրային վստահություն վաստակելը իրավապաշտպան պաթոսով չի ստացվում։
Հիմա նա նորից փորձում է վերադառնալ՝ «Միասնության թեւերի» ձեւաչափով, բայց առանց հստակ թիմի, առանց գաղափարախոսական նոր խոսքի եւ առանց ֆինանսական թափանցիկության։ Թաթոյանը գրեթե կարգախոս է ընտրել ու հայտարարում է. «Չլինել որեւէ մեկի արբանյակը», սակայն նրա նախաձեռնությունը հիշեցնում է հենց արբանյակային շարժում։ Նա նույն լեզվով է խոսում, նույն ուղղությամբ է նայում, ինչ իշխանությունը, այսինքն՝ դեպի Արեւմուտք: Այստեղից էլ գալիս է հասարակական թերահավատությունը. որքան էլ Թաթոյանը փորձի իրեն ներկայացնել որպես նոր ուժ, հանրությունը նրան ընկալում է ոչ թե որպես այլընտրանք, այլ՝ որպես հերթական «միջանկյալ նախագիծ», որը ստեղծվել է՝ գալիք ընտրություններին մասնակի ազդեցություն ապահովելու եւ ձայներ փոշիացնելու համար:
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷ
Իսկ մինչ Թաթոյանը հնչեցնում է բարձրագոչ խոսքեր Հայաստանի ինքնուրույնության մասին, շատերը հիշում են, թե ինչպես էր նա՝ ՄԻՊ եղած տարիներին, նույնքան խուսափում իշխանություններին դուր չգալուց։ Այն ժամանակ էլ նա ընտրում էր «անվնաս բառապաշարը»։
Այսօր տարբերությունն այն է, որ իրավապաշտպան Թաթոյանը փորձում է քաղաքական դաշտ մտնել այն լեզվով, որով դեռ խոսում էր «իրավական Հայաստանի» մասին։ Բայց քաղաքականությունը իրավաբանության պես չէ, այստեղ խոսքը պետք է ոչ թե գրանցել, այլ` պաշտպանել։
Եվ, վերջիվերջո, ինչպես ցույց է տալիս փորձը, հայկական քաղաքականության մեջ ամեն «հրեղեն» գաղափարի ետեւում միշտ կանգնած է կա՛մ հաշվարկ, կա՛մ ֆինանսական հովանոց։ Իսկ թե արդյո՞ք նա կկարողանա իր իրավապաշտպան անցյալը վերածել քաղաքական ապագայի, ցույց կտան առաջիկա ամիսները։

