3-ամյա Տիգրանի սպանության գործով կասկածվողը կալանավորվել է
Քրեական3-ամյա երեխայի առերևույթ սպանությունը կատարած անձը կալանավորվել է։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դատարանը որոշել է երեխայի հորը կալանավորվել երկու ամսով։
Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում հոկտեմբերի 27-ից որոնվում էր անհետ կորած համարվող 3-ամյա Տիգրանը։ Նրա մարմինը հայտնաբերվել էր նոյեմբերի 2-ին Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում։
Այսօր Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել էր, որ նախնական տվյալներով տեղի է ունեցել սպանություն՝ երեխայի հոր կողմից, նա խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին։
«Նախնական տվյալներով երկու եղբայրները դուրս են եկել տանից, հետո հորն են հանդիպել, և հայրը խեղդելու ճանապարհով սպանել է երեխային»,– ասել էր նախարարը։
Նրա խոսքով, երեխայի հայրը նշել է, որ դեպքը տեղի է ունեցել «ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում»։
Սարգսյանը նաև մանրամասնել էր, որ որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում, երբ իրականացվել է տարածքի «սանրում», ըստ նախնական ցուցմունքի՝ երեխայի հայրը նրա մարմնի տեղափոխություն է իրականացրել տարածքներով։
Դեպքի պահին Տիգրանի հետ է եղել նաև նրա եղբայրը, որն ունի առողջական խնդիրներ։ Փոքրիկից տեղեկատվություն ստանալու համար ներգրավվել էր համապատասխան մասնագետ։

