«ԿԱՐԾԵՍ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀՌՉԱԿՎԵԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ. ԱՇԽԱՐՀԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԱԼԽԱՍ ԱՄՈՅԱՆ
ՍպորտIravunk. com-ի մարզական լրագրողը հանդիպել ու զրուցել է վերջերս Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում փառահեղ հաղթանակ տոնած, անվանի ըմբիշ, Փարիզի ՕԽ բրոնզե մեդալակիր, Աշխարհի արդեն կրկնակի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն ՄԱԼԽԱՍ ԱՄՈՅԱՆԻ հետ։ Հանդիպումը կայացել է սպորտի դարբնոց համարվող Գյումրի քաղաքի «Օլիմպիկ» մարզական համալիրում։
-Ողջույն, Մալխաս։Շնորհավորում ենք փայլուն հաղթանակի առթիվ։ Հետաքրքիր է, թե ինչպիսի զգացողություններ առաջացան հաղթանակից հետո, քանի որ առաջին անգամ հանդես եկար 77 կգ քաշային կարգում, իսկ եզրափակչում 9։1 հաշվով հաղթեցիր Փարիզի ՕԽ չեմպիոն ճապոնացի Նաո Կուսակային։
- Շատ շնորհակալ եմ շնորհավորանքի համար։Անկեղծ ասած, զգացողություններս տարբեր են ու մեծ։ Ես անչափ ուրախ եմ այս հաղթանակի համար, ավելի շատ ուրախ եմ, թե ինչպես են բոլորը իմ հաղթանակի համար ուրախացել։ Կարծես առաջին անգամ հռչակվեի Աշխարհի չեմպիոն կամ հաղթեի մրցաշարում։ Այդպիսի տպավորություններ ունեի։ Ինձ համար շատ կարևոր նվաճում էր, քանի որ այս քաշային կարգում միշտ բրոնզե մեդալակիր էի դառնում, չէր ստացվում, ինչ - որ բան խանգարում էր հասնել նպատակիս։ Սակայն, այս անգամ, փառք Աստծո, ստացվեց ամեն ինչ, ինձ հաջողվեց հոգեբանորեն տրամադրվել, լավ մարզավիճակ ձեռք բերել, լիարժեք պատրաստ մոտենալ մրցաշարին։ Ինձ այդ հարցում օգնեցին մեր հավաքականի մարզիչները, թիմակիցներս, ընկերներս։ Իմ կողքին կանգնած մարդկանց շնորհիվ կարողացա այս ամենին հասնել։
- Մալխաս, շատ հետաքրքիր է, որ այս տարի նվաճեցիր նաև Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Փարիզի ՕԽ - ից հետո ինչ է փոխվել քեզ մոտ։
- ՕԽ-ից հետո այս տարի նպատակ էի դրել հաղթել թե Եվրոպայի, թե Աշխարհի առաջնություններում։ Նախկինում ԱԱ-ում այլ քաշային կարգում հաղթեցի, հաջորդ տարի նոր Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեցի։ Չէր ստացվել այնպես, որ մեկ տարվա ընթացքում 2 խոշոր մրցաշարում կարողանամ հաղթել։ Ինձ համար այս տարին հենց դրանով կառանձնանա։
- Մալխաս, Արթուր Ալեքսանյանի ցավալի պարտությունը ինչպես ազդեց քո վրա։
- Այդ պարտությունը բոլորիս վրա վատ ազդեցություն թողեց, ոչ միայն իմ, այլև ամբողջ հավաքականի։ Արթուրը մեր թիմի ավագն է, հայկական սպորտի պատմության լեգենդար ըմբիշ։ Երբ նա պարտվում է, կարծես թիմի ողնաշարը կոտրվի, քանի որ բոլորս նրանից ենք վերցնում օրինակ, մոտիվացվում։ Եզրափակչից առաջ հուսահատված էի, չէի սպասում, որ Արթուրը կարող է հանկարծ պարտվել։ Ոչ մեկս չէր հավատում, որ կպարտվի այդ մրցակցին։ Եզրափակչից առաջ ավելի կրկնապատկվեց հաղթելու ցանկությունը, որպեսզի թիմի ոգին բարձրացնեմ, կարծում եմ, ստացվեց որոշ չափով։ Անբացատրելի զգացողություններ առաջացան հաղթանակից հետո։
- Շնորհակալություն, Մալխաս, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Զգացված եմ ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

