ՄՈՍԿՎԱՆ ՆՈՐԻՑ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ, ՈՐ ՄՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԽԱՂԻ ՄԵՋ
ՎերլուծությունՀայաստանի շուրջ 2018թ.-ից զարգացող իրավիճակի ֆոնի (Տես նաեւ https://iravunk.com/?p=327546&l=amն, Մոսկվան օրերս հերթական անգամ ցույց տվեց, որ իրեն համարում է խաղի մեջ: Նախ, Փաշինյանը բավականին նյարդային ռեակցիա ցուցաբերեց Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին՝ Գարեգին Բ-ի եղբորը, մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ ՌԴ Ազգային միասնության օրվա առիթիվ Նեւսկու շքանշանով պարգեւատրելու հետ կապված: Մի կողմից, նիկոլյան լրատվական աղբյուրներն իսկական հիստերիա սարքեցին: Մյուս կողմից, նա անձամբ հարկ համարեց դրան անդրադառնալ, թե՝ ցանկացած երկիր ազատ է պարգեւատրել ում ցանկանում է. «Այդ թվում նաեւ` հայաստանցի եպիսկոպոսին: Համենայնդեպս, մեր օրենքը չի արգելում, էլ չեմ ասում, որ կարող է պարզվել, որ պարգեւատրված անձը նաեւ Ռուսաստանի քաղաքացիություն ունի»:
Ցնցող է՝ երկրի վարչապետի աթոռին նստած անձը խոսում է «կարող է պարզվել» մակարդակով. բա պարզեք, ինչո՞վ եք զբաղված: Բայց այս նյարդային ռեակցիան կարելի է «հասկանալ». նման պարգեւատվությամբ Կրեմլը հերթական անգամ ցույց տվեց իր գնահատականը Հայ եկեղեցու հանդեպ նիկոլյան ներկայիս կուրսի հանդեպ, որը, իհարկե, Փաշինյանին չի կարող խորապես չմտահոգել:
Առավել եւս` Հայաստան ցորեն բերելու «տարօրինակ» պատմության ֆոնին, որի հետ կապված եւս Նիկոլը ցնցող հայտարարություն հնչեցրեց: Թե՝ «Քանի որ իրավիճակն անսպասելի եւ դինամիկ զարգացումներ է ունենում, ամեն օր բան է փոխվում: Ի սկզբանե նախատեսված էր, որ Ղազախստանից պետք է գա առաջին գնացքը: Բայց դրանից հետո պարզվեց, որ Ադրբեջանը նման հնարավորություն տալիս է նաեւ Ռուսաստանից եկող գնացքներին… Մինչդեռ Ղազախստանով նախատեսված շարժակազմը դեռ տեղ չի հասել…»: Բնականաբար, Փաշինյանին մնում է միայն գոհունակություն հայտնել այս իրավիճակից, նաեւ հերթական անգամ պատրաստակամություն հայտնել՝ «Մարգարա-Կոռնիձոր եւ հակառակ երթուղով ապահովելու թուրքական եւ ադրբեջանական բեռնատարների անցումը»:
Բայց դրանով հանդերձ էլ իրավիճակի «զավեշտը» չի վերանում: Այսինքն` պարզվում է, որ այն պահին, երբ Նիկոլը խոսում էր ղազախական ցորենի մասին, պատկերացում անգամ չունե՞ր, որ Ռուսաստանից եւս բեռներ են գալու, եւ դա իր համար « անսպասելի» զարգացում էր: Բայց ինչո՞ւ, երբ Ալիեւի հայտարարությունը միանգամայն պարզ էր՝ «չեղարկել է Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցման արգելքը»: Ոչ թե միայն ղազախական ցորենի համար, այլ առհասարակ՝ «չեղարկել է տարանցման արգելքը»:
Չնայած, Նիկոլի համար միգուցե «անսպասելին» ա՞յն էր, որ ռուսական ցորենն այդքան առա՞ջ ընկավ ղազախականից, քանի որ դա կարող է Ալիեւի այդ որոշմանը միանգամայն այլ երանգ տալ: Այսինքն, սկզբնական սպասելիքն իրոք ղազախական ցորենն էր, որը, ի սկզբանե հարց էր, թե ո՞ր ճանապարհով է Հայաստան հասնելու՝ Ռուսաստանո՞վ, թե՞ Կասպից ծովով Ադրբեջան, այնտեղից էլ՝ Վրաստան-Հայաստան: Եթե երկրորդ տարբերակով է, եւ այսքան ուշանալն այդ մասին է ակնարկում, ապա այս ծրագիրը կնշանակեր «Թյուրքական միջանցքի» փորձարկում: Սրա՞ն էր սպասում Նիկոլը, բայց անսպասելիորեն ռուսական ցորե՞նը եկավ:
Բայց ռուսականի դեպքում էլ հարցեր կան: Այն է՝ Ալիեւը ճանապարհը բացելու մասին հայտարարեց հոկտեմբերի 21-ին: Նոյեմբերի 3-ին ցորենը մտավ Ադրբեջան՝ մի քանի օր էլ շարժվելով ռուսական ճանապարհներով: Այսինքն, Ալիեւի հայտարարությունից մոտ մեկ շաբաթ անց գնացքն արդեն ճանապարհ է ընկել, եւ այդ մեկ շաբաթում պետք է լուծվեին բոլոր հարցերը՝ ցորենի ձեռքբերումից (մասնավոր գործարքի մասին է խոսքը), պայմանագրերից, վճարումներից սկսած, մինչեւ նոր լոգիստիկ ուղղության մշակում, պետական համաձայնեցումներ (ի վերջո, 1990-ականներից ի վեր նախադեպ չունեցող ուղղություն պետք է շահագործվեր) եւ այդպես շարունակ: Իսկ ղազախական ցորենը, ինչպես երեկ հայտարարվեց, տեղ է հասել. երկաթուղով, անցնելով մոտավորապես այնքան ճանապարհ, որքան ռուսականը: Դրա ձեռքբերման գործընթացը պաշտոնապես շատ ավելի շուտ էր սկսվել, բայց էլի ուշ տեղ հասավ: Այսինքն, ռուսականի դեպքում կա´մ իրոք հրաշք է տեղի ունեցել, կա´մ պարզապես ստիպված ենք ենթադրել, որ նախապատրաստական աշխատանքները սկսվել էին Ալիեւի հայտարարությունից ավելի վաղ: Այն է՝ Ռուսաստանում Ալիեւի հայտարարելուց ավելի շուտ էին տեղյակ, որ ճանապարհը գործելու է, իսկ ահա Փաշինյանի համար, ով տրամաբանորեն պետք է ամենաշատը շահագրգռված լիներ, այդ փաստը դարձավ «անսպասելի դինամիկ զարգացում»: Չնայած, եթե ռուսները մինչ Ալիեւի հայտարարությունն էին պատրաստվում դրան, շատ ավելի հավանական է դառնում այն նախնական վարկածը, որ սկզբնական պայմանավորվածությունը ձեռք է բերվել Պուտինի եւ Ալիեւի միջեւ, եւ Փաշինյանն այս դեպքում ընդամենը վերածվում է իրադարձություններին կողքից հետեւողի եւ տեղի ունեցածը ողջունողի, թեեւ այլ տարբերակ էլ չուներ:
Ահա այս ֆոնին, ՌԴ ԱԳՆ-ն հերթական անգամ հայտարարեց. «Բաքուն եւ Երեւանը դեռ շատ անելիքներ ունեն՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացն անշրջելի դարձնելու համար, ներառյալ խաղաղության պայմանագրի ստորագրումը, Հարավային Կովկասի բոլոր երկրների եւ նրանց անմիջական հարեւանների շահերից ելնելով տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունների վերականգնումը… Ռուսական կողմը պատրաստ է շարունակել ադրբեջանցի եւ հայ գործընկերներին համապարփակ օգնություն ցուցաբերել բոլոր ոլորտներում, այդ թվում՝ 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակում»: Նաեւ, որ՝ «Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունները մնում են ուժի մեջ եւ չեն կորցրել իրենց արդիականությունը»: Եվ այն, որ հետեւեց Բաքվի հայտարարությունը, թե 3+3 ձեւաչափով հաջորդ հանդիպումը լինելու է Ադրբեջանում, դա եւս ակնարկ է որոշակի պայմանավորվածությունների առկայության մասին:
Այս ամենը մեկ բան է նշանակում. Մոսկվան բացահայտ ի ցույց է դնում, որ հարավկովկասյան հարթակից ոչ միայն հեռանալ չի պատրաստվում, այլ կտրուկ ակտիվություն է ցուցաբերում այս դաշտում: Ընդ որում, առանձնապես դեմ չգնալով ո´չ Վաշինգտոնի փաստաթղթերին եւ ո´չ էլ «Թրամփի ուղուն». եթե ամերիկացիները պատրաստ են իրենց հաշվին դա կառուցել, ի՞նչ կա դրա մեջ իմաստով:
Եվ որոշ նյուանսներ, որոնց դեռ կանդրադառնանք, գալիս են հուշելու, որ Մոսկվան դեռ շարունակելու է հարավկովկասյան հարթակում կտրուկ ակտիվացումը:

