Եթե կարեցա ճամփա բացեմ, վազե՛ք, ոչ մի բանի չնայեք, չբացվեց՝ դուք արդեն գիտեք». 44-օրյա պատերազմի Տարոնը՝ հրամանատարը
ՀանդիպումՍեպտեմբերյան մարտերում գերեվարված, ապա հայրենիք վերադարձած զինվորները շատ հիշողություններ ունեն, որոնք կձգվեն իրենց ողջ կյանքի ընթացքում, սակայն հիշողությունների մեջ կա մեկը, որ դաջվել է իրենց մտքում՝ իրենց հրամանատարի՝ Տարոն Սիմոնյանի անձնազոհությունը։
«Զանգեց ինչ-որ մեկին, ասեց՝ կնոջս ու էրեխեքիս լավ կնայես։ Էդ պահին հասկացանք, որ վերջն է: Երբեք չեմ մոռանա՝ ոնց զոհեց իր կյանքը հանուն մեզ, հանուն իր զինվորների»,- պատմում է կապիտան Տարոն Սիմոնյանի զինվորներից մեկը։
Տարոն Սիմոնյանը 44-օրյա պատերազմի ընթացքում կռվել է Քարվաճառում, իսկ սեպտեմբերին արդեն՝ Վերին Շորժայում, որտեղ և ընկել է սեպտեմբերի 13-ին։
Թեև կապիտանի զոհվելու փաստին, Սիմոնյանները դեռ շարունակում են նրա մասին ներկայով խոսել։ Տարոնի կնոջ՝ Տաթև Անտոնյանի դեմքին ամուսնու մասին պատմելիս մշտապես թախծոտ ժպիտ կա։ 36-ամյա կինն ասում է՝ երբեք չի ապրել սպայի կին լինելու վախով, որովհետև Տարոնի համար հայրենիքին ծառայելն ուրախություն էր, տոն, իսկ դիրքեր միայն երգ ու պարով էր բարձրանում։
Նախորդ օրը՝ սեպտեմբերի 13-ի լուսաբացին, Տարոն Սիմոնյանը սովորականի պես խոսել է կնոջ, ապա՝ եղբոր՝ Վասպուր Սիմոնյանի հետ։ Ասում են՝ անընդհատ կրկնում էր՝ ինձ էլ մի՛ զանգեք, խառն եմ, հետո կխոսենք։
«Ամսի 13-ին մինչև լուսաբաց ժամը 4-ը կապի մեջ ենք եղել, ավելի ուշ իրա մյուս համարով հետ զանգեց, ասեց՝ էս համարով կզանգեք, էն մյուսով էլ չզանգեք։ Առավոտվա 8-ին արդեն տնեցիների հետ խոսեց, ասեց՝ ամեն ինչ լավ ա։
Հետո երբ ես արդեն վերցրի, ասեց, որ շրջափակման մեջ ա, բայց էլի էնքան հանգիստ ու խաղաղ ձենով էր էդ ասում, ոնց որ բան չէր էղել»,- ասում է Վասպուր Սիմոնյանն ու հավելում՝ մոտ կես ժամ կապի մեջ մնալուց հետո Տարոնն անջատել է հեռախոսը, հետո՝ դարձել անհասանելի։
«Ցերեկը ժամը 4-ն անց կեսի-5-ի կողմերը էն մյուս համարին զանգեցինք, բայց արդեն թուրքեր վերցրին։ Մենք հարցեր էինք տալիս, որ հասկանայինք, թե Տարոնն ու տղերքը որտեղ են, բայց դրանք մենակ ռուսերենով կցկուր պատասխաններ էին տալիս: Դրանց ասածներից մենակ մի բան էինք հասկանում, ասում էին՝ իրանք արդեն սպանել են, բոլորին սպանել են»,- հիշում է զոհված կապիտանի եղբայրը։
«Էդ ընթացքում հեռախոսի միջից ձայներ էինք լսում։ Մեր տղաները 10 հոգի էին, որոնցից 8-ին թշնամին գերի էր վերցրել, իսկ երկուսը սպանվել էին։ Մենք ավելի ուշ իմացանք, որ Տարոնն էդ ժամանակ արդեն զոհված էր»։
Ընտանիքը Տարոն Սիմոնյանին սկսել է փնտրել կապի ընդհատման հենց հաջորդ օրվանից՝ սեպտեմբերի 14-ից, հարցուփորձ են արել Վարդենիսում, Մարտունիում։ Վասպուր Սիմոնյանի խոսքով՝ Տարոնի զոհվելու մանրամասները իմացել են արդեն նրան հուղարկավորելուց հետո։
«Իրանց շտաբի պետն ասում էր, որ էդ ընթացքում Տարոնի հետ էղել ա կապի մեջ, ասել ա՝ իջի պոստից, նահանջի, հետո կապվել են հետը, ասել են՝ ձեր տված կոորդինատներով դուք ընկել եք շրջափակման մեջ, դո՛ւրս էկեք ըտեղից, ասել ա՝ չէ, էս պոստից կհելնենք, կշարժվենք մյուսը, ու հետո բարեհաջող բոլորով հասել են մյուս դիրք»,- պատմում է Վասպուր Սիմոնյանը։
Հենց այդ ճանապարհին էլ Տարոնը ոտքերից վիրավորվել է, ասել շտաբի պետին։ Դարձյալ նահանջի հրաման ստանալով՝ Տարոնը կրկին հրաժարվել է հրամանը կատարելուց, ասել է՝ մենք կպայքարենք, ու սկսել է արագ-արագ փոխանցել թշնամու կոորդինատները, որի արդյունքում հայկական կողմի հրետանին սկսել է ակտիվ աշխատել։ Դրանից հետո Տարոնը փամփուշտներ է խնդրել՝ նշելով, որ իրենց մոտ եղածներն արդեն սպառվում են, իսկ ավելի ուշ՝ արդեն փոխանցել վերջին կոորդինատները։
«Վերջին կոորդինատը, որ փոխանցել ա, եղել ա բունկերը, ասել ա՝ բունկերում եմ, խփեք բունկերին։ Ասել են՝ Տարոն, համբերի, օգնություն ա գալիս, ասել ա՝ չէ՛, հասնում են մեզ։
Հետո տեսել ա՝ չեն խփում, կապվել ա, որ նույն հրամանը ուզի, էնտեղ էլ են ասել՝ սպասի։ Հետո ԳՇ-ին են արդեն փոխանցել՝ ինչ ա կատարվում, ասել են, որ վաշտի հրամանատարը գերի չընկնելու համար ուզում ա կրակը իրա վրա վերցնի, ԳՇ-ն էլ ա ասել՝ չէ՛, թող կապվի մեզ հետ, բայց դրանից հետո կապը կորել ա»։
Տեսնելով, որ հարվածն ուշանում է, իսկ թշնամին, որ արդեն հասկացել է՝ իրենց զինամթերքն այլևս սպառված է, մոտենում է՝ որոշում է քաշել նռնակն ու պայթեցնել ինքն իրեն՝ այդպես գոնե ճանապարհ բացելով իր զինվորների համար։
«Զինվորներին ասել ա՝ ոչ մեկդ չգաք, մնացեք ձեր տեղում, ես կգնամ առաջ, եթե կարեցա ճամփա բացեմ, վազեք անցեք, ոչ մի բանի չնայեք, չբացվեց՝ դուք արդեն գիտեք։ Ասել ա՝ երկու վիրավոր զինվորներին կնայեք, մենակ չթողեք: Հետո նռնակը ձեռքին դուրս ա էկել, նույնիսկ չկարենալով նորմալ վազել, որովհետև արդեն էրկու ոտից վիրավոր ա էղել, 7 մետրի չափ գնացել ա, ու թշնամին սկսել ա խփել։
Էդ պահին ինքն ընկել ա, իսկ զինվորները փախել են ներս, ու էնտեղ արդեն պայթյուն են լսել։ Մենակ մի զինվոր չի ենթարկվել իրա հրամանին ու հետևից վազել ա, էդ տղային էլ են խփել, իսկ մյուսներին գերի են տարել»,- ասում է Վասպուր Սիմոնյանն ու հավելում՝ դեպքի մանրամասներն իմացել են հոկտեմբերի 17-ից հետո, երբ գերությունից վերադարձել են Տարոնի զինվորները։
Ընտանիքը Տարոն Սիմոնյանի զոհվելու մասին տեղեկացել է այն ժամանակ, երբ սեպտեմբերի 26-ին Արտաշատի քննիչը զանգել է կնոջը։ Հարցրել է՝ ունե՞ք անհետ կորած զինվորական, դրական պատասխան ստանալով՝ ասել է՝ էստեղ մարմիններ կան, եկեք, ճանաչեք։
«Իմ բանկային քարտը Տարոնի մոտ էր, էդ քարտն էին գրպանից գտել ու զանգել ինձ։ Քննիչն ասեց՝ էստեղ մարմիններ կան, ձեր քարտն իր գրպանից ենք գտել, պիտի գաք, որ ճանաչեք։
Չնայած մենք իրեն ճանաչել էինք, բայց չէինք ուզում հավատայինք, որ ինքն էր, դրա համար ԴՆԹ թեստ հանձնեցինք, ու երբ որ դրա պատասխանն էլ արդեն դրական եկավ, նոր համոզվեցինք»,- ասում է Տաթևն ու հավելում՝ ամուսնուն հուղարկավորեցին սեպտեմբերի 30-ին Եռաբլուրում։
Հիշելով Տարոնի անցած ճանապարհը՝ տնեցիներն ասում են՝ ծնված օրից տոգորված է եղել հայրենիքի հանդեպ սիրով։ Փայլուն պատմություն է իմացել, մեծացել է Գարեգին Նժդեհի, Անդրանիկի և այլոց գաղափարախոսություններով։ Ծառայությունը սկսել է «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրից, ապա դարձել հայոց բանակի սպա։
https://iravunk.com/sim/?p=327394&l=am/

