Ստվերում մնացած, ներկայիս իշխանության առաջին քաղբանտարկյալը. Շմայսի Ռոբը
ՔրեականՄեր օրերում «քաղբանտարկյալ» արտահայտությունը դարձել է ականջի համար ծայրահեղ սովորական, մինչդեռ իրականում քաղբանտարկյալ են համարվում այն մարդիկ, ովքեր գտնվում են անազատության մեջ՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն, դե ֆակտո իրենց քաղաքական համոզմունքների պատճառով:
Թերեւս 2018 թվականից հետո՝ առաջին քաղբանտարկյալներից եղել է ՌՈԲԵՐՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ, առավել հայտի՝ Շմայսի Ռոբը, ում մասին քչերն են խոսում կամ նախընտրում են լուռ անցնել թեմայի կողքով:
Գանք ակունքներից. 2018 թվականին Ռոբերտ Մովսիսյանը, լինելով հայրենասեր եւ հայրենատեր, անվախ արտահայտել է իր կարծիքը դեռ այն ժամանակ քայլելով եկող եւ իշխանափոխություն անողների նկատմամբ՝ աղաղակելով Արցախին սպառնացող վտանգի, մոտալուտ պատերազմի եւ սպասելիք արհավիրքների մասին: Բնականաբար, դա դուր չի եկել ներկայիս իշխանության ղեկին նստածին, ինչից էլ սկսվել է նրա հանդեպ հետապնդումը:
Ինչպես արդեն բազմիցս համոզվել ենք, այն անձիք, ովքեր դեմ են խոսել Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության մասին, ինչ-որ պահի գործ է կարվել նրանց նկատմամբ, ապա կալանավորվել եւ ձերբակալվել են: Իսկ Ռոբն ո՞ւմից էր պակաս, որ չլիներ այդ մարդկանց կազմում, ընդ որում՝ առաջիններից: Եվ ուրեմն, ընդամենը մեկ անձի կեղծ եւ շինծու ցուցմունքի արդյունքում Մովսիսյանին դատապարտում են ո՛չ ավել, ո՛չ պակաս 12 տարի ազատազրկման:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Մովսիսյանը դատապարտվել է այն բանի համար, որ նա, իբրեւ թե, ինչ-որ հոլանդացու հետ, նախնական համաձայնության գալով, իրացնելու նպատակով թմրամիջոց է ձեռք բերել եւ դրդել հոլանդացուն մաքսանենգ ճանապարհով՝ առանց մաքսային հսկողության, ՀՀ պետական սահմանով տեղափոխել այդ խմբաքանակը: Ուշադրություն դարձնենք «դրդել» բառի վրա: Ինչպե՞ս է դրդել, ո՞ւմ է դրդել, երբ մեկը ապրելուց է եղել Հոլանդիայում, մյուսը՝ Հայաստանում, եւ վերջինս Հայաստանի սահմանը չի հատել: Այնուհանդերձ, փաստենք, որ Ռոբերտ Մովսիսյանին դատապարտել են 12 տարի ազատազրկման՝ դատավորի ներքին համոզմամբ եւ մեկ անձի վկայությամբ, այլ ոչ ապացույցների առկայության հիմքով: Հարց է առաջանում այդ ո՞ւմ էր «սպանել» Ռոբը, որ ազատազրկված է այնքան ժամանակով, որչափ նստում են նաեւ մարդասպանները: Նույնիսկ եթե հայտնաբերվել է 1 գրամ կոկային՝ օգտագործման նպատակով, եւ եթե կեղծ կերպով վերջինս ընդուներ իր չգործած մեղքը, ապա պետք է դատապարտվեր 3-4 տարի՝ պայմանական, ինչպես շատ-շատերի պարագայում է լինում: Ակամայից հիշեցինք Հայաստան ապօրինի ճանապարհով ներկրված 1 տոննա կոկայինի մասին, որն այդպես էլ առ այսօր մնում է չբացահայտված՝ ինչ եղա՞վ, արդյոք կան ձերբակալվածներ տվյալ գործի շրջանակներում…
Ինչեւէ, վերադառնանք Ռոբերտ Մովսիսյանին. 2019 թվականին Հանրային հեռուստաընկերությամբ եւ ոչ միայն Հանրայինով, այլ նաեւ բոլոր իշխանական լրատվամիջոցներով, հաշվի չառնելով անմեղության կանխավարկածը, Մովսիսյանին հայտարարում են` նարկոբարոն: Համաձայնեք, որ զավեշտ է: Ընդ որում՝ այստեղ քաղաքական միտումները եռակողմ են աշխատել` Ռոբերտ Մովսիսյանին, նրա հորը՝ գնդապետ, «Մարտական խաչ» 1-ին աստճանի շքանշանակիր Միհրան Մովսիսյանին, ինչպես նաեւ հորեղբորը՝ ԱԺ նախկին պատգամավոր, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Առաքել Մովսիսյանին՝ Շմայսին, փորձել լռեցնել:
«Իրավունք»-ը պարզել է նաեւ, որ կալանքի մեջ գտնվելու յոթ տարիների ընթացքում, Ռոբերտ Մովսիսյանին մի քանի անգամ տեղափոխել են տարբեր քրեակատարողական հիմնարկներ՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ից ԱԱԾ մեկուսարան, ԱԱԾ-ից ՝«Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ 2 տարի պահելուց հետո, կրկին «Վարդաշեն» ՔԿՀ, այնուհետ նորից «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ պահվել է մեկուսարանում, ու կրկին հետ՝ «Վարդաշեն» ՔԿՀ: Ըստ մեր տեղեկությունների, նման բան պատմության մեջ չի եղել, երբ կալանավորին անհիմն պատճառներով տեղափոխեն տարբեր քրիակատարողական հիմնարկներ եւ նույնիսկ պահեն մենախուցում՝ առանց հոսանք եւ մարդկային մինիմալ պայմանների…
Այստեղից կարելի է ենթադրել, որ Ռոբերտ Մովսիսյանն ավելի շատ խանգարել է իր ներկայությամբ ներքաղաքական իրավիճակին, քանի որ առջեւում դեռ շատ խմորումներ էին սպասվում՝ պատերազմ, Արցախի կորուստ, սահմանազատում, հարձակում եկեղեցու վրա եւ այլն: Հետեւաբար, լինելով ծայրահեղ հայրենասեր, գուցե խանգարե՞ր շատերի ծրագրերին:
Հարկ է նշել, որ Ռոբերտ Մովսիսյանը հանդիսացել է այն եզակի անազատության մեջ գտնվող անձանցից մեկը, ով նախ անազատության մեջ գտնվելով՝ գրավոր եւ բանավոր հայտնել է մարտական դիրքեր մեկնելու ու պատերազմին մասնակցելու ցանկության մասին, ինչպես նաեւ, տեղեկանալով 44 օրյա պատերազմի ժամանակ Հայրենիքի համար իր կյանքը զոհաբերած զինվորի ծնողի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման եւ կալանավորման լուրի մասին՝ ի աջակցություն այդ ծնողի հայտարարել է հացադուլ:
Ի դեպ, մեր ուսումնասիրությունն այլ հատկանշական փաստ է նաեւ արձանագրել: Նրան ճանաչող յուրաքանչյուր անձ փաստում է, որ նույնիսկ անծանոթի կողմից թմրանյութերի առքուվաճառքը, կիրառումը եւ օգտագործումը կարժանանար Մովսիսյանի անարգանքին եւ նույնիսկ կոպիտ, մեղմ ասած՝ «արտահայտությանը»: Հետեւաբար, այդ շինծու հոդվածը, որն անգամ չնչին աղերս չունի նրա տեսակի ու սկզբունքների հետ, առաջացնում է հարցեր, որոնց պատասխաններն այդպես էլ չեն հնչում:
Օրինակ, անպատասխան են մնում բազում հարցեր, թե մինչեւ ե՞րբ եւ ո՞վ է վերադարձնելու Ռոբի եւ Ռոբի նման տղաների կորցրած տարիները, նրանց երեխաների կորցրած օրերը՝ հորը գրկելու, հոր խիստ հայացքից սթափվելու, հոր խորհրդով ճիշտ ուղի ընտրելու: Ո՞վ է փոխհատուցելու նրանց մոր արցունքները, նրանց հայրերի լուռ ծերանալը, նրանց կանաց մենությունը...
Եվ վերջապես, ե՞րբ ենք սովորելու գնահատել նվիրվածությունն ու պարկետշությունը: Արդյոք խոսքի ազատությունը վերջնականապես թաղել եւ վրան ծանր քար ենք դրել, որ հանկարծ չվերարտադրվի: Ինչքա՞ն պիտի չհաճոյացողներին, սեփական կարծիքը հայտնողներին լռեցնելու համար կալանավայրերում տեղ ու դադար չլինի: Արդյոք արժեհամակարգն այնքան է ոչնչացել, որ ազատամարտիկի զավակին 12 տարի ազատությունից կտրելով՝ ոմանք հանգիստ խղճով քնում ու արթնանում են: Եվ, ի վերջո, մինչեւ ո՞ւր պիտի հասնի ուժեղ կամքով տղերքին բանտախցերում պահելու միտումը՝ հայի թասիբը ոտնատակ տալով: Հուսանք, կգա ժամանակը եւ բոլորը պատասխան կտան իրենց գործած մեղքերի համար:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=327327&l=am/

