Կա՛մ հայաստանի հետ ես, կա՛մ թրքահարճ Նիկոլի. Աննա Աբրահամյան
ՆերքաղաքականԵկեղեցու դեմ իշխանության բացահայտ արշավի ֆոնին՝ ներքաղաքական վերջին զարգացումների շուրջ «Իրավունք»-ը զրուցել է քաղաքագետ-միջազգայնագետ, անկախ վերլուծաբան ԱՆՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ:
«ՄԻԱԿ ՆԻԿՈԼԻ ՕՐԱԿԱՐԳՈՎ ՉՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄՆ ԻՄՊԻՉՄԵՆՏԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ Է»
— Ձեր գնահատմամբ` ո՞րն այսօր պետք է լիներ խորհրդարանական ընդդիմության քայլերը: Եթե ոչ այսօր, ապա ե՞րբ պետք է անվստահություն հայտնեն Նիկոլ Փաշինյանին կամ մանդատները վայր դնեն:
— Ցավոք, նրանք ներկայումս միմիայն անիմաստ հայտարարություններով են հանդես գալիս, ձեր` լրագրողներիդ դաշտ մտնելով, ստանձնում են մեզ բոլորիս եկեղեցու դեմ կատարվողը գունագեղ եւ պաթոսաշունչ բառերով պատմելով, իսկ իրենք նույն ժամանակ նախընտրական քարոզարշավի աժեոտաժով են զբաղված: Սա էլ խիստ հիշեցնում է 2018-ի «թավիշը», նաեւ որոշ չափով` 2021-ի ընտրությունների ինքնախաբեության ներկայացումը: Ինչպես 2018-ն ու 2021-ը, այնպես էլ 2026-ը վստահաբար թուրքական օրակարգին ծառայող ծրագիր են, որտեղ «թավշյա» Նիկոլը, խոստանալով ընտրությունների միջոցով քաղաքական այլ ուժերին ապահովել իշխանական տորթի ինչ-որ կտորով, իր համար երաշխավորում է հանգիստ, անցնցում իշխանավորում, ինչ-ինչ պատառիկներ հատկացնում մերձիշխանական եւ ընդդիմադիր, նաեւ արտախորհրդարանական ուժերի, իսկ ինքը, թուրքական ու արեւմտյան հատուկ ծառայությունների ուղղակի ուղղորդմամբ, շարունակում է հողահանձնման, բռնապետության հաստատման եւ իրական պայքարողների վերացման գործունեությամբ կրկնում եմ՝ անցնցում, անխոչընդոտ կամ, ինչպես ընդդիմությունն է սիրում ինքն իր գործողությունները նկարագրել, քաղաքակիրթ-սահմանադրաբար: Այսինքն` ապագա ընտրություններում ընդդիմությանը փայաբաժին խոստանալով՝ նա սկսում է գործել օրենքի դաշտից դուրս, ուզած կերպ վակխանալիա իրականացնելով, իսկ ընդդիմությունը մնում է օրինական դաշտի տրամաբանության մեջ եւ որեւէ կերպ չի խոչընդոտում նրա պետականաքանդ գործունեությանը:
Միակ Նիկոլի օրակարգով չպայմանավորված գործիքակազմը, որ այսօր կա հրապարակում, վարչապետին անվստահություն հայտնելու` իմպիչմենտի գործընթացն է, որն ուղղակի իմաստով ջրբաժան դարձավ հասկանալու՝ ի վերջո ո՛ր ընդդիմադիր ուժերն են իսկապես ցանկանում օր առաջ վերջ տալ ապօրինաբար իշխանությունը զավթած ուժերի ամբողջապես հակասահմանադրական գործողություններին եւ ո՛ր ուժերն են պատրաստ նրա հետ կրկին անգամ գնալու պարտվողական ընտրությունների, նրա հետ հավասար զոհաբերելով հայրենիքն ու եկեղեցին: Ասել է թե` Նիկոլի կողմից հայ եկեղեցու դեմ արշավանքը կշարունակվի այնքան, որքան նրա հետ ընտրությունների գնալ ցանկացող քաղաքական ուժերը կշարունակեն ջայլամային հոգեբանությամբ հանդուրժել թուրքական այս հարձակումը` Նիկոլից ոչ պակաս եռանդով մասնակցելով Հայաստանի հանձնման այս գործընթացին:
Անվստահության գործընթացը, մյուս կողմից, պահանջում է բոլոր ընդդիմադիր ուժերի աներկբա համախմբում, եւ անձամբ ես սա տեսնում եմ` «Կա՛մ Հայաստանի հետ ես, կա՛մ թրքահարճ Նիկոլի» տրամաբանության մեջ: Թավիշը վաղուց է մեր հասարակությունը բաժանել սեւ ու սպիտակի, չի թողել ոչ մի մոխրագույն տարածք, որտեղ հիրավի ընդդիմադիր ուժը, ով հիրավի ցանկանում է տեսնել ազատ, անկախ եւ քրիստոնյա Հայաստան, կարող է տաքուկ տեղավորվել եւ չեզոք դիտարկողի դիրքերում «իջնել ջրի հատակը մինչեւ անցնի վտանգը»: Թավշյա խմբակին միայն մեր հայրենակիցների 10 տոկոսն է աջակցում: Էլ ե՞րբ եթե ոչ հիմա է ժամանակը, որպեսզի բոլոր ընդդիմադիր ուժերը, համախմբված, մեկ օրակարգի` իմպիչմենտի գործընթացի շուրջ հավաքված, առաջնորդեն հայ ժողովրդին Հայոց պատմության թիվ մեկ դավաճանին բանտարկելու, պրոթուրքական օրակարգի ծառայախմբին քաղաքական դաշտից իսպառ հեռացնելու: Ընտրությունների օրակարգի մասին հնարավոր կլինի խոսել միմիայն թրքանշանակներին քաղաքական դաշտից հեռացնելուց հետո: Հայաստանն ազատ ու անկախ տեսնել ցանկացող ընդդիմադիր ուժերի առաջնորդությամբ հասարակությունը պետք է վարար գետի պես լցնի Երեւանի փողոցները, մեր ողջ երկիրը պետք է ոտքի կանգնի եւ գա ու շրջապատի Ազգային ժողովը, որի պատերից ներս միանգամայն լեգիտիմ կերպով կհեռացվի այս թուրքական քաղցկեղածին ուռուցքը, ինչից հետո պետք է հայտարարվի ժամանակավոր կառավարություն եւ միայն դրանից հետո նախաձեռնվի ընտրությունների կազմակերպման գործընթաց:
«ԹՐՔԱՆՇԱՆԱԿԸ ՊԱՏՎԵՐ ՈՒՆԻ ԲԱՔՎԻ ԲԱՆՏԵՐ ՈՒՂԱՐԿԵԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՆ»
—Արդեն շուրջ երկու տասնյակ քաղաքական ուժեր պատրաստվում են խորհրդարանական հերթական ընտրություններին: Կա՞ երաշխիք, որ մինչեւ 2026 թվականը կդիմանա եկեղեցին, կդիմանա պետությունը, ավելի չեն նեղանա երկրի սահմանները, որ իրենք էլ որպես վարչապետացուներ քարոզարշավ իրականացնեն` հուսալով, որ Փաշինյանին հեռացնելու են ընտրություններով:
— Կարճ` չկա որեւէ նման երաշխիք, ավելին` եթե կա երաշխիք, ապա ճիշտ դրա հակառակ սցենարի համար է այն նախատեսված: Գեոքաղաքական նախադրյալների հետ հաշվի չնստելը բոլոր նման քաղաքական ուժերի վրա ուղղակի իմաստով կդնի թուրքերի ու թրքանշանակի հետ հանցակցի խարանը: Հիշեք՝ ինչպես Երեւանի քաղաքապետարանի ավագանու ընտրությունների նախաշեմին ընթանում էր Արցախի դեմ բոլոր առումներով հանցավոր, հակաօրինական շրջափակումը: Մի կողմից մենք դիտում էինք մեր հայրենակիցների ամենօրյա տառապանքների կադրերը` սննդի, ջրի, լույսի, գազի բացակայության պայմաններում, ադրբեջանական կողմից 24/7 ռեժիմով հնչող ուժի կիրառման սպառնալիքի ամբարտավան կոչերի ներքո; Իսկ մյուս կողմից, այդ նույն հայկական քաղաքական ուժերը, որ այսօր էղ 2026-ի ընտրությունների գովքն են երգում, մեզ էին այն ժամանակ ներկայացրել իրենց գեղեցիկ պատրաստված, «Եվրատեսիլին» չզիջող, նախընտրական երգուպար տեսահոլովակները: Բոլոր այդ ուժերին քարոզարշավի ժամանակ լրատվամիջոցները հարցնում էին` ո՞րն է առաջնահերթ. Արցախում կատարվող մարդկության դեմ հանցագործությո՞ւնը, թե՞ Երեւանի քաղաքապետարանի ավագանու ընտրությունները, իսկ նրանք պատասխանում էին, որ այդ ընտրություններով նրանք վերջ են տալու Արցախում շրջափակմանը: Իսկ ի՞նչ ստացանք իրականում. թե՛ սրանք խայտառակ կերպով տանուլ տվեցին ընտրությունները եւ թե՛ ցեղասպանվեց ու հանձնվեց Արցախը: Նույն օրակարգն է` տեսնու՞մ եք:
Մինչ սրանք ընտրությունների հեքիաթով, «անցնցում», «քաղաքակիրթ–սահմանադրաբար» լռում են ու ազգային-ազատագրական ցասման ալիք չեն բարձրացնում` իմպիչմենտի ելքով, թշնամուն կհաջողվի գլխատել եկեղեցին ու այո՛, նո՛ր տարածքային պահանջներ ներկայացնել իրենց ծառայող անողնաշարների հավաքածուին: Ընտրությունների գլխավոր հովանավորը Եվրոպան է, ով նույն բանաձեւով արդեն մի քանի անգամ խաբել է մեզ, խաբել Ուկրաինայի ու Մոլդովայի ժողովուրդներին ու բոլոր այս դեպքերում էլ այդ խաբկանքի հաղթանակը «պսակվել» է Ուղղափառ եկեղեցու դեմ կատաղի հալածանքներով, որի պայմաններում ցայսօր բանտերում են հայտնվում հազարավոր հոգեւորականներ, ում ենթարկում են խոշտանգումների, փակում են եկեղեցիներն ու ամբողջ համայնքներ թողնում առանց հոգեւոր առաջնորդի: Այս ամենը` Եվրոպայի, ԱՄՆ-ի, ըստ էության, ՆԱՏՕ-ի էգիդայի ներքո: Մենք բացառություն չենք լինելու: Եվ, ի վերջո, այդ նույն ընտրություններով թշնամու գործիքին հեռացնելու պատրանքով տարված ընդդիմադիր գործիչներն էլ հայտնվում են բանտերում: Այդ գործընթացն է ներկայումս տեղի ունենում Մոլդովայում: Իսկ մեր դեպքում, թրքանշանակը նաեւ պատվեր ունի իր տերերից Բաքվի բանտեր ուղարկել մեր ընդդիմադիր առաջնորդներին, ու նա դա շատ հեշտորեն կիրականացնի, եթե իմպիչմենտով ու փողոցով նրան հեռացնելու փոխարեն` այդ առաջնորդները որոշեն թուրքական ու բրիտանական ու եվրոպական հատուկ ծառայությունների կողմից մշակված «ընտրությունների» օրակարգում գործել:
«ԳՈՐԾԵԼ ՊՐԻՄԻՏԻՎ ՉԱՐՉԻԱ-ՎԱՇԽԱՌՈՒԱԿԱՆ ՄԱՆՐ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊՈՎ` ԻՆՔՆԱԿՈՐԾԱՆ Է»
— Չե՞ք կարծում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից ազատվելու համար պետք էր ձեւավորել մեկ միասնական ճակատ, օրինակ` «Ո՛չ Նիկոլ Փաշինյանին, այո՛Սահմանադրությանը» կարգախոսով` այն Սահմանադրության, որի հոդվածները խախտելով առաջ է գնում Փաշինյանը:
— Իմ կարծիքով, հրաշալի կարգախոս է, միանգամայն տեղին: Եվ, այո՛, առանց մեկ միասնական օրակարգի, անիմաստ է լինելու ցանկացած այլ որակի նախաձեռնություն: Ցավոք, մենք ունենք այս հանգամանքի փաստացի ապացույցներ ու վերջին տարիների դառը փորձ: Այդ օրակարգն այսօր իմպիչմենտն է` թելադրված ՀՀ Սահմանադրությամբ, որը պարտավորեցնում է բոլոր ՀՀ ԱԺ պատգամավորներին նախաձեռնել սահմանադրազանց վարչապետացուի դեմ համապատասխան գործընթաց: Այնքանով, որքանով նրանք դա չեն իրականացնում` իրե՛նք էլ սահմանադրազանց են: Նման կարգախոսը նաեւ շատ կարեւոր է մեր պետականության էվոլյուցիայի տեսանկյունից: Այս բարդ ժամանակահատվածը մեր պատմության մեջ պետք է դիտարկենք որպես աճելուն, հզորանալու հնարավորություն: Իսկ նման աճն ու հզորությունը առանց մեր պետականության ու օրենքների հանդեպ հավուր պատշաճ մոտեցման ու քաղաքա-իրավական գրագիտության` հնարավոր չէ:
Առձեռն տեսնում ենք՝ ինչ կորուստների կարող է հասցնել իրավազանցությունը իշխանական լծակների կողմից, պոպուլիստական սին կոչերը` լցոնված անիրականանալի, բայց շատ գայթակղիչ, ականջ շոյող, պաթոսային խոստումներով: Մենք ողջ հասրակությամբ պետք է լինենք հայաստանակենտրոն իրավական պետության երաշխավորներ: Բնական է, նման պահվածքի ամենաառաջին պարտավորվածները քաղաքական ուժերն են: Այսօրվա դինամիկ աշխարհում, լի գեոքաղաքական մարտահրավերներով, օրակարգերի առաջմղման ու իրականացման աննախադեպ ռիթմով ու տեմպերով, գործել այնպես, կարծես 90-ականներն են, գործել պրիմիտիվ չարչիա-վաշխառուական մանր մտածելակերպով` ինքնակործան է: Նման մոտեցումների անընդունելիությունը մեր հասարակության կողմից նախեւառաջ արտացոլվում է քաղաքական ուժերի այսօրվա ռեյտինգներում: Ուղղակի աններելի է լսել ոմանց հայտարարություններն այն մասին, թե իբր ժողովուրդը ժեխ է, ոչինչ չի հասկանում, իսկ իրենք էլ ամենաիսկական հայրենափրկիչ չհասկացված հանճարներ են: Թող ուշադիր զննեն ու քննեն վիճակագրական տվյալներն առ այն, թե ինչ չափանիշերով է հանրությունն իրենց ընդունում որպես անհարիր: Ու թող հենց ա՛յդ չափանիշերով էլ բարեփոխեն իրենց վարքագիծն ու շարքերը: Երբեք ուշ չէ:
Այնպես որ, այո՛, պետք է իմպիչմենտով հեռացնել թրքանշանակին, իսկ հետո էլ անցնել ճիշտ դինամիկայի հենքի վրա դրված պետականության հզորացմանը որպես իրավական պետություն` անհանդուրժող դրսից մեզ պարտադրվող նեոլիբերալ ֆաշիզմի կեղծ դրույթներին առ այն, թե ինչ է իրավական պետություն ու ժողովրդավարություն, որի գինը, չգիտես ինչու, միշտ լինում է անվտանգության համակարգի անկում, բանակի գլխատում ու հողերի հանձնում, այսինքն` մենք մեր տնական աճեցրած ժողովրդավարությունը պիտի գերադասենք դրսից մեզ պարտադրված փայլուն թղթով կոնֆետներին: Եթե ոչ` ապա երբեք չենք դադարի գեոքաղաքական մանրադրամի կարգավիճակից դուրս գալ ու հանդես գալ որպես միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

