Պետության այսօրվա կարեւոր խնդիրները թողած՝ հոգեւոր «հեղափոխություն» են իրականացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տեսանյութեր«Իրավունք»-ի այս շաբաթվա հարցումների թիրախում օրվա իշխանության գործողություններն են ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու:
Մեր հայրենակիցներից շատերին մտահոգում էր ստեղծված իրավիճակը։ Օրինակ, համաքաղաքացիներից մեկն արտահայտեց հետեւյալ կարծիքը. «Եկեղեցին առանձին նպատակներ ունի, պետությունը՝առանձին, միայն իրար օգնելով` կարող են ինչ-որ բանի հասնել։ Բայց այս պահին եկեղեցու ղեկավարության աշխատանքը ես ճիշտ չեմ համարում։ Ես գտնում եմ, որ իրենք չեն նպաստում երկրում վիճակը լավացնելուն»։
Հարցման ընթացքում քննադատության հետ մեկտեղ հնչեց հիասթափության խոսք. «Եկեղեցում, այո՛, կան խնդիրներ, ես իսկապես շատ լավ տեղյակ եմ, բայց էդ խնդիրները էսպես չպիտի լուծվեն։ Էդ խնդիրները պետք է շատ խելացի նախապատրաստեն, էնպես անեն, որ եկեղեցին ինքը լուծի իր խնդիրները։ Դու կապ չունես եկեղեցու հետ, դու ի՞նչ գործ ունես եկեղեցու հետ։ Ի՞նչ ա նշանակում՝ կաթողիկոսը կարգալույծ է, հա՞, գուցե ես ուզում եմ, որ կարգալույծ լինի։ Բայց դու չպիտի իրեն կարգալույծ անես, դու ի՞նչ գործ ունես կաթողիկոսի հետ։ Նա էլ վեր կենա, ասի՝ դո՛ւ ես կարգալույծ, ու խառնվի իրա՞ր։ Պիտի ամեն ինչ մտածված անել։ Նախօրոք պատրաստվել, խելացի անել։ Մի բան, որը ես չեմ տեսնում։ Նույնը, իմիջիայլոց, մնացյալ բոլոր հարցերում` Ցեղասպանության հարցում, Ղարաբաղի հետ կապված, խելացի ոչ մի բան չարվեց։ Ցավով եմ ասում սա։ Ես շատ կուզենայի, որ մեր այսօրվա երիտասարդները, որոնք իշխանության են, իրենք են, չէ՞, իրենց երկիրն ա, չէ՞, ես իրենց եմ ընտրել՝ որպես մեր ապագա, ընկերներիս հետ վիճել եմ, կռվել եմ՝ մտածելով, որ իրենց երկիրն ա, թող գան, սարքեն, բայց չեն կարողանում սարքեն, ցավոք սրտի»։
Մեկ այլ քաղաքացի արտահայտեց հետեւայլ կարծիքը. «Ճիշտն ասած՝ երկիրը լիքը ուրիշ խնդիրներ ունի, քան թե եկեղեցու խնդիրը։ Հենց հիմա դրա վրա ակցենտ դնելը, ինձ թվում է՝ կապված է ինչ-որ ուրիշ արտաքին հարցերի հետ։ Ու ես մեր կառավարությանը կխնդրեի, որ զբաղվեն երկրի անվտանգությունով, մեր արտաքին պարտքերով, որ մեր դատարաններն են մտնում, էնտեղ մարդկանց են մորթում, օրերս նման բան է եղել։ Ա՛յ, նման հարցերով զբաղվեն։ Ես հավատացյալ չեմ, ճիշտն ասած, դե հա՛, ինչ-որ եկեղեցի ա՝ ռելիգիա է, մարդիկ թող հավատան, բայց կան լիքը խնդիրներ։ Դրա համար գլխավորը, ինձ թվում է, էդ հարցերն է պետք լուծել»։
Առողջ քննադատության հետեւյալ խոսքերն արտահայտեց անցորդ մի կին. «Դե, Հայ Առաքելական Եկեղեցին հիմա շատ ծանր վիճակի մեջ է։ Սկսած նրանից, որ եկեղեցուց դուրս եկած կամ դուրս հանված մարդիկ լավ չեն պահում իրենց։ Երկու կողմն էլ, ես մտածում եմ, շատ սխալ եւ տգեղ են պահում իրենց ու պառակտում են ժողովրդին։ Թեպետ, որպես Հայ Առաքելական Եկեղեցի՝ կառույց, ես իհարկե ոչ մի վատ բան չեմ կարող ասել»:
Բազմիցս հնչեց նաեւ այն միտքը, որ Հայ Առաքելական Եկեղեցին առանձին կառույց է. «Լավ չի, շատ վատ ա։ Եկեղեցին առանձին ինստիտուտ է, կառավարությունը՝ առանձին։ Իրար հետ կապ չունեցող ինստիտուտներ են։ Ընդհանրապես մեկը մեկի գործերին պետք է չխառնվի։ Անհրաժեշտ է չանել էն, ինչը արվում է։ Իհարկե, իմ եւ իմ նմանների կարծիքները շատ կարեւորեն, որովհետեւ Հայ Առաքելական Եկեղեցին մեր սրբությունն է, մեր պահապանն է դարերի ընթացքում, մեր ինքնության պահապանն է, եւ էս բոլոր գործողությունները ես համարում եմ դատապարտելի։ Նախ գտնում եմ, որ չի կարող Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդը ընդունել հաղորդություն Հռոմի պապից, ես եկեղեցական կանոնների մեջ խորացած չեմ, բայց գտնում եմ, որ դա անընդունելի է, ու դատապարտում եմ այս իշխանությունների կատարած բոլոր քայլերը ՝Հայ Առաքելական Եկեղեցու իրավունքների ոտնահարման, սրբապղծման եւ բոլոր այդ ուղղությամբ կատարված քայլերը»։
Ներկայիս իրավիճակից դուրս գալու ելքերից մեկը կարող է լինել միայն հետեւայլ տարբերակը. «Փոխզիջումային պետք է հարցը լուծվի։ Ուրիշ կերպ չկա, միայն փոխզիջումային։ Պիտի նստեն բանակցությունների շուրջ, էդ հարցը լուծեն, որպեսզի առճակատում չլինի։ Դա է հիմնականը. բանականության, ողջախոհության սահմաններում լուծեն հարցը»։
Անկախ այս բոլոր իրադարձություններից՝ համաքաղաքացիները բազմիցս նշեցին, որ որպես հավատարիմ հավատացյալներ՝ Հայ Առաքելական Եկեղեցու կողքին են. «Շատ վատ կարծիք ունեմ այս ամբողջ իրավիճակի մասին։ Եթե կարճ ասենք, մենք եկեղեցու կողքին ենք, Առաքելական եկեղեցու հետ համամիտ, որովհետեւ, մենք այն ազգը չենք, որ եկեղեցու դեմ դուրս գանք։ Եվ այն ազգը չենք, որ Ղարաբաղ ենք ուրացել, Արարատ սարն ենք ուրանում, բայց, չգիտես ինչու, ուրանում ենք»։
Հաճախ հնչում էր նաեւ տարակուսանք. «Ես չեմ կարող ոչինչ ասել, ինձ թվում է՝ մի ժամ շուտ պետք է էդ հարցը լուծվի, պետք է մեծ փոփոխություններ լինեն եկեղեցում: Այսօրվա եղածն ինձ համար խայտառակություն է»։
Մենք շարունակում ենք ուշադրությամբ հետեւել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ծավալվող բոլոր իրադարձություններին եւ հավաքել մեր համաքաղաքացիների կարծիքները։
ՍՏԵԼԼԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

