ԲՈԼՈՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՊՈԿՐՈՎՍԿԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ ԱՎԱՐՏԻՆ
ՄիջազգայինԱմեն դեպքում, չմոռանանք հայտնի իրողությունը. թե ուր կգնա հարավկովկասյան իրավիճակը (Տես նաեւ https://iravunk.com/?p=327081&l=am), շարունակում է մեծապես կախված մնալ ուկրաինական պատերազմից եւ դրա ավարտական սցենարից: Իսկ ահա Ուկրաինայում, շատ նման է, որ ընթանում է վերջին խաղափուլը:
Ներկա պահին ուկրաինական պատերազմը հիմնականում կենտրոնացած է Պոկրովսկ-Միրնոգրադ անգլոմերացիայի եւ մասամբ՝ Խարկովի մարզի առանցքային քաղաքներից մեկի՝ Կուպյանսկի ուղղության վրա, թեեւ ռուսները հարձակվում են բոլոր ճակատներում, այդ թվում, ինչպես ուկրաինական աղբյուրներն են ներկայացնում, մի շարք քաղաք-ամրոցների հատվածներում:
Պոկրովսկ-Միրնոգրադում զուտ ռազմական պատկերը, գոնե երեկվա դրությամբ, հետեւյալն էր: Ռուսները հիմնականում գրավել են Պոկրովսկը՝ բացառությամբ հյուսիս-արեւելյան փոքր հատվածի: Արդյունքում, գործնականում փակված է օղակը անգլոմերացիայի շուրջ, այն է՝ Պոկրովսկի ամբողջական գրավման դեպքում նաեւ Միրնոգրադի գրավումը երկար չի ձգվի: Ուկրաինական կողմը դիմել է հակահարձակման, որի նպատակով ուժեր ստեղծելու համար Գերագույն հրամանատար Սիրսկին էլ ավելի է դատարկել ճակատային մյուս հատվածները: Ներկա պահին անգլոմերացիայի հյուսիսային հատվածում, շրջապատումը ճեղքելուն միտված հակահարձակումը դեռ շարունակվում է, թեեւ ռուսները, սպասելով դրան, ակտիվորեն «մաղում» են ուկրաինական հարձակվող ուժերը:
Թե այս ճակատամարտը ինչ ավարտ կունենա, չշտապենք եզրակացություններ անել, թեեւ ներկա պահին ուժային հարաբերությունն ակնհայտորեն ռուսների օգտին է: Այս ամենին մոտենանք մի փոքր այլ կողմից:
Այն, որ, կրկնենք, ուկրաինական կողմը, ինչպես անգամ կիեւյան ռազմական փորձագետները, ասենք նաեւ ռազմական աղբյուրներն են բացահայտ հայտարարում, այս հակահարձակման համար ստիպված են եղել հերթական անգամ ուժեր վերցնել ճակատային այլ հատվածներից, մեկ բան է նշանակում՝ ռեզերվների սուր պակաս կա, եւ այդ բացն ուկրաինական կողմը լրացնելու որեւէ տարբերակ չունի: Երկրում, իհարկե, շարունակվում է հիմնականում բռնի մոբիլիզացիան, սակայն դա միայն ավելի է վատթարացնում վիճակը: Ինչպես նորից հենց ուկրաինական փորձագետներն են հուշում, բռնի մոբիլիզացվողների մոտ ծայրահեղ ցածր է ոչ միայն մարտունակությունը, այլ որ շատ ավելի կարեւոր է, կռվելու պատրաստակամությունը: Եվ այն դեպքում, երբ մոտիվացված հատվածն արդեն մեծ չափով շարքից դուրս է եկել, ու նրանց փոխարինել են բռնի մոբիլիզացվածները, թե ինչ է դառնում ընդհանրական բանակ հասկացությունը, պարզ է:
Եվ ահա այդ իրավիճակում ընթանում է Պոկրովսկ-Միրնոգրադի ճակատամարտը, որը, միանշանակ, հանգուցալուծումային է դառնալու ողջ պատերազմի համար: Այսինքն, եթե այս ճակատամարտում ուկրաինական կողմը պարտվի՝ տալով հսկայական կորուստներ, ապա բանակ հասկացությունը նրա համար պարզապես կարող է օրակարգից դուրս գալ:
Եվ այս իրավիճակը, իհարկե, պարզ տեսնում են նաեւ Արեւմուտքում: Ավելին, եվրոպացի շատ փորձագետներ, որոնցից շատերը, ի դեպ, աչքի են ընկնում ծայրահեղ ռուսատյացությամբ, բառացիորեն նույն կերպ են ներկայացնում ընդհանրական իրավիճակը: Իսկ եվրոպական քաղաքական դաշտում այս ամենն արդեն առաջացրել է մի մոտեցում, որը Կիեւի համար վատթարագույնն է: Այն է՝ Ուկրաինայի ֆինանսավորումը սկսել են համարել փող կորցնելու պես մի բան՝ անիմաստ ծախս: Միակ տարբերակ էր մնացել ռուսական սառեցված փողերն Ուկրաինային տալու տարբերակը, բայց ակնհայտորեն դա այդպես էլ չի աշխատում: Այսինքն, Մոսկվան պարզապես սպառնաց՝ կպետականացնի Ռուսաստանում եղած արեւմտյան բոլոր ակտիվները, որոնք համարժեք են ռուսական սառեցված կապիտալին: Դա ռազմական իրավիճակի վրա հազիվ թե էական ազդեցություն թողնի, բայց հանրագումարում՝ տուժելու է Եվրոպան:
Կարճ ասած, նման է, որ բոլորն անհամբեր սպասում են Պոկրովսկի ճակատամարտի ավարտին, որից հետո թերեւս շատ արագ օրակարգի հիմնական թեմա են դարձնելու խաղաղության սցենարը: Իհարկե, այս դեպքում էլ կա այն հարցը. եթե Ուկրաինան էապես կորցնի իր պաշտպանունակությունը, Մոսկվան կհամաձայնվի՞ դադարեցնել հարձակումը: Սակայն, ըստ ամենայնի, պայմանավորվելու տարբերակների պակաս այս դեպքում չկա:

