Սեքս-տիկնիկների սկանդալի պատճառով Ֆրանսիայում կասեցվել է Shein-ի աշխատանքը
ՄիջազգայինՖրանսիայում Shein առցանց շուկայի գործունեությունը կդադարեցվի կառավարության որոշմամբ՝ մանկական սեքս-տիկնիկների վաճառքի հետ կապված սկանդալի պատճառով: Դրա մասին հայտարարել է Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունը:
«Հետևելով [Ֆրանսիայի] վարչապետ Սեբաստիան Լըկորնյուի հրահանգներին՝ կառավարությունը նախաձեռնում է Shein-ի կասեցումն այնքան ժամանակով, որքան անհրաժեշտ է հարթակին՝ իշխանություններին ցույց տալու համար, որ այն համապատասխանում է մեր օրենքներին և կանոնակարգերին»,- ասվում է հայտարարության մեջ:
Կառավարության որոշումը հրապարակվել է հարթակում անչափահասի տեսքով սեքս-տիկնիկների վաճառքի հետ կապված սկանդալի պայմաններում: Նոյեմբերի 3-ին, լրատվամիջոցների լուսաբանման ալիքից հետո, հարթակը հայտարարեց, որ վաճառքից հանում է ոչ միայն այս ապրանքը, այլև բոլոր սեքս-տիկնիկները, ինչպես նաև ներդնում է մեխանիզմ՝ կանխելու համար վաճառողների՝ այդ սահմանափակումները շրջանցելը: Ավելի ուշ հարթակի ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրը վաճառքի է հանվել հոկտեմբերի 16-ին և անմիջապես հանվել վաճառքից՝ նոյեմբերի 1-ին ստացված բողոքից հետո: Ըստ Le Parisien-ի՝ տիկնիկը գնած մեկ անձ ձերբակալվել է Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտում, որտեղ էլ առաքվել էր ծանրոցը։

