Մեր երկրում իշխանություն է թրքական դրածոն. Աննա Աբրահամյան
ՆերքաղաքականԳյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարել էր, որ մեր պետականությունը, անկախությունը փրկելու համար՝ պետք է մտնել Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մեջ, դրան հաջորդեց նախ Ազգային ժողովի ամբիոնից Փաշինյանից մինչեւ ՔՊ-ական պատգամավորներ ջղագրգիռ ելույթները, ապա Վ. Ղուկասյանի աղմկոտ ձերբակալումն ու կալանավորումը: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է միջազգայնագետ, վերլուծաբան ԱՆՆԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ:
— Ամբողջական պատկերի համար, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասին խոսելիս ավելացնենք «ապօրինաբար ձերբակալված» արտահայտությունը: Նրա հետ կատարվածը նույն դասագրքից է, ինչ Մոլդովայում կատարվողը; Սա էլ անպայման նշենք ու անդրադառնանք բուն խնդրին: Շատ խորհրդանշանական է, որ աշխարհի տարբեր մայրաքաղաքների պատվերների արանքում ջղաձգվող թրքանշանակ Նիկոլը, իրեն հատուկ դրամատիկ կադրերով, ձերբակալեց այն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետին, որտեղ տեղակայված է ռուսական ռազմաբազան:
Նիկոլը մեկ Մոսկվային է հավատարմության երդում տալիս, մեկ` Բրյուսելին, մեկ Վաշինգտոնին, մշտապես` Անկարային ու Բաքվին, այս ամենի տողատակերում` նաեւ Լոնդոնին եւ Թել-Ավիվին: Նման ջղաձգումներն օժանդակում են Հայաստանի` որպես գեոքաղաքական մանրադրամի, օգտագործվելուն: Այո, հարկավոր է գործել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ կնքված ռազմավարական համագործակցության համաձայնագրերի ոգով առաջնորդվելով: Միայն այդ դեպքում երկու երկրների միջեւ համագործակցությունը կկարողանա խորանալ այն բազում ու տարատեսակ շերտերով, ինչպես որ տեղի է ունեցել Բելառուսի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերություններում: Շատ դյուրին է նման հայտարարություն անելը: Սակայն գործնականում ինչի՞ց կամ ո՞րտեղից պետք է սկսի նման հարաբերությունների խորացումը:
Ներկայումս, կրկնում եմ, Հայաստանն ընկել է որպես գեոքաղաքական մանրադրամ օգտագործվելու հորձանուտ եւ բառի ուղղակի իմաստով խեղդվում է: Որքան ավելի շատ է Նիկոլը տարբեր մայրաքաղաքների շահերի բախման կիզակետում զուտ իր ֆիզիկական անձը փրկելու նպատակով Հայաստանի շահերի հաշվին աջ ու ձախ նվերներ տալիս, այնքան ավելի ենք մենք այս ազատ ու դեպի անդունդ անկման գործընթացում մոտենում ժայռի ստորոտում քարակույտին բախվելու ու ոչնչանալու իրողությանը: Ցանկացած միութենական պետություն դառնալու գործընթաց, ուրեմն, սկսում է այս ազատ անկումը դադարեցնելու եւ երկիրը գեոքաղաքական գործընթացներում այլ որակով առաջնորդելու կետից: Անիրատես եմ համարում խոսել որեւէ նման զարգացման մասին, քանի մեր երկրում իշխանություն է թրքական դրածոն:
Նախ, քաղաքական ուժերի առաջնորդությամբ ազգային-ազատագրական պայքարը պետք է հաջողություն արձանագրի` իմպիչմենտի ելքով, ապա կազմավորվի ժամանակավոր կառավարություն, որը մի կողմից պետք է զբաղվի քաղաքական ու իրավական գնահատական տալով վերջին 7 տարիների ընթացքում Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության հետ կատարվածին, ապա ըստ այդմ ձեռնամուխ լինի ոչ միայն Ռուսաստանի, այլ նաեւ այլ ռազմավարական դաշնակիցների հետ այլ որակի հարաբերությունների հաստատմանը, որից հետո միայն կարող ենք իրատեսորեն խոսել միութենական պետության հարաբերությունների որակի ու բովանդակության մասին:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

