Վարդան Ղուկասյանը պատրաստվում է հրապարակել ԴՕԿ կուսակցության 131 պատգամավորների թեկնածուների անվանացանկը, կառավարության կազմը
Ներքաղաքական«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության պատվավոր նախագահ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ ԱՄՆ-ից հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Չնայած իմ վարչական կալանքի պայմաններին, ամեն օր ստանում եմ տասնյակ նամակներ աշխարհի տարբեր անկյուններից՝ բողոքներ, առաջարկություններ, ծրագրեր և խոստումներ։ Դրանք վկայում են, որ մեր գաղափարական շարժումը շարունակում է աճել և վերածվել համազգային հզոր հոսանքի։
Այս պահից սկսած՝ հայտարարում եմ, որ բոլոր, անխըտիր բոլոր հարցերով իմ լիազորությունները փոխանցում եմ փաստաբան Լևոն Բաղդասարյանին՝ տալով նրան բացառիկ իրավունքներ ներկայացնելու իմ և մեր կուսակցության շահերն անխըտիր բոլոր հարթակներում: Ի գիտություն ԴՕԿ կուսակցության ղեկավարության, անդամների, նվիրյալների և ընտրողների՝ ես լիակատար վստահություն եմ հայտնում պարոն Լևոն Բաղդասարյանին, ով այսուհետ նաև զբաղեցնելու է նախընտրական շտաբի պետի պաշտոնը։
Այսօր ԴՕԿ կուսակցությունն իմ գլխավորությամբ, ըստ ամենամեղմ հաշվարկների, ունենք ավելի մեծ հանրային վստահություն և ձայներ, քան բոլոր մյուս քաղաքական ուժերը միասին վերցրած։
Օրեր առաջ ես հանդես եկա կոչով՝ բոլոր քաղաքական առողջ ուժերին միավորվելու հանուն պետության և ժողովրդի։ Մինչև 2025 թ. դեկտեմբերի 1-ը այդ ուժերին տալիս եմ դիվանագիտական անձնագիր՝ կողմնորոշվելու և միանալու մեր համահայկական շարժմանը։ Դեկտեմբերի 1-ից հետո հանրության դատին կներկայացնեմ ԴՕԿ կուսակցության ընտրություններին մասնակցող 131 պատգամավորական միասնական թեկնածուների անվանացանկը, կառավարության կազմը, ՀՀ նախագահի թեկնածուին։ Որոշված է՝ «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է դաշինքով»։

