«Հանրապետություն»-ը քարոզչական բուկլետներ է բաժանում անչափահասներին. ինչի մասին է աղաղակում օրենքը
ՆերքաղաքականՀայաստանում անչափահասների (մինչեւ 18 տարեկան անձանց) ներգրավումը նախընտրական քարոզարշավում սահմանափակված եւ որոշ դեպքերում՝ արգելված է: Այս արգելքը բխում է ինչպես ՀՀ Ընտրական օրենսգրքից, այնպես էլ Երեխաների իրավունքների պաշտպանության մասին ազգային եւ միջազգային նորմերից։ Մինչդեռ այս օրերին ականատես ենք, թե ինչպես է «Հանրապետություն» կուսակցության Վաղարշապատի քաղաքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանն իր նախընտրական բուկլետները բաժանում երեխաներին:
Ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի` անչափահասները չեն կարող լինել քարոզչության իրական մասնակիցներ, կազմակերպիչներ կամ պաշտոնապես ներգրավված անձինք որեւէ թեկնածուի կամ կուսակցության նախընտրական գործունեության մեջ։ Իսկ «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պետությունը պարտավոր է պաշտպանել երեխային քաղաքական շահագործումից։ Երեխայի մասնակցությունը քաղաքական կամ կուսակցական գործունեության մեջ համարվում է անթույլատրելի, եթե դա կարող է վնասել նրա ֆիզիկական, մտավոր, բարոյական կամ սոցիալական զարգացմանը։
Այսպիսով՝ օրենքի խախտում կարող է համարվել, եթե անչափահասներին ներգրավում են քարոզարշավի միջոցառումներում որպես պաստառ պահող, ֆլայեր բաժանող կամ կուսակցական խորհրդանիշ կրող։ Նույնպես օրենքի խախտում է համարվում, եթե նրանց միջոցով տարածվում է թեկնածուի կամ կուսակցության վերաբերյալ քարոզչական նյութ, դպրոցներում կամ կրթական հաստատություններում իրականացվում է քարոզչություն անչափահասների ներկայությամբ կամ մասնակցությամբ։
Եթե անչափահասների ներգրավումը տեղի է ունենում կազմակերպված ձեւով, դա կարող է դիտվել որպես՝ վարչական իրավախախտում՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն, իսկ որոշ դեպքերում՝ նաեւ սոցիալական կամ բարոյական վնաս հասցնելու գործողություն, որի համար պատասխանատվություն է կրում կազմակերպիչը կամ քաղաքական ուժը։
Հիշեցնենք նաեւ, որ ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան, որը Հայաստանը ստորագրել եւ վավերացրել է, ասում է, որ պետությունները պետք է ապահովվեն, որ երեխաները պաշտպանված լինեն նրանց շահերին հակասող ցանկացած գործունեությունից, այդ թվում՝ քաղաքական շահագործումից։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=326776&l=am/

