Ինչ է իրականում տեղի ունեցել Ոսկեհատում եւ ինչու Վեհափառի հարազատները հայտնվեցին Քննչականում
Ներքաղաքական«Հանրապետություն» կուսակցության Վաղարշապատի համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, թե իբրեւ Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբայրը՝ Գեւորգ Ներսիսյանը, եւ նրա որդին՝ Համբարձում Ներսիսյանը, խոչընդոտել են կուսակցության նախընտրական քարոզչությանը։ Քննչական մարմինն էլ հրատապ ռեժիում որոշում է կայացրել Գեւորգ եւ Համբարձում Ներսիսյաններին ձերբակալելու մասին՝ նրանց մեղադրելով խուլիգանության եւ քարոզչությանը խոչընդոտելու մեջ։
Թեպետ, այսպես ասած, «միջադեպից» առկա տեսանյութերը, որոնք հրապարակվել են փաստաբանների կողմից, ապացուցում են, որ որեւէ կոնֆլիկտ չի եղել, այդուհանդերձ «Իրավունք»-ին այլ ուշագրավ մանրամասներ է հայտնի դարձել տեղի ունեցածից:
Պարզվում է՝ «Հանրապետություն» կուսակցության ինչ-որ ներկայացուցիչ՝ լավ իմանալով, որ տվյալ տանն ապրում են Վեհափառ Հայրապետի հարազատ եղբոր ընտանիքը, մտել է բակ եւ Համբարձում Ներսիսյանին, որն այդ պահին մեքենայի վրա աշխատելիս է եղել, ասել է, որ ժամը՝ 16:00-ին գա, քանի որ քաղաքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանն է Ոսկեհատում քարոզչություն անելու: Վեհափառի եղբորորդին իր սեփական բակից դուրս է հրավիրել տվյալ անձին՝ ասելով, որ Հարություն Մկրտչյանի հետ գործ չունի: Ահա եւ այսքանն է եղել ողջ պատմությունը:
Ինչ վերաբերում է Վեհափառ Հայրապետի եղբորը՝ Գեւորգ Ներսիսյանին, նա ընդհանրապես դեպքից անտեղյակ է եղել: Նա մոտեցել է, բարեւել տվյալ անձնավորությանը, երկու բառ են փոխանակել եւ ճանապարհել է։ Եվ, առհասարակ, Ոսկեհատում ապշած են, որ Հարություն Մկրտչյանը Նիկոլ Փաշինյանին հերթական ծառայությունը մատուցելու համար ինչպես կարող էր նման պատմություն սարքել, երբ գյուղում ընդհանրապես որեւէ մեկն իր քարոզարշավին ո՛չ խոչընդոտել է, ո՛չ էլ առանձնապես ուշադրություն դարձրել: Տեղացիների գնահատմամբ՝ ակնհայտ էր, որ սա լավ մտածված սադրանք է եղել՝ նվեր Փաշինյանին Նիկոլին ընդդեմ Վեհափառի:
Ի դեպ, Կաթողիկոսի հարազատներն ինքնակամ ներկայացել են քննչական բաժին: Իրավապահներն անգամ շիվարել են, թե ինչպես են տեղի ունեցածից քրգործ կարելու, երբ եղելությունը «փոթորիկ է մեկ բաժակ ջրում»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

