Դնեպրոպետրովսկի ճակատում ուկրաինական պաշտպանությունը փլուզման շեմին է
ՄիջազգայինՈւկրաինական ուժերի համար իրավիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ նաեւ Պոկրովսկից հարավ ընկած ողջ տիրույթում: Խոսքը այն հատվածի մասին է, որտեղ միանում են Դոնեցկն ու Զապորոժեն Դնեպրոպետրովսկի մարզի հետ: Ընդ որում, այս ուղղությամբ ուկրաինական կողմի պարտության դեպքում ռուսները կարող են դուրս գալ Դնեպրոպետրովսկի մարզի խորքերը ինչպես նաեւ Զապորոծեում ուկրաինական վերագսկողության ողջ տիրույթի խորը թիկունք` Զապորոժե մարզկենտրոնի ուղղությամբ (Քարտեզ 4):
Այսպես, Գուլյայպոլեի ուղղությամբ ռուսական ուժերը, Պոլտավկա կարեւոր բնակավայրը գրավելուց հետո (Քարտեզ 1), որոշ խմբավորումից հետո վերսկսել են հարձակումը` գրավելով Պոլտավկայից արեւմուտք ընկած բավականին մեծ հատված: Հարձակումը զարգանում է դեպի Գուլյայպոլեի թիկունք, ինչպես նաեւ շրջանցելով Պոլտավկայից հյուսիս ընկած ուկրաինական պաշտպանական համակարգերը, մասնավորապես Ուսպենովկայի հատվածում, որի վրա էլ այս հատվածում հիմնված է ուկրաինական պաշտպանությունը:
Ավելի հյուսիս` Պոկրովսկոեի հատվածում (Դնեպրոպետրովսկի մարզ) ռուսական ուժերը մտել են հարթական բնակավայրերը (Քարտեզ 2): Գայ, որը գործնականում լոգիստիկ շատ մեծ կարեւորություն ունեցող Պոկրովսկոեի արվարձանն է: Ինչպես նաեւ Դանիլովկա փոքրիկ բնակավայր, որը գտնվում է Պոկրովսկոե-Գուլյայպոլե հիմնական մայրուղու վրա:
Ավելի հյուսիս Նովոպավլովկայի ուղղությունն է, որը դեպի Դնեպրոպետրովսկ տանող ուղղությամբ ուկրաինական հիմնական պաշտպանական հանգույցն է (Քարտեզ 3): Այս հատվածում, Իվանովկա բնակավայրը գրավելով, ռուսական ուժերը գործնականում արդեն դուրս են եկել Նովոպավլովկայի արեւմտյան թիկունք: Միաժամանակ ռուսները հարվածում են Իվանովկայից արեւմուտք ընկած Գավրիլովկային, որը եւս չափազանց կարեւոր պաշտպանական հանգույց է: Այստեղ միանում են ուկրաինական մի քանի պաշտպանական համակարգեր, որոնք, ի դեպ, վերջին ամրացված կետերն են: Այսինքն, Գավրիլովկան գրավելով, ռուսները դուրս կգան Դնեպրոպետրովսկի ուղղությամբ ուկրաինական ողջ պաշտպանության թիկունք:

