ԲԱԶՄԱԹԻՎ ՋԱԽՋԱԽԻՉ ՀԱՐՎԱԾՆԵՐ Է ՀԱՍՑՐԵԼ ԹՇՆԱՄՈՒՆ, ՈՉՆՉԱՑՆԵԼՈՎ ԿԵՆԴԱՆԻ ՈՒԺ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԷՐԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հասարակություն«2020 թվականի Արցախյան 44-օրյա դաժան պատերազմում ցավոք կորցրեցինք հազարավոր լուսավոր երիտասարդների, նրանց մեկն էլ ԷՐԻԿ ՄԵՍՐՈՊԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ էր, այսօր նոյեմբերի 2-ը նրա ծննդյան օրն է, կդառնար 24 տարեկան։ Արմավիրի զինվորական պանթեոնում գտնվող նրա հուշարձանին են այցելել հարազատներ, ընկերներ, որդեկորույս ծնողներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։
Անմահ հերոսի մայրը, տիկին ՀԱՅԿՈՒՀԻՆ, Iravunk. com -ի հետ զրույցում, խորը ցավը սրտում նշեց.
- « Էրիկս ծնվել է 2001 թվականի այս օրը նոյեմբերի 2-ին, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում։ 5 տարեկանից սկսել է զբաղվել սպորտով, հաճախում էր տարբեր մարզաձևերի.մարտեր առանց կանոնների, ֆուտբոլ, ըմբշամարտ և չինական բռնցքամարտ։ Նաև Արմավիրի մարզի «Անհայտ կորած ազատամարտիկների» ՀԿ «Արծիվ 13»առանձին հատուկ նշանակության վաշտի սան էր։ Որդիս սովորում էր Տեռնոպոլի Ազգային Տնտեսագիտական համալսարանի «ֆինանսներ և բանկային գործ, ապահովագրություն» բաժնում, երկրորդ կուրսում։ 2019-ին, կիսատ թողեց ուսումը և զորակոչվեց բանակ։ Ծառայում էր Արցախի Մարտունի 3-ում, հրետանավոր էր։ 44-օրյա դաժան պատերազմի ժամանակ եղել է Մարտունու թիվ 146 դիրքում, որը նենգ թշնամուց ընդամենը 50 մետր էր հեռու։ Լինելով հրետանավոր, իր ճշգրիտ հաշվարկների ու շատ արագ կողմնորոշման շնորհիվ, բազմաթիվ ջախջախիչ հարվածներ է հասցրել թշնամուն, ոչնչացնելով կենդանի ուժ և ռազմական տեխնիկա։ Նոյեմբերի 2-ին, իր ծննդյան օրը վերջին անգամ խոսեց մեզ հետ, բոլոր բարեկամների, հարազատների հետ։ Ծննդյան օրվա գիշերը, լույս նոյեմբերի 3-ին, որդուս տեղափոխել են Մարտունի 2, որտեղ շատ թեժ մարտեր էին ընթանում։ Չնայած նա հրետանավոր էր, սակայն մարտական ընկերները ասում էին, որ գերազանց աչքաչափ ուներ ու դիպուկ կրակող հրաձիգ էր, ընկերները պատմում էին, որ որդուս հարվածներից հաստատ ոչ մի թշնամու զինվոր չի վրիպել։
Նոյեմբերի 3-ին, ստացել է ծանր վիրավորում, երբ ընկերները փորձել են օգնել, չի թողել, նրանց կյանքը փրկելու համար ասել է. «ՏՂԵՐՔ, ԴՈՒՔ ՓԱԽԵՔ, ԴՈՒՔ ԳՆԱՑԵՔ, ԿԱՍԵՔ ԻՆՁ ԿԳԱՆ ԿՏԱՆԵՆ ԷՍՏԵՂԻՑ»... Ավաղ դա թանկագին որդուս վերջին խոսքն ու շունչն է եղել։ Որքան էլ անցնի ժամանակ, ցավը մնում է ցավ ու երբեք էլ չի կարող սպիանալ, ինչ էլ լինի, երբեք չեմ կարող հաշտվել այս դառը իրականության հետ»։ Դաժան պատերազմում ցուցաբերած խիզախության համար, Էրիկ Աբրահամյանը արժանացել է «Արիության», «Մարտական ծառայության» մեդալների։ Իսկ ավելի վաղ Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի կողմից» Տիգրան Մեծ» մեդալի, ՀՀ առաջին գունդ ՀԿ կողմից «Մարտական խաչ» մեդալի, Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների ՀԿ կողմից «Արծիվ 13» հուշամեդալի, բազմաթիվ պատվոգրերի ու շնորհակալագրերի։ Արմավիրի թիվ 9 միջնակարգ դպրոցում անվանակոչվել է դասարան ի պատիվ անմահ հերոսի։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ։ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ։ ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ...
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

