Կյանքը բումերանգի նման է, այսօր մանդատը քո ձեռքում է, իսկ մյուս օրը չգիտես՝ քեզ ինչ է սպասվում․ հարցում
ՀասարակությունՄեր խմբագրության այս շաբաթվա հարցումների թիրախում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունն էր։ Iravunk TV-ն հարցումներ իրականացրինք՝ հավաքելով բնակչության կարծիքները այդ երևույթի վերաբերյալ։
Զարմանալի է, բայց Հայաստանում այսօր մարդիկ կան, որ ընդհանրապես տեղեկացված չեն։ Հարցումների ընթացքում հանդիպեցինք քաղաքացիների, որ բացարձակապես հետաքրքրված չէին քաղաքական ու հասարակական իրադարձություններով, հրաժավում էին պատասխանելուց կամ էլ պատճառաբանում էին, թե Հայաստանից չեն, և իրենց չեն հետաքրքրում նորությունները։
Քաղաքացիների կարծիքների խայտաբղետ խճանկարը համալրվում էր տարբեր, երբեմն հակասական կարծիքներով։ Ոմանք քննադատում էին Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը՝ զուգահեռներ անցկացնելով Հայաստանի այլ քաղաքական գործիչների հետ։ Օրինակ, անցորդներից մեկն արտահայտեց հետևայլ միտքը. «Ի՞նչ է սա։ Ժողովուրդը ընտրել ա, ժողովուրդը իր քաղաքապետին դրել ա։ Ամբողջ օրը խոսում են ժողովրդավարությունից։ Ինչո՞ւ են ընկել մարդկանց հետևից, սարքում են ինչ-որ ուրիշ բաներ։ Էդպես կարան նորածինին էլ ասեն, որ էնտեղ փորի մեջ եսիմ ինչ-որ բաներ ա արել, խաղեր ա տվել, շատ ա կերել, քիչ ա կերել։ Պարզ բան չի՞, եթե ժողովուրդն ա ընտրել… Սաղ օրը Նիկոլը գոռում ա՝ ինձ ժողովուրդը մանդատ ա տվել։ Նրան էլ են մանդատ տվել։ Թողեք թող աշխատեն, ինչո՞ւ են մարդկանց հանում իրար դեմ։ Ի՞նչ ա, ժողովրդավարությո՞ւն, դեմոկրա՞տիա։ Կամ էն խուժան Ազգային ժողովում ի՞նչ ա կատարվում, բեսեդկեն ավելի լավ խոսակցություն են անում, քան թե իրենք. «Դուրս նետենք, շպրտենք, պառկացնեմ, կսպանեմ, էնպես կանեմ։ Լակոտություն ա»։
Մեկ այլ անցորդ իր մտահոգությունը հայտնեց. «Ես սփյուռքահայ եմ ու անշուշտ Գյումրիի առումով պիտի արդար խոսեմ։ Չի՛ կարելի։ Ես ազգայնամոլ մարդ եմ, ազգային ոգին բարձր ա, բայց էսպես չի կարելի, անարդարություն կա։ Բայց լավ ա լինելու։ Սրա վերջը կա, կյանքը բումերանգ ա, ինչ անում ենք, էդ էլ ստանում ենք։ Արդարություն ա պետք։ Մեզ մոտ հավատքը և ազգային ոգին շատ բարձր պետք է լինեն։ Չեմ ուզում անուն դնել Նիկոլին, բայց արդարություն պետք է լինի։ Էս վատ վերաբերմունքի առումով ես էդ մարդուն ատում եմ»։
Հարցման ընթացքում մեր որոշ համաքաղաքացիները նաև դրականորեն արձագանքեցին Գյումրու վերջին իրադարձությունների հետ կապված, բայց միայն եթե դա իսկապես կապ ունի կաշառակեռության հետ. «Դե, եթե կաշառակեռության համար ա ձերբակալվել, թող համապատասխան օրգանները զբաղվեն դրանով» կամ՝ «Եթե փաստերն իրական են, ուրեմն շատ լավ են արել, եթե խնդիրը կաշառակերության մասին է, հողատարածք վաճառելու մասին է, անօրինական շինություն չքանդելու մասին է, ուրեմն ճիշտ են արել։ Հակառակ դեպքում կողմ չեմ»։
Հարցման ընթացքում հանդիպեց եզակի մի անցորդ, որ անկեղծորեն զայրացած էր. «Ես զարմացած եմ գյումրեցիների վրա, շատ զարմացած եմ, որ էդ բոլշևիկին ու կոմունիստին են պահում էս դարում, բացի նրանից, որ նա կոռուպցիոներ ա»։
Մեկ այլ քաղաքացի նշեց. «Քաղաքականությունը նենց բան ա… բայց անարդար բաներ են անում, անարդարություն է տիրում Հայաստանում։
Հետաքրքիր էր նաև իշխանությունների ամենաթողության համեմատությունը անարխիայի հետ. «Ասեմ, որ անարխիա է, բարդակ է, երկիրը տեր չունի»։
Ոմանք էլ չէն հավատում, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կարող էր կաշառակեր լինել. «Սա սարսափելի է, տանել չես կարող։ Երբ բժիշկը օպերացիա է անում, իմանում ա, որ հայ ա, բայց թուրքի նման ա օպերացիա անում, սա նման ա դրան։ Ո՞ւր ես նրան ձերբակալում։ Ուրեմն խելացի մարդ մեր Հայաստանում պետք չի։ Մենակ ինքը պիտի՞ նստի։ Ո՞վ ա ասել։ Մարդը ո՞նց պետք է կաշառք վերցներ. նա զգույշ էր, չի կարող պատահել։ Ես 75 տարեկան եմ, կյանքը գիտեմ։ Ո՞նց կարող ա ինքը փող վերցներ, անհնարին բան է, որ հինգը մեշոկ ոսկի էլ տայիր, նա չէր վերցնի։ Սա Նիկոլի արած սև գործերն են»։
Քաղաքացիները հայտնում էին նաև հետևյալ կարծիքները. «Ինչ խոսանք, խոսանք էլ բան չի փոխվի, չխոսանք էլ, չի փոխվի։ Չէ՛, բան չկա ասելու։ Ինչ էլ ասենք, մեկ է՝ ինչ իրենց հարմար է, էդպես էլ կանեն, է՛լի»։
Հարցման ընթացքում հնչեցին նաև անտարբերության ու պասսիվ ագրեսիայի արտահայտություններ. «Վա՜յ, տրաքի Գյումրին էլ, Երևանն էլ, Ամերիկան էլ, Ռուսաստանն էլ հետը»։
Իսկ ամենաավանդական ու սպասված արտահայտություններից էին խաղաղության կենացներն ու կոչերը. «Միայն խաղաղություն եմ ուզում, բավական ա իրար հոշոտեն, էսպես կռվեն, չգիտեմ՝ ինչ ա կատարվում էս երկրում»։
Այսպիսով, գերակշռում էին Վարդան Ղուկասյանին աջակցող պատասխանները, սակայն մեր համաքաղաքացիների խայտաբղետ կարծիքները արտացոլում են այսօրվա հայաստանյան իրական պատկերը. բևեռացված հասարակություն, տարբեր կարծիքներ և ժողովրդավար պետության «հայկական մոդելի» անկազմակերպ, բարձիթողի իրավիճակ։
Ստելլա Գևորգյան

