ՔՊ-ն նոյեմբերի 11-ին կարող է տապալել Գյումրիի ավագանու նիստը և «գրավել» քաղաքապետի պաշտոնը
ՆերքաղաքականՎարդան Ղուկասյանի և Գյումրիի ավագանու «Կոմունիստական կուսակցության» խմբակցության երկու այլ ավագանու անդամների կալանավորումից հետո Նիկոլ Փաշինյանի և իշխող ՔՊ-ի համար «պատուհան» է բացվել «գրավել» փաստացի թափուր մնացած քաղաքապետի (համայնքապետի) պաշտոնը։ Այսպես, Գյումրիի ավագանու ընդդիմադիր հատվածը (Կոմունիստական կուսակցություն, Մարտուն Գրիգորյանի «Մեր քաղաքը» դաշինք, Ռուբեն Մխիթարյանի «Իմ հզոր համայնք» և «Մայր Հայաստան» ), որը ձայն տվեց Վարդան Ղուկասյանին, ունի 19 մանդատ։
Եթե առաջիկա նիստին չմասնակցեն առնվազն ավագանու 17 անդամներ, նիստին քվորում չի ապահովվի ու այն չի կայանա։ Գյումրիի քաղաքական շրջանակների մեր զրուցակիցը նկատեց, որ եթե ՔՊ-ում տեսնեն, որ ընդդիմությունն ինքն իրենով ի վիճակի չի քվորում ապահովել, ապա ուղղակի նիստի չեն ներկայանա, ինչից հետո էլ արդեն Նիկոլ Փաշինյանը Վանաձորի օրինակով կգտնի «օրենսդրական» հնարավորություն Սարիկ Մինասյանին կամ ավագանու որևիցե այլ քպ-ականի նշանակել Գյումրիի քաղաքապետի ժ/պ։
Այս ամենը բացառելու համար անհրաժեշտ է, որպեսզի Կոմունիստական կուսակցությունից առնվազն երկու հոգի վայր դնեն իրենց մանդատները, որպեսզի ցուցակի հաջորդ համարները վերցնեն ու ներկայանան։ Գյումրիում կա մտահոգություն, որ այս պահին իշխանությունների ճնշման տակ ընթանում են ստորջրային գործընթացներ մանավանդ այն պարագայում, որ կա չորրորդ կալանավորվածը՝ նույն Կոմկուսի խմբակցության կին անդամներից մեկի ամուսինը, ինչը հավելյալ ճնշումների հնարավորություն է տալիս իշխանությունների համար։
Ինչևիցե, այս հարցով 24News-ը դիմել էր ԿԸՀ, որտեղից պատասխանել էին, որ այս պահի դրությամբ մանդատներից հրաժարվելու դիմում կամ դիմումներ Գյումրիից չեն ստացել։ Վարդան Ղուկասյանի կալանավորման պարագայում համայնքապետի ժ/պ, նրա փեսա Ավետիս Առաքելյանը չմեկնաբանեց մեզ հետ զրույցում այս խնդիրը՝ հղում անելով խորհրդակցությանն ու հորդորելով ավելի ուշ զանգել։

