Կարգալույծ եղած անձնավորությունն իրավունք չունի որևէ տեղ պատարագ մատուցել. Վարդան Խաչատրյան
Ներքաղաքական«Իրավունքը»-ը զրուցել է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Կրոնագիտության ամբիոնի դասախոս, աստվածաբան ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:
— Հովհաննավանքում պատարագ մատուցվեց կարգալույծ եղած քահանայի կողմից: Որպես աստվածաբան, ի՞նչ կասեք այս մասին:
— Մեկնաբանելու շատ բան այստեղ չկա։ Եկեղեցու օրենքով եւ կարգով, կարգալույծ եղած անձնավորությունն իրավունք չունի որեւէ տեղ պատարագ մատուցել։ Սա ուղղակի գործառնական կանոն է, որը սահմանված է հազարամյակների ընթացքում, եւ այն վերապահում է եկեղեցու ներքին կարգապահությունը։ Երբ խոսում ենք կարգալույծ քահանաների մասին, մենք նկատի ունենք այն անձանց, ովքեր իրենց պաշտոնից կամ ծառայությունից պաշտոնապես ազատվել են։
Եկեղեցու մենաշնորհներն անփոխարինելի են. դրանք կապված են ոչ միայն հոգեւոր իրավունքների հետ, այլ նաեւ բարոյական, դաստիարակչական եւ եկեղեցու ինստիտուտի ողջ համակարգի հետ։ Եկեղեցին` որպես ինստիտուտ, պահպանելով կարգավիճակները, պարտավոր է հետեւել օրենքին եւ ավանդույթներին։ Եթե նայենք պատմական փաստերին, շատ դեպքերում, երբ մարդն այլ կարգավիճակի է անցել, նա այլեւս չի մասնակցել եկեղեցական խորհուրդների աշխատանքին եւ չի մատուցել պատարագներ: Օրինակ, հիշում ենք այն դեպքերը, երբ եպիսկոպոսներ կամ արքեպիսկոպոսներ, ովքեր անցել են կարգալույծ վիճակի, պահպանել են իրենց անձնական կյանքը, սակայն ակտիվ ծառայություն չեն իրականացրել: Այսօր, երբ տեսնում ենք, որ կարգալույծ անձինք ինչ-որ կերպ փորձում են ընդգրկվել ծառայությունների մեջ, հակասում է եկեղեցու ներքին կանոններին։
— Ձեր կարծիքով՝ ինչի՞ կհանգեցնի այս ամենը: Իշխանությունը փորձում է այլ եկեղեցի՞ հիմնել՝ առանձնանալով Մայր Աթոռից:
— Ես սա չեմ դիտարկում որպես հեռանկարային գործընթաց։ Այս պահի հայտարարությունները կամ գործողությունները հիմնականում կարող են լինել էմոցիոնալ եւ ոչ թե հիմնավոր կրոնական կամ այլ նպատակներով։ Պառակտումը կարող է առաջացնել խորքային փոփոխություններ, սակայն նման զարգացումն այսօր անիրատեսական է։ Պառակտումը կարող է լինել միայն այն դեպքում, եթե ունենանք եպիսկոպոսների լայն աջակցություն, ինչը ներկայում չկա: Ներկա պահին եկեղեցու ծառայողներն ու կազմը հիմնականում օծված են Գարեգին Երկրորդ կաթողիկոսի կողմից, եւ ցանկացած նոր նախաձեռնություն կամ պառակտում, բնականաբար, բախվելու է այս կառուցվածքին: Ավելին, նույնիսկ եթե որոշ անհամաձայնություններ առաջանան, դրանք, ամենայն հավանականությամբ, կկառավարվեն կարգալույծ վիճակների միջոցով:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

