ՌԴ-ն շարունակում է կարևոր գործընկեր մնալ Հայաստանի համար.Արարատ Միրզոյան
ՀասարակությունՌուսաստանը շարունակում է կարևոր գործընկեր մնալ Հայաստանի համար, հոկտեմբերի 27-ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Ըստ նախարարի՝ Ռուսաստանի հետ տնտեսական կապերը շարունակում են հետաքրքրություն ներկայացնել պաշտոնական Երևանի համար։
«Այս համագործակցության շրջանակում մենք մեր ռուս գործընկերների հետ քննարկում ենք հայ փոխադրողների միգրացիոն խնդիրները։ Մոտ ապագայում դրական տեղաշարժեր ենք ակնկալում»,- ասել է Միրզոյանը։
Այդ համատեքստում նախարարը նշել է, որ տրանսպորտային կապերի ապաշրջափակումից, մասնավորապես՝ Ադրբեջանի տարածքով ապրանքների տարանցման սահմանափակումների վերացումից հետո, Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն աճել է։ Մասնավորապես, Ղազախստանի հետ լուրջ երկխոսություն է ընթանում։ Ավելին, պատրաստվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն այդ երկիր։
«Ներկայում ինտենսիվ քննարկումներ են ընթանում Ուզբեկստանի և Թուրքմենստանի հետ։ Դա վերաբերում է լոգիստիկ և էներգետիկական հարցերին, ավիափոխադրումների վերսկսմանը և այլն»,- հայտնել է կառավարության ներկայացուցիչը։

