ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ
ՄիջազգայինԵվս մեկ անգամ ընդգծենք. ամենագլխավոր ինդիկատորը, թե դեպի ուր են գնալու իրադարձությունները ոչ միայն մեր տարածաշրջանում (Տես նաեւ https://iravunk.com/?p=326115&l=am), այլ՝ ողջ աշխարհում, այս պահին մնում է այն, թե այդ ամենից առաջ, դեպի ուր են զարգանում ռուս-ամերիկյան հարաբերությունները՝ կապված ուկրաինական պատերազմի հետ: Եվ ահա, այս հարցում տեղի ունեցավ հերթական շրջադարձը՝ Թրամփի եւ Պուտինի սպասվող բուդապեշտյան այցը չեղարկվեց: Ավելի ճիշտ, դատելով Թրամփի ճիշտ արտահայտությունից, հետաձգվեց:
Չնայած ամերիկյան կողմը փորձեց երանգները մեղմացնել, պետքարտուղար Ռուբինոն անգամ հայտարարեց, թե պատրաստ են ռուսների հետ հանդիպումների՝ ուկրաինական թեման քննարկելու համար, սակայն այն, որ թրամփյան իշխանությունները մտան ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների դաշտ, Մոսկվային, գոնե առաջին հայացքից, ակնհայտորեն զայրացրել է: Ամեն դեպքում, դա է հուշում Մեդվեդեւի հերթական աղմկոտ հայտարարությունը. «ԱՄՆ-ն մեր հակառակորդն է, եւ նրանց խոսուն «խաղաղարարը» այժմ լիովին սկսել է Ռուսաստանի դեմ պատերազմը։ Ճիշտ է, նա միշտ չէ, որ ակտիվորեն կռվում է Բանդերայի Կիեւի կողմից, բայց սա հիմա նրա հակամարտությունն է, ոչ թե Բայդենի ... Կայացված որոշումները պատերազմի ակտ են Ռուսաստանի դեմ։ Եվ հիմա Թրամփը լիովին դաշնակցել է խելագար Եվրոպայի հետ»:
Ամեն դեպքում, սա առնվազն ցուցադրական ակնարկ է, թե Մոսկվան, մեծ հաշվով, ինչպես է գնահատում Թրամփի այս նոր քայլերը: Այսինքն, Ալյասկայի հանդիպումից հետո Թրամփն այն միանշանակ թեզն էր առաջ տանում, որ ուկրաինական կողմը պետք է դուրս գա Դոնբասից: Հիմա արդեն, թերեւս Զելենսկուն պարտադրել չկարողանալով, հետ է քաշվում այդ պայմանավորված դիրքից՝ առաջ տանելով արդեն եվրոպաուկրաինական թեզը, թե պատերազմը պետք է կանգնեցնել այս պահին եղած առաջնագծում, հետո սկսել պայմանավորվել: Այն դեպքում, երբ Մոսկվան այդ հարցի պատասխանը հստակ տվել է. պատերազմի կանգնեցնելն առանց վերջնական պայմանավորվածությունների, ընդամենը Կիեւին ուժերը վերականգնելու հնարավորություն տալ է նշանակում: Նման բան արդեն եղել է, երբ Ստամբուլում գրեթե հասան պայմանագրի ստորագրման, եւ Կիեւը, շահելով իրեն այդ պահի չափազանց կարեւոր դադարը, սպասեցին, մինչեւ ռուսները, ըստ պայմանավորվածությունների, զորքերը հետ քաշեցին Կիեւի մատույցներից, հրաժարվեցին բոլոր պայմանավորվածություններից: Այ, հենց այդ փաստն էր ներկայացվել Թրամփին եւ նրա կողմից ընդունվել: Ու հիմա, երբ նա հակառակ ուղղությունն է վերցնում, դա արդեն նման կոշտ ռեակցիայի առիթն է, որը ի ցույց դրեց Մեդվեդեւը:
Բայց այս պատմությունը նաեւ հակառակ կողմն ունի. իսկ ի՞նչ կարող էր այս իրավիճակում անել Թրամփը: Նրա հետ հանդիպումից հետո Զելենսկին հերթական անգամ հստակ հայտարարեց՝ զորքերը հետ չի քաշի: Իսկ դա շատ պարզ տրամաբանություն ունի, որի մասին քանիցս նաեւ ուկրաինական աղբյուրներն են բաց տեքստով գրել. Բավական է՝ Զելենսկին հայտարարի Դոնբասից դուրս գալու մասին, որ դառնա եվրագլոբալիստների թիվ 1 թշնամին: Իսկ այս դեպքում Զելենսկու կյանքի համար «քոռ կոպեկ» անգամ տվող չի լինի: Այսինքն, Թրամփը կարող է գոռալ նրա վրա, ճնշել, սպառնալ, բայց դա բան չի փոխում. Զելենսկին սեփական լինել-չլինելու տեսանելի եւ շոշափելի հրամայականի առաջ է կանգնած: Իսկ Թրամփի սպառնալիքները, դեռ հարց է, թե որքանով են վտանգավոր:
Արդյունքում, Թրամփին պարզապես այլ տարբերակ չէր մնում, քան Պուտինի հետ հանդիպման չեղարկումը. հանդիպեն, որ ի՞նչ: Չնայած, հայտարարելով այդ մասին, Թրամփը նաեւ մի շարք այլ, թերեւս խորը ակնարկներ ունեցող մտքեր եւս հնչեցրեց: Նախ, որ հանդիպումը ոչ թե չեղարկված է, այլ՝ «Ապագայում կհանդիպենք»: Երկրորդը՝ Ուկրաինան ոչ մի դեպքում «Տոմահավկ» հրթիռներ չի ստանա: Զենք կտրվի միայն դրա դիմաց ՆԱՏՕ-ի կողմից վճարելու դեպքում: Վերջապես, թերեւս հիմնականներից մեկը. «Ուկրաինական հակամարտության կողմերը պետք է ամրապնդեն իրենց ներկայիս դիրքերը ռազմաճակատում եւ դադարեցնեն ռազմական գործողությունները»: Ինչպես նաեւ, որ ուկրաինական հարցով պատրաստվում է խոսել Սի Ցզինպինի հետ:
Ի՞նչ է նշանակում՝ «կողմերը պետք է ամրապնդեն իրենց ներկայիս դիրքերը ռազմաճակատում». սա հասկանալը կարեւոր է: Այսպես, ներկա պահին ռազմաճակատում այս վիճակն է: Ամենահարավում ռուսները ակտիվորեն հարձակվում են Զապորոժիեում. հարվածներն ուղղված են ուկրաինական պաշտպանության երկու հիմնական հանգույցներին՝ Օրեխովոյին եւ Գուլյայպոլեին: Այստեղ «դիրքերն ամրապնդելու» դեպքում ռուսական ուժերը դուրս կգան մարզկենտրոն Զապորոժիե: Հաջորդում է Զապորոժիեի արեւելքի եւ Դնեպրոպետրովսկ հարավային-արեւելյան ուղղությունը, որտեղ նույն իրավիճակն է՝ ռուսների ակտիվ առաջխաղացում, որով սպառնում են դուրս գալ Դնեպրոպետրովսկի մարզի կենտրոն: Այնուհետեւ Պոկրովսկի ուղղությունն է, որտեղ, ինչպես նաեւ ուկրաինական աղբյուրներն են գնահատում, ռազմաճակատը գործնականում փլուզված է: Իսկ այդ դեպքում ռուսները սպառնում են դուրս գալ Դոնեցկի արեւմտյան սահմաններ, ու այդ ուղղությամբ հարձակում է զարգանում նաեւ հյուսիսից՝ Լիմանի հատվածից: Վերջապես, այսօր-վաղը ռուսները կգրավեն նաւե Խարկովի մարզի առանցքային բնակավայրերից մեկը՝ Կուպյանսկը՝ իր ողջ հարակից մեծածավալ գոտով հանդերձ:
Այսինքն, ընդհանրական առումով, Թրամփի ասած «դիրքերն ամրապնդելը» կարող է դառնալ ուկրաինական ճակատների փլուզումը տվյալ ուղղությունների զգալի մասում՝ դոմինոյի էֆեկտով տարածվելով հանդերձ: Գումարած՝ Ուկրաինայի մոտ 70-80 տոկոսանոց էներգազրկումը, լոգիստիկ ուղիների ոչնչացումը եւ այլն: Ընդ որում, դատելով ուկրաինական ուժերի էական եւ միայն աճող պակասից, Պոկրովսկի անկման դեպքում այս ամենի տեմպերը կտրուկ կարագանան: Մինչդեռ Թրամփի հայտարարության տողատակերում նաեւ սա է տեսանելի՝ եթե Եվրոպան ի զորու է, թող կանգնեցնի այդ ընթացքը: Այն է՝ ներկա պահին Զելենսկին չի ցանկանում տալ պահանջվածը, ապա պատերազմի շարունակման դեպքում ռուսները պարզապես կվերցնեն: Իսկ թե դրանից հետո ի՞նչ կմնա ուկրաինական բանակից, ներքին իրողություններն ինչքանո՞վ կշիկանան, արդեն հարց է առաջացնելու, թե Մոսկվան կցանկանա՞ գնալ ինչ-որ բան զիջելով՝ բանակցելու:
Նման է, որ հենց այս ամենն էլ պետք է կարդալ Թրամփի հայտարարության տողատակերում: Չնայած, մոտակա օրերին սպասվում է նաեւ նախագահ Սիի հետ նրա հանդիպումը, որը եւս կարող է գլոբալ օրակարգի վրա ազդող էական գործոն դառնալ: Այսինքն, պետք է որ արդեն գալիք շաբաթվա ընթացքում մի շարք նոր բացահայտումներ լինեն:

