«ՎԱՐԱՆԴԱՅԻ ԹԵԺ ՄԱՐՏԵՐՈՒՄ ԿՅԱՆՔԸ ՏՎԵՑ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԽՈՐԵՆ ՀԱՋԱԹՅԱՆ։
Հասարակություն2020 թվականի Արցախյան 44-օրյա դաժան պատերազմի ժամանակ ցավոք կորցրեցինք հազարավոր լուսավոր երիտասարդների, նրանցից մեկն էլ ԽՈՐԵՆ ԱՐԱՄԻ ՀԱՋԱԹՅԱՆՆ էր, այսօր հոկտեմբերի 23-ը նրա հիշատակի օրն է։ Եռաբլուր զինվորական պանթեոնում գտնվող նրա հուշարձանին են այցելել հարազատներ, ընկերներ, որդեկորույս ծնողներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։
Անմահ հերոսի մայրը տիկին ԱՍՅԱ ՍԱՀԱԿՅԱՆԸ Iravunk. com -ի հետ զրույցում խորը ցավը սրտում նշեց.
- «Խորենս ծնվել է 2001 թվականի մարտի 12-ին, Արագածոտնի մարզի Նոր Արթիկ գյուղում։ Սովորել է Թալին քաղաքի դպրոցում։ 2015 թվականին, մենք ընտանիքով տեղափոխվեցինք Երևան, որդիս ընդունվեց Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի նկարիչ - քանդակագործ բաժինը։ Խորենս և սովորում էր, և ամեն ջանք գործադրում մեզ ֆինանսապես աջակցելու համար։ Նա մանկուց դաստիարակվել է հայրենասիրական ոգով։ Հագնում էր զինվորական համազգեստ ու ասում. «ԵՍ ԱԶԳԻ ՀԵՐՈՍ ԵՄ», ու հենց այդպես էլ եղավ։ 2019 - ի ամռանը Խորենս զորակոչվեց Հայոց բանակ։ Դարձավ Արցախի Մարտունի 2 զորամասի զինվորն ու պաշտպանը։ Զորամասում ճանաչում էին նկարիչ Խորո։ Ծիծաղելով ասում էր. «ՄԱՄ, ՄԻ ԼԱՑԻՐ, ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ԿԼԻՆԻ, ՏԵՍ, ԷՆՊԵՍ ԵՄ ԾԱՌԱՅԵԼՈՒ, ՈՐ ՀՊԱՐՏԱՆԱՍ» ։
Խորենս գծագրում ու թարմացնում էր հայ - ադրբեջանական քարտեզները։ Մի փոքր վայր ու փոքրիկ եկեղեցի, Խորենիս ձեռքով, հավատն առ Աստված շատ մեծ էր։ Կյանքով լեցուն, լավատես, թանկագին որդիս իր ջահել կյանքը դրեց հայրենիքի փրկության զոհասեղանին ու մարտիրոսվեց հոկտեմբերի 23-ին Վարադայում թեժ մարտերի ժամանակ։ Խորենիս ծննդյան օրը լույս աշխարհ եկավ մորեղբոր որդին, նրան անվանակոչեցին Խորեն, հերոս եղբոր անվամբ։ 5 տարի է անցել, սակայն ցավը մնում է ցավ ու երբեք էլ չի սպիանում։ Ինչ էլ լինի, երբեք չեմ կարողանա հաշտվել այս դառը իրականության հետ»։
Խորեն Արամի Հաջաթյանը, դաժան պատերազմում ցուցաբերած խիզախությունների համար, հետմահու պարգևատրվել է մարտական մեդալով։
ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ։ ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՈՒ ԽՈՆԱՐՀՈՒՄ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ...
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

