Իրազեկ ժողովուրդն ամենամեծ վտանգն է յուրաքանչյուր կեղծ իշխանության համար. Արման Դանիելյան
Ներքաղաքական«Հայոց հայրենք» կուսակցության առաջին փոխնախագահ ԱՐՄԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ ահազանգում է այն մասին, որ յուրաքանչյուր քաղաքապետ, համայնքապետ կամ հասարակական հեղինակություն, որը կարող է ստանալ ժողովրդի վստահությունը իշխանությունից անկախ, անմիջապես ընկնում է «թիրախի» տակ։ Ըստ նրա, այն, ինչ կատարվում է, հատկապես վերջին օրերին Գյումրու քաղաքապետի կալանավորումն ու նրա մերձավոր շրջապատից մի շարք անձանց ձերբակալությունները, դասական քաղաքական ճնշման մոդել է: Իսկ թե ինչպե՞ս պետք է արձագանքի ընդդիմադիր դաշտը այս իրողությանը, «Իրավունք»-ի հարցին ի պատասխան, նշեց.
— Նախ՝ չվախենալ։ Կոռուպցիայի դեմ պայքարը բոլորիս խնդիրն է, սակայն երբ այն վերածվում է քաղաքական հաշվեհարդարի, ընդդիմադիր ուժերը պարտավոր են միասնաբար պահանջել իրավական թափանցիկություն։ Երկրորդ՝ պահպանել քաղաքական արժանապատվությունը։ Եթե յուրաքանչյուր ձերբակալություն մեզ բաժանի, իշխանությունը միշտ էլ կկարողանա պահպանել իր վերահսկողությունը։
Երրորդ՝ միավորել հանրային գիտակցությունը։ Պետք է հասկանանք, որ սա մեկ քաղաքապետի գործ չէ. սա երկրի ժողովրդավարական համակարգի եւ իշխանության պատասխանատվության փորձաքարն է։
Ինչ վերաբերում է «Հայոց հայրենիք» կուսակցության դիրքորոշմանը, մենք չենք շեղվում մեր ուղուց։ Այսօր մեզ պետք է ոչ թե վրեժ, այլ պետություն՝ օրենքով, արդարությամբ եւ վստահությամբ։ Եթե անգամ մեկ քաղաքապետի ձերբակալությունը օգնում է բացահայտել իշխանության իրական դեմքը, ապա ժողովուրդը մի քայլ ավելի է մոտենում իրազեկությանը։ Իսկ իրազեկ ժողովուրդը ամենամեծ վտանգն է յուրաքանչյուր կեղծ իշխանության համար։ Հայաստանի քաղաքական իրականությունը վաղուց անցել է իրավական հարթությունից եւ դարձել է արժանապատվության ու ժողովրդավարության պայքար։ «Հայոց հայրենիք» կուսակցության դիրքորոշումն ընդգծում է՝ այս պայքարը միայն իշխանության դեմ չէ, այն պայքար է հանուն պետության՝ արդարության եւ հավասարության սկզբունքներով։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

