Մայր Աթոռում տեղի ունեցավ Հովհաննես Չիլինգիրյանի անվան գրադարանի բացման և շքանշանի հանձնման արարողություն
ՀասարակությունՀոկտեմբերի 22-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի Կոմիտասյան դահլիճում բացվեց բարեհիշատակ Հովհաննես Չիլինգիրյանի անվան գրադարանը, որի հաստատման նախաձեռնությունը կյանքի կոչվեց մեծանուն հայորդու դուստերի՝ Շամիր Ավագյան Չիլինգիրյանի և Անի Սրմաքեշ Չիլինգիրյանի օժանդակությամբ և ազնիվ ջանքերով։
Գրադարանը պարունակում է Հովհաննես Չիլինգիրյանի հնատիպ գրքերի հավաքածուն։
Գրադարանի հանդիսավոր բացումը սկսվեց Տերունական աղոթքով։ Այս առիթով Վեհափառ Հայրապետը Տեր և Տիկին Հակոբ և Շամիր Ավագյաններին շնորհեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշան։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարերար ամոլին հանձնեց Հայ Եկեղեցու բարձրագույն շքանշանը` վերստին բերելով Հայրապետական իր օրհնությունն ու բարեմաղթանքները:
Ընտանիքի անունից Նորին Սրբությանն իր երախտիքի ու սրտի խոսքը հղեց տիկին Շամիր Ավագյանը։
Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես եկան Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի պատանի երաժիշտ-կատարողները։
Վերջում հանդիսությունն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Պահպանիչ» աղոթքով։

