Իշխանությունն անգամ իր մտերիմների շրջանում վստահություն չի վայելում. Կարապետ Պողոսյան
Ներքաղաքական«Իրավունք»-ը զրուցել է գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, իրավապաշտպան ԿԱՐԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ՝ ինչպես Գյումրիում տիրող ներկայիս քաղաքական իրավիճակի, այնպես էլ ընդհանուր ներքաղաքական իրադրության շուրջ:
«ԱՐՀԱՄԱՐՀՈՒՄ ԵՆ ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆ ՈՒ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
— Պարոն Պողոսյան ինչպե՞ս կգնահատեք Գյումրիում տեղի ունեցող զարգացումները՝ հատկապես կապված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորման հետ։
— Սա միանշանակ քաղաքական գործընթաց է։ Իսկ թե ինչու, որովհետեւ մենք տեսանք, որ այդ ամենի հիմնական կազմակերպիչն ու պատասխանատուն հենց իշխանություններն են կամ կառավարիչները։ Նրանք էին, ովքեր ի սկզբանե սադրեցին եւ աճեցրին այդ ամենը, որպեսզի կարողանան դիմադրել, ձերբակալություններ իրականացնել եւ այդ կերպ փորձել փչացնել գյումրեցիների տրամադրությունները։
Ես չեմ ուզում որեւէ կերպ խառնվել իրավական գործընթացներին, բայց շատ լավ պատկերացնում եմ, որ եթե դա լիներ պարզապես իրավական խնդիր, եթե դա վերաբերեր միայն իրավական վարկածներին, ապա նրանք կարող էին ուղղակի, առանց աղմուկի, Վարդան Ղուկասյանին հրավիրել Հակակոռուպցիոն կոմիտե եւ որոշել նրա խափանման միջոցը։
Բայց նրանք նպատակաուղղված, նախապես պլանավորված ձեւով, այսպես ասած՝ ցուցադրական մտան Գյումրի, եւ հենց այդ պահին, երբ ձերբակալեցին, հնարավորություն տվեցին, որ Ղուկասյանի կողմնակիցները հավաքվեն։ Դա էլ հանգեցրեց նրան, որ տրամադրությունները բարձրացան, եւ հետո սկսեցին անհամաչափ կերպով ուժ կիրառել։
Այս ամենը հստակ ապացուցում է այն, որ ամբողջը նախապես պլանավորված էր։ Եվ եւս մի բան ասեմ. երեկ առավոտյան, երբ Ազգային ժողովում նայում էի ՔՊ-ականների խմբակցության կամ ներկայացուցիչների հայտարարությունները, արդեն պարզ էր, որ նրանք հենց այսօրվա իրադարձությունների համար էին ամեն բան նախապատրաստել։
Իմփիչմենթի գործընթացի շուրջ նրանք փորձում էին հակափաստարկներ ներկայացնել, ինչը հենց իրենք էլ ապացուցեցին եւ փաստեցին՝ այն հանգամանքը, որ իշխանությունները, այսպես ասած, արհամարհում են գյումրեցիների կարծիքն ու տրամադրությունները։ Նրանց համար յուրաքանչյուր գործողություն ոչ թե ժողովրդի շահերից է բխում, այլ միանշանակ ուղղված է սեփական շահերը պաշտպանելուն եւ իրենց խմբակը պահպանելուն։
— Ի՞նչ նախադրյալներ կային նման միջադեպի համար։ Արդյո՞ք այս ամենը վկայում է կենտրոնական իշխանության նկատմամբ անվստահության խորացման մասին։
— Միանշանակ, տեսեք. ոչ միայն Գյումրիում, այլեւ ամբողջ Հայաստանում այդ խնդիրը կա՝ օրվա իշխանությունների պատճառով։ Դուք ակնհայտորեն կտեսնեք, որ նրանք անգամ իրենց մտերիմ կողմնակիցների շրջանում վստահություն չեն վայելում։ Ըստ այդմ, վստահության մակարդակը զրոյական է. պետք է ասեմ՝ նրանք ուղղակիորեն աբիժնիկ մարդիկ են (կներեք բառի համար)։ Իրենք հերթական անգամ ցույց են տալիս, թե որ տեսակն են՝ ասում են, որ կարող են դաժանություններ ցուցաբերել կամ նմանատիպ այլ գործողություններ իրականացնել։
Այս ամենը միտված է իրենց ներքին ռեսուրսները պահպանելուն, իրենց դիրքերը ամրապնդելուն։ Միեւնույն ժամանակ, ընդդիմադիր հատվածը ցույց է տալիս, որ դժգոհության ալիքը ոչ միայն Գյումրիում է բարձրացել։ Ես նույնիսկ ճանաչում եմ շատ գյումրեցիների, որոնցից մի քանիսը ձերբակալվել են կամ ենթարկվել են ճնշումների փողոցում։ Անշուշտ, կան այնպիսի մարդիկ, որոնք ժամանակին Փաշինյանի կողմնակիցներ էին՝ նույնիսկ նրանց միջոցով է իշխանության մի մասը եկել, բայց հիմա այդ նույն մարդկանց չեն խնայում։
Այս իրավիճակն արդեն խոսում է այն մասին, որ իշխանությունների քայլերն ուղղված են հայ ժողովրդի՝ Հայաստանի քաղաքացիների վրա ճնշում գործադրելու, նրանց վերահսկելու ձգտմանը։
«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ՈՐ ԱՅՍ ԱՄԵՆԸ ԱՆՄԻՋԱՊԵՍ ԿՀԱՆԳԵՑՆԻ ԻՆՉ-ՈՐ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱԼԻՔԻ»
— Վարդան Ղուկասյանը նախկինում եղել է երկարամյա քաղաքապետ եւ ունի ազդեցություն քաղաքի որոշ հատվածներում։ Արդյո՞ք հնարավոր է, որ նրա դեմ ուղղված գործողությունները նպատակ ունեն թուլացնել Գյումրիում ընդդիմադիր ազդեցությունը։
— Չեմ կարծում, որովհետեւ նախ այսօր թե՛ Գյումրիում, թե՛ Հայաստանի մյուս բոլոր դաշտերում ընդդիմադիր բեւեռը բավական բազմաշերտ է։ Պետք է նշենք, որ, օրինակ, Գյումրիում կային ընդդիմադիրներ դեռ այն ժամանակ, երբ Վարդան Ղուկասյանը ընդդիմադիր չէր։ Եվ հենց այդ ժամանակ էլ Գյումրիում ձեւավորվեցին ընդդիմադիրներ, որոնք ավելի կտրուկ ընդդիմադիր էին, թեկուզ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունից հետո։
Այսինքն՝ այստեղ մարդկանց դժգոհությունների կամ վերաբերմունքի խնդիրը չկար՝ որպես այդպիսին։ Այստեղ պարզապես իշխանությունները ուղղակիորեն օգտագործեցին այս ամենը, եւ այսօր նրանք, իպիչմենթի դեմ իրենց հակափաստարկներում, փորձեցին, այսպես ասած, «պատռվել»՝ ցույց տալու համար իրենց վճռականությունը։
Միաժամանակ՝ երկրորդ հերթին, իշխանությունները փորձեցին ժողովրդին, կամ դրա որոշ հատվածին, ցույց տալ, որ իրենք դեռեւս կարող են բազմահազարանոց ոստիկաններով օպերացիաներ իրականացնել։ Իսկ դրանից բացի՝ նրանք նաեւ նպատակ ունեին ձեւավորելու վախի մթնոլորտ շատերի մոտ, հատկապես՝ սովորական քաղաքացիների շրջանում։
— Ինչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսում մոտակա օրերին Գյումրիում։ Հնարավո՞ր է, որ սա ընդլայնվի եւ ստանա ավելի մեծ քաղաքական դիմադրության տեսք։
— Անկեղծ ասած, չեմ կարծում, որ այս ամենը անմիջապես կհանգեցնի ինչ-որ համաժողովրդական ալիքի։ Ինչպիսին կլինեն զարգացումները, այդ հարցն այս պահին գնահատել կամ կռահել բավական դժվար է, որովհետեւ ամեն ինչ խիստ կապված է եղել Վարդան Ղուկասյանի եւ իշխանությունների կամքով։ Այս ամենի արդյունքում պետք է նշել, որ առավել շահած կամ կորցնող կարող են լինել հենց Ղուկասյանի թիմը կամ իշխանական թիմը։ Կարելի է ասել, որ սա ոչ մի պարզ կանխատեսելի գործընթաց չէ հայաստանյան ներքաղաքական կյանքում։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

