Վտանգավոր խաղալիք շուկայում. թիրախում երեխաների առողջությունն է
ՀասարակությունՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտարարություն է տարածել առ այն, որ կատարելով վերահսկողական միջոցառումներ՝ «Խաղալիքների անվտանգության ստուգման վերաբերյալ» հայտնաբերել է «ՍԼԱՅՄԵՐ» տեսակի խաղալիք, որը չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին եւ պարունակում է վտանգավոր բաղադրիչներ :
Արձանագրված խախտումները վերացնելու նպատակով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար ԱՐՄԵՆ ԿՈՏՈԼՅԱՆԻ կողմից արձակվել են արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման, հետկանչման եւ ոչնչացման վերաբերյալ կարգադրագրեր։
«Իրավունք»-ին հաջողվեց պարզել, որ շուկայի վերահսկողության տեսչական մարմինն այլեւս ունի լաբորատորիա, որը զինված է վերջին տեխնոլոգիաներով: Այնտեղ էլ անցկացվում են համապատասխան փորձաքննությունները: Առաջին իսկ փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է վերոնշյալ խաղալիքի խախտումը:
Ոչնչացման պրոցեսը կազմակերպվում է հատուկ կազմակերպությունների շնորհիվ, որոնք համապատասխան մրցույթները շահած եւ հավատարմագրված են: Վերջիններս էլ իրենց հերթին անցկացնում են խորհրդատվություն եւ հանձնաժողովի որոշման հիման վրա ոչնչացնում տվյալ ապրանքը:
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել նշված տեսակի խաղալիքները, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ եւ վերադարձնել դրանք՝ հետագայում երեխաների առողջությանը հասցվելիք վնասներից խուսափելու համար։
«Իրավունք»-ի հարցին, արդյո՞ք սպառողը կարող է հետ պահաջել իր գումարը, համապատասխան մարմնից պատասխանեցին, որ ցանկացած դեպքում սպառողը պետք է պահանջի իր վճարած գումարը, վերադարձնի ապրանքը, նույնիսկ եթե անցել է մեկ տարի ժամանակահատված:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

