Մարդկանց կանչում են բաժանմունքներ եւ սպառնալիքներ են հնչեցնում. Դանիելյան
ՆերքաղաքականԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԱՌՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ գնահատմամբ՝ բռնապետական ռեժիմի ամբողջ գործիքակազմն իշխանությունների կողմից օգտագործվում է՝ այլախոհներին լռեցնելու, նաեւ իրենց վրա այլ ճնշումներ գործադրելու համար: Ըստ նրա` ոստիկանները ոչ թե ոստիկանական պարտականություններն են կատարում, այլ խոշտանգելն ու ծեծելն իրենց համար ընդունելի է դարձել, կարծես, հոգիները փառավորվում է։
— Հանրահավանքներին մասնակցող մարդկանց կանչում են ոստիկանական բաժանմունքներ եւ սպառնալիքներ են հնչեցնում։ Այդ մարդկանց աշխատանքից ազատում են, նրանց մտերիմներին են աշխատանքից ազատում, այսինքն՝ բռնապետական ռեժիմի բոլոր գործիքակազմերն իշխանությունների կողմից օգտագործվում են՝ այլախոհներին լռեցնելու, նաեւ իրենց վրա այլ ճնշումներ գործադրելու համար։ Նման դեպքերը տասնյակ են, հարյուրավոր են, եթե ոչ ավելի շատ: Իրավապահները թող մի օր գաղտնալսեն ՔՊ վերին էշելոնի մարդկանց՝ Նիկոլից սկսած, մինչեւ շարքային գործերով զբաղվողին, այնտեղ այնքան հանցագործություններ ու ուղղորդումներ կգտնեն, որ էլ չափ ու սահման չկա: Եթե Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ բոլորին կարող է տանել քրեակատարողական հիմնարկներ, չարաչար սխալվում է։ Այնքան շատ են դժգոհողները, այնքան շատ են այն մարդիկ, որոնք պատրաստ են պայքարել, եւ իրենց պետք չէ վախեցնել բանտերով։ Այդ մարդիկ գնալու են, պայքարելու են, որովհետեւ այլընտրանք չկա, այլընտրանքն այս ռեժիմից ազատվելն է:

