Ում` ի՞նչ ենք ասում. ԶԱՐՄԱՆՔ
Պատկերացնո՞ւմ եք մի խորհրդարան, որտեղ փոխխոսնակը՝ պետության բարձր պաշտոն զբաղեցնող մի մարդ, լսելով ընդդիմադիրի սուր, սակայն լիովին խորհրդարանական ելույթը՝ ոչ միայն ընդհատում է, այլ նաեւ հեգնում, վիրավորում, ծաղրում… Զարմանալ կարելի է, ինչպե՞ս է ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆՆ այս հիստերիկ պահվածքով դեռ ԱԺ փոխնախագահ։ Այն, ինչ երեկ ականատես եղանք Ազգային ժողովում, հերթական խայտառակությունն էր: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթից ջղաձգված` Ռուբինյանն ուղղակի կորցրել էր իրեն: Սա խորհրդարան է, թե՞ թայֆայական վեճերի հրապարակ։ Սա փոխնախագահի վարքագի՞ծ է, թե՞ ինչ-որ անհասկանալի կադրի նոպա՝ իշխանության աթոռը պահելու վերջին ճիգով։ Հարցը մնում է օդում: Իսկ ճիշտ ախտորոշումը տալիս է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը. «Նիկոլական մեծամասնության որջի վերածված Ազգային ժողովում Աննա Մկրտչյանը, ճշմարտությունը բարձրաձայնելով, հիստերիկայի հասցրեց նիկոլական մի քանի թափթփուկի, որոնց պահվածքը անհարիր է ոչ միայն պետական պաշտոնյայի, այլեւ սովորական հայ տղամարդու դեպքում։ Հիրավի, սրանք Նիկոլի ունիվերսալ ուսապարկեր են՝ հարկ եղած դեպքում կարող են լինել ե՛ւ բանդա, ե՛ւ բոլուկ, ե՛ւ ոհմակ, ե՛ւ երեքմաննաթանոց ղժղժան հարեմ։ Երկիրս՝ վիլայեթի, խորհրդարանը՝ մեջլիսի, հայերին՝ գյաուրի վերածելու ճամփեն բռնածների ականջա-տհաճո սոպրանոյին կնախանձեր անգամ կաստրատ Ֆարինելլին։Այդ բանդայի տեղը իրականում պատմության աղբանոցում է եւ դանթեական դժոխքի 9-րդ շրջանում՝ մարդկության ամենաքստմնելի դավաճանների կողքին…»:
Սպիտակի ՔՊ-ական համայնքապետ ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆՆ արդեն որերորդ անգամ հայտնվում է սկանդալային պատմության կիզակետում։ Այս անգամ՝ անմիջապես համայնքապետարանի միջանցքում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով։ Քարաձոր համայնքի բնակիչ Գագիկ Էմինյանը, ըստ լրատվամիջոցներում հնչեցրած իր խոսքի, Սպիտակի քաղաքապետարան էր այցելել ջրամատակարարման խնդիրներով, սակայն բախվել է ոչ թե վարչական ընթացակարգի, այլ համայնքապետի բռունցքներին ու հայհոյանքներին։ Եվ զարմանալին այն չէ, որ Սպիտակի քաղաքապետարանում քաղաքացու հետ խոսում են ոչ թե փաստաթղթերով, այլ` բռունցքներով, այլ այն, թե ինչ քայլեր են ձեռնարկում իրավապահները։ Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ միջադեպի վերաբերյալ նյութերն արդեն փոխանցվել են Քննչական կոմիտե։ Բայց, պարզվում է՝ ՔԿ-ն ոչ էլ քրեական գործ է հարուցել: ՔԿ-ից պարզաբանել են՝ «մասնավոր գանգատի» դեպք է, եւ իրենք չունեն քրեական վարույթ սկսելու լիազորություն։ Ստացվում է՝ եթե ձեզ ծեծում է ՔՊ-ական համայնքապետը, պետությունը ձեր կողքին չէ։ Քննչական կոմիտեն՝ որպես իշխանության գործիք, պարզապես ձեռքերը լվանում է։ Բայց ի՞նչն է մասնավոր այս պատմության մեջ։ Միթե՞ քաղաքացուն ծեծելը արդեն քրեական հանցագործություն չէ։ Չնայած ում` ի՞նչ ենք ասում…
Հենց այս համատեքստում է քաղակտիվիստ ԱՐԹՈՒՐ ՉԱԽՈՅԱՆԻ պատմածը: Ասում է, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանի մտերիմները Բաղյան 2/5 հասցեում՝ համայնքային 500 քմ հողատարածքի վրա (գնահատված՝ 360 հազար դոլար), առանց շինթույլտվության ապօրինի շուկա են կառուցում։ Չախոյանի խոսքով՝ այդ մասին տեսանյութի նկարահանման օրը (6 օր առաջ) մի խումբ խմած տղամարդիկ հարձակվել էին իր վրա՝ խոչընդոտելով նկարահանմանը։ Երեք անձ ձերբակալվել էր, բայց... շուտով ազատ էին արձակվել: Եվ 6 օր անց նույն տարածքում նոր տեսանյութ նկարելիս, Չախոյանի վրա կրկին հարձակվել են. նույն՝ արդեն «ձերբակալված» ավինյանականն այս անգամ գողացել է ակտիվիստի հեռախոսը։ Բա որ ասում ենք՝ համատարած բեսպրիդել է…
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը
https://iravunk.com/sim/?p=325886&l=am/

