«Առաջին հերթին պիտի Ավինյանին գործից ազատեն»
ՀասարակությունՆուբարաշենի հրդեհներն ու հանրության կարծիքները
Նուբարաշենի աղբավայրի հրդեհները հազվադեպ չեն, ավելին` միայն այս տարի արդեն 12-րդ անգամ նույն տարածքում բռնկվող հրդեհների խնդիրը դարձել է բնակիչների ամենացավոտ հիմնախնդիրներից մեկը։
Երևանցիների հետ իրականացված հարցման ընթացքում քաղաքացիների կարծիքները բաժանվեցին մի քանի խմբի։ Այսպես՝ տեղացիներից ոմանք աղբահանության հայկական տարբերակը համեմատում են նախնադարի հետ. «Աղբահանությունը, ընդհանրապես էդ աղբ այրելը սարսափելի բան ա, աշխարհը վաղուց արդեն դա չի անում, որովհետև դա շատ վտանգավոր բան է։ Ես մասնագետ չեմ, բայց ինչ-որ մի բան պետք է արվի անպայմնան։ Էդպես ապրել են մեր պապերը՝ աղբը այրելով, բայց այսօր այդպես չի կարելի ապրել, այն էլ՝ քաղաքում։ Իսկ թե ինչ պետք է անեն, դրա համար մասնագետներ կան։ Այսինքն՝ կարևորը ցանկությունն ա, որ ինչ-որ մեկը պետք է հասկանա, որ պետք է անեն, ոչ թե այրեն ու հետո... տեղից էլ մենք ապրում ենք սարսափելի փոշոտ , աղտոտված օդով քաղաքում, դրան գումարվում ա նաև աղբ այրելը, որը նախնադար ա հիշեցնում ինձ»։
Նախնադարի հետ համեմատելուց զատ՝ մեր համաքաղաքացիները քննարկում են նաև եվրոպական երկրների փորձը. «Իհարկե, մենք շատ ենք հետ եվրոպական երկրներից, թե ինչ ձևի են «ուտիլիզացիա» անում, իսկ Սովետաշենը գտնվում է Երևանից ոչ հեռու, և էդ ամեն ինչն իհարկե ազդում է էկոլոգիայի վրա, առողջության վրա և քաղաքի իմիջի վրա, Երևանը՝ որպես մայրաքաղաք, տուրիստների համար շատ բացասական ազդեցություն ա ունենում»։
Իսկ որոշ հնարամիտ ու սրտացավ անցորդներ երևանյան աղբահանության և հրդեհների խնդիրները համեմատում էին Շվեդիայի հետ. «Օրինակ՝ Շվեդիայում հող են լցնում։ Պետք է մի հատ գործարան սարքեն, աղբը գործարանում մշակվի։ Սա նորություն չի, կրակ վառելը աշխարհի պրոբլեմն ա։ Պարսկաստանում նույնն ա, եթե գնում ես օդանավակայանից տուն, գարշահոտությունից չես կարող շնչել։ Ամեն տեղ էդ պրոբլեմը կա, հիմա էս մեր երկրի պրոբլեմը հատուկ լուծում չունի։ Կառավարությունը ոչինչ չի կարող անել, որովհետև ժողովուրդը պետք է օգնի կառավարությանը։ Կառավարությունը ժողովուրդն ա, չէ՞»։
Հետևողական քննադատության հետ մեկտեղ երբեմն հնչում էին նաև կենացներ հիշեցնող կարծիքներ. «Ի՞նչ ասեմ, պետք է մաքրվի, չէ՞ որ էնտեղի ապրող ժողովուրդն էլ է մարդ, որովհետև օդը շնչում են, իսկ դա հիվանդության բուն է։ Ամեն ինչը պետք է տեղին լինի, մեկը մեկին հասկանա, մեկը մյուսին մի քիչ ընդառաջեն։ Վատ մարդիկ շատ կան»։
Մեկ այլ քաղաքացի ընդհանրապես կարծես թե աշխարհին նայում էր վարդագույն ակնոցով. «Ոչ մի դիտավորություն չկա, պետք է շտկել, գեղեցիկը անել, գտնել ելքերը, որ սիրուն երկիրը ճիշտ ղեկավարվի։ Ես կարող եմ ասել, որ երթևեկությունը լավ է, առաջ ով ում գլխին ասես նստած էր երթևեկում, իսկ հիմա նայում եմ՝ լավ է։ Միանգամից չի լինի․ պիտի բոլորս էլ համբերությամբ լցվենք»։
Հարցման ընթացքում ավելի հաճախ հնչում էին քննադատական խոսքեր ու կարծիքներ. «Առաջին հերթին պիտի Ավինյանին գործից ազատեն, առաջին հերթին ովքեր որ պիտի դրանով զբաղվեն, յոթ տարվա մեջ չեն կարողացել դա անել։ Դա ցույց է տալիս, թե ովքեր են այսօր ղեկավարում մեր Երևանը։ Հաջորդ քայլն էլ վարչապետին, ՔՊ-ին հեռացնելն ա։ Որովհետև դա իրանց կամանդն ա, չէ՞։ Մենք տեսնում ենք, թե ինչ ա կատարվում էկոլոգիայի հետ»։
Մեկ այլ քաղաքացի ավելի կտրուկ արտահայտվեց՝ նշելով, որ խնդրահարույց հարցի լուծումն ու ցանկությունը հետևյալն է. «Գցել այդ ամբողջ խմբակին, որ գտնվում է Աժ-ում, Նուբարաշենի աղբավայր»։
Քաղաքացիները հարցման ընթացքում հիշեցին չինացիներին, որ կարող են վերամշակել աղբը, ոմանք էլ նշեցին, որ Նուբարաշենի և ընդհանրապես աղբահանության հիմնախնդիրներով պետք է զբաղվեն բնապահպանական և առողջապահական խնդիրներով շահագրգռված խմբերը։
Հարցման ընթացքում հնչեցին բազմաթիվ կարծիքներ ու առաջարկներ։ Բազմաշերտ ու բևեռացված մեր հասարակության փոքրիկ այս հարցումը բացահայտեց մի ընդհանուր գաղափար. «Պետք է լինել հետևողական և հստակ լուծումներ գտնել, ինչն այդպես էլ մնացել է միայն որպես ռազմավարական թղթե տեսլական, որի ապագան նույնքան խավար է, որքան երևանյան աղտոտված օդը»։
Ստելլա Գևորգյան
https://iravunk.com/sim/?p=325723&l=am/

