Մոսկվան հենց այնպես չէ,որ հետ բերեց Ալիեվին ու Նիկոլին բանակցային հարթակ տալու առաջարկը
ՎերլուծությունԻնչպես եւ ենթադրվում էր, ռուս-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը միանգամայն ակտիվ դինամիկայի փուլ է մտել: Որպես հետեւանք` դա բերում է նաեւ Բաքվի եւ Թեհրանի հարաբերություններում որակական տեղաշարժերի: Դրա ցուցիչներից մեկն էլ դարձավ օրերս Բաքվում կայացած եռակողմ հանդիպումը եւ կայացված որոշումները Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի միջեւ՝ կապված «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հետ: Եվ այն, որ այդ հանդիպումը տեղի ունեցավ Պուտինի եւ Ալիեւի հանդիպումից գրեթե անմիջապես հետո, գալիս է ակնարկելու, որ որոշումը կայացվել է ամենաբարձր մակարդակով:
«ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎԸ» ՆՈՐԻՑ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ Է
Այսպես, Բաքվի հանդիպման արդյունքում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը եւ Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Ֆերզանե Սադուղը հայտարարեցին, որ պայմանավորվել են «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումների տարեկան ծավալը հասցնել 15 մլն տոննայի, ինչպես նաեւ ապահովել բեռնահոսքի շարունակական աճ: Ըստ այդմ, պետք է արագորեն ավարտական տեսքի բերել Ռեշտ–Աստարա երկաթուղային գիծը եւ դրա տերմինալային համակարգը, նաեւ պայմանավորվածություններ են ձեռք բերել այլ տեխնիկական հարցերի հետ կապված:
15 միլիոն տոննա բեռնաշրջանառությունը, իհարկե, լուրջ ցուցանիշ է: Չնայած, դա, միանշանակ, այս նախագծի սահմանը չէ: Այդ նախագիծը նախ՝ ենթադրում է ՌԴ-ից Հնդկական օվկիանոս, հետագայում նաեւ դեպի Եվրոպա կապ: Գումարած, Իրանը նաեւ լոգիստիկ հաբի դերում է Չինաստանից Եվրոպա ուղղությամբ, եւ այդ բեռնաշրջանառության մի մասը եւս կտեղափոխվի ՌԴ-Ադրբեջան-Իրան երթուղով: Այսինքն, եթե ծրագիրը հաջողությամբ զարգանա, ապա նշված 15 միլիոն տոննան կարող է անգամներով բազմապատկվել՝ համապատասխան եկամուտներով հանդերձ:
Մեկ նրբերանգ եւս, որը նաեւ Հայաստանի համար է շատ կարեւոր: Վերջապես, եթե Իրան-Ադրբեջան կապուղին գործի մեծ ծավալներով, տեխնիկապես այդ գործընթացը սկսի աշխատել, ապա նաեւ Կենտրոնական Ասիայի երկրների համար է այն դառնում փոխադրումների հարմար ուղի: Համեմատած Կասպից ծովով անցնող ներկայիս քննարկվող փոխադրումների ծրագրերին են, որոնք մի շարք խնդիրների հետ կապված, լուծում պարզապես չունեն: Այսինքն, «Թրամփի ուղի» կոչվող նախագիծը, որը հայաստանյան չինովնիկությունը փորձում է ներկայացնել, որպես ինչ-որ արտառոց մեգանախագիծ, պարզապես կա´մ չի կարող իրականություն դառնալ, կա´մ պետք է հասնի Ադրբեջան եւ այնտեղ օգտվի իրանական կամ ռուսական լոգիստիկաներից՝ մեծ շուկաներ հասանելիություն ունենալու համար: Նիկոլը, ճիշտ է, փորձում է այդ հարցը տանել-կապել իր քարոզած «խաչմերուկի» գաղափարի հետ, թե՝ այդ ճանապարհը ինչպես արեւելքից-արեւմուտք, այնպես էլ՝ հյուսիսից հարավ մեխանիզմ է ենթադրում: Միայն թե այստեղ մեկ էական հարց կա. Ադրբեջանին էլ մի կողմ թողնենք, իսկ Մոսկվային եւ Թեհրանին որքանո՞վ կհետաքրքրի մի միջանցք, որը պետք է կառավարեն ամերիկացիները: Այն է՝ ունենան ոչ միայն այդ ճանապարհով անցնող բեռները վերահսկելու, այլ նաեւ իրենց հարմար ցանկացած պահի այն բացել-փակելու հնարավորություն: Ընդ որում` 99 տարով:
Այս տեսանկյունից, իհարկե, հետաքրքիր էր Օվերչուկի՝ օրերս հնչեցրած հայտարարությունը, թե՝ Ռուսաստանը աջակցում է Հայաստանին Ադրբեջանի հետ «Թրամփի երթուղի» անվամբ տրանսպորտային միջանցք ստեղծելու ծրագրերում, եթե Երեւանը դա անհրաժեշտ համարի: Բացատրությունը սա է. «Մենք հարցը քննարկում ենք այս հարթությունում։ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, եւ եթե Հայաստանը կարծում է, որ իր համար ինչ-որ բան լավ է, ապա, իհարկե, մենք այստեղ աջակցում ենք Հայաստանին»: Իսկ եթե ինչ-որ պահի Հայաստանը Ռուսաստանի «ռազմավարական դաշնակիցը» չլինի, էլի կաջակցե՞ն: Խոշոր հաշվով, նախօրեին դրա հետ կապված հերթական զգուշացումը եկավ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինից. «Եթե Հայաստանը գնա եվրոպական ընտրության ճանապարհով, ապա դա օբյեկտիվորեն կհանգեցնի այն հաստատված տնտեսական հարաբերությունների վերանայմանը, որ Երեւանը ներկայումս ունի իր գործընկերների հետ ԵԱՏՄ-ի շրջանակներում: Սա, հավանաբար, բավականին ցավոտ գործընթաց կլինի, այդ թվում, ցավոք, Հայաստանի բնակչության համար»: Այսինքն, միաժամանակ ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին անդամակցելն անհնար է՝ «Քանի որ այդ միություններն ունեն տարբեր մաքսային եւ սակագնային կարգավորումներ: Դրանք, ըստ էության, տարբեր տնտեսական բլոկներ են»: Ու այդ տրամաբանությամբ. եթե Հայաստանը «Թրամփի ուղի» է ստեղծում՝ մնալով ԵԱՏՄ-ում, դա մեկ տարբերակ է. անկախ անվանումից, այդ ճանապարհը պետք է գործի ԵԱՏՄ կանոնակարգերով: Եթե ոչ, ապա կարող է շարունակել ամերիկյան վերահսկողությամբ «Թրամփի ուղու» կառուցումը: Միայն թե այդ դեպքում այդ ճանապարհը հազիվ թե ռուսական եւ իրանական ուղիների հետ կարողանա գործարկել:
ԱԼԻԵՎԸ ՆՈՐԻՑ ՉԻ «ԳՑԻ» ՌՈՒՍՆԵՐԻՆ
Կարճ ասած, ամբողջ հարցը այն է, թե Ալիեւի ներկա կուրսը «Հյուսիս-Հարավ» ուղղությամբ որքանո՞վ է կայուն լինելու: 15 միլիոն տոննա բեռնափոխադրումները, որոնք խոստանում են բազմապատկվել, իհարկե, Հեյդարովիչի համար շատ լուրջ շահագրգռող գործոն է: Առավել եւս, որ դրա այլընտրանքը կարող է լինել ռուս-իրանական ճանապարհներից չօգտվելը, երբ նաեւ կասկածելի է Կասպից ծովով լուրջ բեռնափոխադրումների հեռանկարը: Ադրբեջանն էլ, ինչպես շարունակում են մատնանշել փորձագետները, ունի էներգառեսուրսների արդյունահանման շարունակական անկում: Ըստ այդմ, ֆինանսական ապագան, տրամաբանական է, որ Բաքուն կփորձի կապել մասշտաբային բեռնափոխադրումների գաղափարի հետ:
Ընդ որում, հարաբերությունների զարգացման դրական դինամիկայի մասին խոսեց նաեւ ՌԴ ԱԳՆ-ն: Ըստ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, Պուտինի եւ Ալիեւի բանակցությունների արդյունքում Ռուսաստանը հաստատում է 2022 թվականի փետրվարի 22-ին ստորագրված՝ «ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ դաշնակցային փոխգործակցության հռչակագրի ողջ ներուժը բացահայտելու տրամադրվածությունը»: Նմանապես դրական է գնահատվում նաեւ փոխվարչապետ Օվերչուկի հիշատակված այցը Բաքու: Վերջապես, Զախարովան նաեւ ընդգծեց, որ բացի տարբեր տարածաշրջանային ձեւաչափերում (ԱՊՀ, ՇՀԿ, «Կասպյան հնգյակ», «3+3» եւ այլն) կապերի աշխուժացումից, նաեւ. «Մենք տեսնում ենք Եվրասիական տնտեսական միության հետ Բաքվի երկխոսության սերտացում»:
Իհարկե, Ալիեւն ակտիվ կապերի մեջ է Թյուրքական աշխարհի հետ, վերջերս անգամ խոսում էր թյուրքական բանակի եւ նման բաների մասին: Նաեւ սերտ կապերի մեջ է Իսրայելի հետ: Այսինքն, միշտ էլ կա ռիսկը, որ ցանկացած պահի Հեյդարովիչը կարող է նոր շրջադարձի գնալ: Բայց դրանով հանդերձ, մեկ իրողություն կա, որը չի փոխվում. Կասպից ծովը խոշոր բեռնափոխադրումների հարմար ուղի չէ, եւ Ադրբեջանի հիմնական շարժը կախված է մնալու «Հյուսիս-հարավ» գծից:
Իսկ այդ վերջին գործոնը, կրկնենք, նաեւ Հայաստանի համար է անհեռանկարային թողնում Արեւելք-Արեւմուտք ուղղությունը. գնալու ճանապարհը, որը կշրջանցի Ռուսաստանն ու Իրանը, պարզապես չկա: Ինչպես կոմունիկացիոն ոլորտում, այնպես էլ, որ բխում է դրանից, նաեւ աշխարհաքաղաքական:
ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԹԱԿԸ
Ահա այս վերջին զարգացումների ֆոնին հետաքրքիր տեսք ուներ Գալուզինի եւս մեկ հայտարարությունը: Այն է. «Մեր առաջարկը՝ հարթակ տրամադրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար, ուժի մեջ է մնում»:
Խոսքը, հասկանալի է, այն նույն «խաղաղության պայմանագրի» մասին է, որը կարող էր ԱՄՆ-ում ստորագրվել, բայց ընդամենը նախաստորագրվեց: Ընդ որում ասել, թե դրանից հետո ԱՄՆ-ից ինչ-որ լուրջ քայլեր կան, թե եկեք, ստորագրենք-վերջացնենք, տեղին չէր լինի:
Դրանից հետո, թեեւ Ալիեւն ու Նիկոլը քանիցս հանդիպելու, միասին սուրճ խմելու առիթներ ունեցել են, բայց մեկ բան չի փոխվում: Բաքուն շարունակում է հայտարարությունները Հայաստանի Սահմանադրությունը փոխելու մասին, որի պոտենցիալը գոնե այս պահին Նիկոլը պարզապես չունի: Եթե անգամ ունենա, մեկ է, էն գլխից էր հասկանալի, որ Սահմանադրությունը միայն պատրվակն է, եւ իրականում ամեն բան մեկ հարցի է տանում՝ ինչ վերահսկողություն է լինելու Սյունիքում: Եթե ամերիկյան, ապա դրան դեմ է ոչ միայն Իրանը, այլ նաեւ՝ Թուրքիան:
Եվրոպան էլ իր հերթին այս ընթացքում փորձեց ինչ-որ խաղեր սկսել, բայց ասել, թե ԵՄ-ի, ավելի ճիշտ՝ Բրիտանիայի պոտենցիալը ներում է, որ Սյունիքում վերահսկողություն սահմանի, միամտություն կլիներ:
Այսպիսով, երբ Պուտինի եւ Ալիեւի հանդիպումից հետո Ռուսաստանը նորից հիշեցնում է իր միջնորդության մասին, հազիվ թե պատահական լինի: Իհարկե, այս պահին, երբ տեսանելիորեն ռուս-ամերիկյան հարաբերությունները նորից սրացման ուղղությամբ են գնում, սպասել, որ Նիկոլն ու Ալիեւն այդ առաջարկին դրական պատասխան կտան, քիչ հավանական է:
Չնայած, իրականում է՞լ ռուս-ամերիկյան հարաբերությունները սրվում են. այստեղ հարցեր շատ կան:
https://iravunk.com/sim/?p=325571&l=am/

