Տեղի ունեցողը ուղղված է հոգևորի՝ որպես ազգային հիմքի դերակատարի չեզոքացմանը. Պարույր Հայրիկյան
ՆերքաղաքականՎերջին օրերին Հայաստանում զարգացող իրադարձությունները, մասնավորապես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու արդեն երեք թեմական առաջնորդների կալանավորումը, հանրային հուզմունք եւ մտահոգություն են առաջացրել: Եկեղեցու եւ հոգեւորականության նկատմամբ իրականացվող գործողությունները՝ իրավական կամ քաղաքական պատրվակների ներքո, շատերի կողմից ընկալվում են ոչ թե որպես առանձին իրավական գործընթացներ, այլ՝ որպես ավելի խորքային, համակարգային բնույթի հարձակում հոգեւորի եւ ազգային ինքնության հիմքերի վրա։ Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԱԻՄ կուսակցության նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ հետ:
«ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՈՒԺԵՐԻ ՀԵՏ, ՈՐՈՆՔ ԳԻՏԱԿՑԱԲԱՐ ՀԱՐՎԱԾՈՒՄ ԵՆ ՀՈԳԵՎՈՐԻՆ»
— Բանը հասավ հոգեւորականների արդեն խմբակային ձերբակալությունների, ապա եւս մեկ սրբազանի կալանավորմանը: Ինչպե՞ս եք վերաբերվում հոգեւորականության դեմ իրականացվող դեպքերի նման զարգացմանը: Ի վերջո, սրանք մասնավոր դեպքե՞ր են, թե՞ ինչ-որ համակարգային գործընթաց՝ Եկեղեցու դեմ։
— Նախ ասեմ, որ առաջին հերթին՝ բուն դիտարկումներից առաջ, մենք գործ ունենք ազգային պղծության հետ, որն ունի հայ ժողովրդին վերաբերող խորքային նպատակներ։ Այդ նպատակները գուցե նույնիսկ ամբողջությամբ մեր երկրի ներսից չեն գալիս։ Եվ դրանից ելնելով՝ այս ամենը մարտավարական եւ հոգեբանական բնույթ է կրում։
Նախ եւ առաջ պետք է ասեմ, որ այսօր շրջանառության մեջ դրված հարցերը հենց այդ նպատակն են հետապնդում՝ հանրությանը կիսաճշմարտություններով մոլորեցնելու։ Երբ դու սուտ ես ասում՝ կես ճշմարտության տեսքով, մարդիկ խառնվում են, մտնում են շփոթության մեջ։ Եվ դա շատ վտանգավոր է։
Պետք է նշել, որ այս գործընթացը նոր չէ։ Սա ընդհանուր, ավելի հին երեւույթ է։ Նման փորձեր արվել են դեռ Խորհրդային տարիներից՝ հոգեւորականության նկատմամբ անվստահություն տարածելու նպատակով։ Նման գործողությունների փորձ եղավ նաեւ 2018 թվականին:
Իսկ վերջին օրերին արդեն երեք սրբազանների կալանավորումը ցույց է տալիս, որ սա պարզապես առանձին դեպք չէ։ Այն, կարծես թե, սատանայի հաճո գործողություն է, այսինքն՝ չարի կամքին համահունչ բան։ Իսկ դա ի՞նչ է նշանակում՝ հոգեւորի բացառություն հասարակությունից։ Բայց եթե հոգեւորն անգամ կատարյալ չէ, միեւնույնն է՝ նա մարդ է, բայց ունի հոգեւոր աշխարհ։ Եվ հենց այդ տարբերությունն է, որ այսօր փորձում են ոչնչացնել։
Հիմա մենք գործ ունենք պետական ակունքներ ունեցող, բռնապետական մտածողություն կրող ուժերի հետ, որոնք ունեն այդպիսի տրամադրվածություն։ Ուստի՝ սկզբունքորեն գնահատականը սա է՝ տեղի ունեցողը ուղղված է հոգեւորի՝ որպես ազգային հիմքի դերակատարի չեզոքացմանը։
Ի դեպ ասեմ՝ երբ մենք պետականություն չենք ունեցել, նույնիսկ մեր ամենածայրահեղ փուլերում ժողովուրդը համեմատաբար հարգալից է եղել հոգեւորականության նկատմամբ։ Բացառություններ, իհարկե, եղել են, բայց ընդհանուր առմամբ՝ ոչ այսպիսի մակարդակով։
Այսօր, սակայն, մենք գործ ունենք ամենալուրջ թշնամու հետ՝ այնպիսի ուժերի, որոնք գիտակցաբար հարվածում են հոգեւորին՝ հասկանալով, որ այդպես կարող են խարխլել ազգային դիմադրողականությունը։
— Իսկ ի՞նչ նպատակ կարող է ունենալ հոգեւորականներին կալանավորելու այս հանգամանքը՝ եկեղեցու հեղինակությունը նվազեցնե՞լ, թե՞ գուցե այլ պատճառներ կարող են լինել։
— Իհարկե, կարելի է ասել, որ այստեղ նույնպես որոշ պատճառներ կան, եւ բնական է, որ պետք է այդ բոլոր պատճառների մեջ խորանալ։ Նկատի ունեմ՝ եթե դու իրականում հավատում ես քո արժեքներին եւ հետեւողական ես այդ գծին, ապա չես կարող շեղվել դրանցից։ Եթե փորձենք հասկանալ նրա նպատակները, ապա, փաստորեն, ստիպված ենք ընդունել, որ դրանք չար նպատակներ են։ Մենք գիտենք, որ նա՝ այսպես ասած, չարի գործիքն է։
Շաբաթ օրը տեղի է ունենալու «Ազգային համագործակցություն» նախաձեռնության կլոր սեղանի հերթական նիստը, որտեղ արդեն հստակ ներկայացվում է նա՝ որպես կոռուպցիոն հանցախմբի ղեկավար (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին, - խմբ.)։ Նա ոչ միայն հանցավոր դրսեւորումներ ունեցող մարդ է, այլեւ անձ, որը պետական համակարգում կոռուպցիոն ճյուղ ունի։ Այդ ամենը հիմնավորվում է օրենքով եւ փաստերի հիման վրա։
Հետեւաբար, մենք գործ ունենք մարդու հետ, որը ոչ թե պարզապես կարող է երբեմն սխալվել, այլ՝ իրականում կոռուպցիոն մաֆիոզ խմբի ներկայացուցիչ է, ավելին՝ նրա ղեկավարը։
«ԵՐԿՐՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԵՎ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ»
— Ի դեպ, տարիներ առաջ նույնպես ականատես ենք եղել եկեղեցականների նկատմամբ ճնշումների եւ կալանավորումների։ Արդյո՞ք կարելի է ասել, որ այսօրվա իրավիճակը դրա շարունակությունն է եւ ընթանում է նույն փուլով, թե՝ ոչ։
— Եղեռնի ժամանակ էլ հատուկ գրքեր են գրվել այդ մասին, հրապարակվել են անգամ հոգեւորականների ցուցակներ՝ կանոններով ու անուններով։ Այսինքն՝ դա նոր բան չէ։ Իհարկե, ես չեմ ուզում ծայրահեղության մեջ ընկնել, բայց գիտեմ, որ այսօրվա գործող անձը հենց նույն թիմից է։ Նա այն մարդն է, որ դեռ այն ժամանակ փորձում էր խտրականության խնդիրներ լուծել՝ իրենց կարծիքով ոչ թե խնդիրներ, այլ իրականում չարագործություններ իրականացնել։ Այսօրվա այս «երիտասարդը»՝ հենց այդ նույն մտածելակերպի ժառանգորդն է։
— Իսկ այս պարագայում խորհրդարանական ընդդիմությունը ի՞նչ պետք է անի կամ ի՞նչ կարող էր անել, որը բաց է թողնվել նրանց կողմից։
— Խորհրդարանական ընդդիմությունը, իհարկե, բողոք է արտահայտում եւ, բարեբախտաբար, դա անում է։ Բայց կարծում եմ՝ նրանք կարող էին շատ ավելի համակարգված եւ նպատակային գործել։ Այսպես ասած՝ օգտվել իրենց իսկ լիբերալ հենարանից եւ միջազգային հանրության աջակցությունից։ Պետք էր ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ երկրում ձեւավորվել է կոռուպցիոն եւ անբարոյական համակարգ, որն ապահովում է, այսպես կոչված, այլ դասի հովանավորվող իշխանական շրջանակների կողմից։
Այդ խնդիրները պետք էր բարձրացնել միջազգային կառույցներում, որտեղ մեր պատգամավորներն էլ են ներկայացված։ Այդ կառույցները երկար տարիներ աջակցել են Հայաստանի ժողովրդավարական պայքարին, եւ հենց այդ պատճառով էլ ունեն բարոյական իրավունք՝ միջամտելու, իրենց ձայնը բարձրացնելու։
Մենք ապրում ենք միջազգային հանրության շրջանակում եւ պետք է հասկանանք, որ մեր խնդիրները միայն մերը չեն. դրանք նաեւ նրանց խնդիրներն են։ Իսկ եթե մեր գործընկերները կարողանան անել ավելին, քան արդեն նախատեսված է, ես միայն ուրախ կլինեմ։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=325461&l=am/

