Ոչ միայն Թեհրան 1943-ի գաղտնիքների մասին․ ՍԵՐԳԵՅ ԱՐՈՒՏՅՈՒՆՈՎ

Հասարակություն

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-րդ տարեդարձի առթիվ 2025 թվականին Մոսկվայում լույս տեսավ իմ նոր գիրքը՝ «Թեհրանի նախօրեին (1941–1943)»։

Ինչպես հասկանում ենք, լայն ընթերցողի համար Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության մեջ Թեհրանում 1943 թվականին երեք մեծ տերությունների առաջին համաժողովի անցկացումը նոր փաստ չէ և լիովին ուսումնասիրված է մեր պատմաբանների, դիվանագետների ու կինովավերագրողների կողմից։ Այս թեմային որևէ նոր բան ավելացնելը դժվար գործ է այն լրագրողի համար, որը հայացք է ձգում մեր փառահեղ անցյալի վրա։ Այդ պատճառով հենվելով հորս՝ գնդապետ Արտաշես Արուտյունովի թողած վավերագրական նյութերի վրա՝ որոշեցի անդրադառնալ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության քիչ ուսումնասիրված էջին՝ հարևան Իրանի տարածք մեր զորքերի մտնելուն և հետագայում այնտեղ Կարմիր բանակի այս սահմանափակ քանակակազմի ներկայությանը։

Հայրս, որն այն ժամանակ դեռևս կապիտանի կոչում ուներ, խորհրդային զորքերի սահմանափակ զորախմբի Իրան մտնելու ժամանակ զբաղեցնում էր Կենտրոնական Ասիայի ռազմական շրջանի հրամանատարի հատուկ հանձնարարությունների գծով օգնականի կարևոր պաշտոնը։ Այն նույն 1941 թվականի օգոստոսին, երբ մեր ժողովուրդը ուժերը կենտրոնացնելով հետ էր մղում ֆաշիստական ​​բանակների ներխուժումը՝ պատրաստվելով Մոսկվայի համար ճակատամարտին, Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի մեր տարածքներից Կարմիր բանակի կադրային զորքեր մտցվեցին հարևան Իրան։ Սա մի գործողություն էր, որն ուղղված էր մեր հարավային սահմանների մոտ իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև ԽՍՀՄ-ի դեմ նացիստական ​​Գերմանիայի կողմից պատերազմի մեջ Իրանի ներքաշվելը կանխելու համար։ Հարկ է նշել, որ իր ռազմական բնույթով այս եզակի գործողությունը (այն ուներ իր միջազգայնորեն իրավական բացատրությունը) փայլուն կերպով իրականացվեց։

 Թեհրանի կոնֆերանսին և դրա շուրջ ծավալված իրադարձություններին անդրադառնալիս արդեն վաղուց ընդունված է խոսել մեր գործակալության՝ պետական անվտանգության մինիստրության՝ արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի (НКВД-МГБ) հետախուզական մարմինների հերոսական գործունեության մասին։ Դա իսկապես այդպես է. Թեհրանում և մեր հարավային հարևանի ամբողջ տարածքում բազմաթիվ գերմանացի գործակալներ վնասազերծվեցին, և հենց համաժողովի անվտանգ անցկացումը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների ղեկավարների դեմ ահաբեկչական գործողությունների կանխարգելումը խորհրդային պրոֆեսիոնալ հետախույզների վաստակն են։ Սակայն շատ քիչ բան է ասվել ու գրվել նրանց բանակային գործընկերների աննկատ, բայց կարևորագույն աշխատանքի մասին։ Ահա և ես որոշեցի իմ հրապարակմամբ լրացնել այդ բացը։

Այսպիսով, 1941 թվականի աշնանը՝ բանակային ստորաբաժանումների Իրան մուտք գործելուց հետո, կապիտան Արությունովը (որը դեռևս համեմատաբար երիտասարդ, բայց բավարար փորձառու կադրային սպա էր ռազմական ակադեմիական կրթությամբ) նշանակվեց որպես Իրանի տարածքում տեղակայված մեր բոլոր մարտական ​​ստորաբաժանումների համակարգող սպա։ Դրանք հետևակային, հեծելազորային, մեքենայացված թիկունքային զորամասեր էին, ինչպես նաեւ զորքերի կապի ստորաբաժանումներ։

Իր գրառումների էջերում Արտաշես Սարգսի Արությունովը վերարտադրել է բավական վառ և ճշմարտացի պատկեր, թե ինչպես հայրենիքից հեռու գտնվելու ողջ ընթացքում մեր հրամանատարներն ու կարմիր բանակայինները ոչ միայն ցուցաբերեցին կարգապահության և հայրենասիրության բարձր մակարդակի օրինակներ, այլև ամրապնդեցին Կարմիր բանակի և մեր պետության հեղինակությունը, որն այդ ճակատագրական օրերին միայնակ կռվում էր Հիտլերի գերազանցող ուժերի դեմ։ Բարեկամական հանդիպումները Իրանի բնակչության հետ, օգնությունը իրանցիներին (երբեմն անվճար) և հարևան երկրի հետ նորմալ հարաբերությունների ամրապնդումը՝ ահա թե ինչն էր հաճախ լինում անծանոթ երկրում մեր զորքերի գտնվելու հիմնական բովանդակությունը։

Եթե ​​խոսենք առավել հետաքրքիր դրվագների մասին, որոնք անկեղծ հետաքրքրություն առաջացրին ընթերցող հանրության մեջ (գիրքն առաջին անգամ փորձնական տպաքանակով հրատարակվել է 2023 թվականին Վորոնեժում), ապա կնշենք իմ գրքում նկարագրված մի փաստ.

«Մեզ կարգադրվեց ներկայանալ հարավային շրջանի զորքերի հրամանատար, գեներալ Ջահանբանիին»:

Գեներալ-լեյտենանտ Ամանուլլահ-միրզա Ջահանբանին հայտնի զորահրամանատար էր Ռեզա շահ Փահլավիի կառավարման օրոք։ Խորհրդային զորքերի Իրան մտնելուց հետո նա մի շարք աչքի ընկնող պաշտոններ  է զբաղեցրել շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի վարչակազմում և մի քանի անգամ ընտրվել է Սենատում (Մեջլիս)։

«Թեհրանի ժամանակով ժամը 18.40-ին մեր հետևից եկավ գեներալի երիտասարդ համհարզը և շտապեցնելով ասաց.

– Գնա՛նք, պարոնա՛յք սպաներ, գեներալը չի ​​հանդուրժում ուշացում։

Տեղական ժամանակով ժամը 19.00-ին մենք հասանք գեներալ Ջահանբանիի առանձնատուն։ (Այստեղ անհրաժեշտ է մի փոքր մեկնաբանություն։ Ես գրում եմ «ուղիղ ժամը 19.00-ին», քանի որ ինձ շատ զարմացրին իրանցի գեներալի և նրա ենթակաների այս «ճշտապահության նշանները»։ Բանն այն է, որ այս երկրում մի քանի ամիս անցկացնելուց հետո ես եկել էի այն ​​եզրակացության, որ ճշտապահությունը, մեղմ ասած, իրանցիներին բնորոշ գիծ չէ։ Եվ ահա, իրանցիները անսպասելիորեն ցուցաբերեցին այդպիսի բծախնդրություն։ Միգուցե սա պարզապես իրենց տարածքում գտնվող խորհրդային զինվորականների նկատմամբ ընդգծված հարգանքի դրսևորո՞ւմ էր)։

Այսպիսով, մենք (ինձ հետ էին ևս երկու սպաներ) մոտեցանք Ջահանբանիի նստավայրի դարպասներին։ Մեզ զարմացրեց պալատի մուտքի մոտ զինված պահակների ներկայությունը։

Զինվորները (ես միայն կարող էի կռահել նրանց համապատասխան կոչումները) հագել էին տոնական համազգեստ, կարծես թե պատվո պահակախմբի վաշտը դիմավորում էր պետության ղեկավարին։ Իրանի ազգային դրոշը ծածանվում էր մուտքի դռների վերևում։ Դա մեծ, եռահարկ առանձնատուն էր՝ բաց գույնի քարե ճակատով։

Այսպիսով, մենք երեքով կամաց-կամաց մտանք շենքի նախասրահ։ Այնուհետև մեզ հրավիրեցին մի վիթխարի դահլիճ, որտեղ բացված էր երկար, ճոխ սեղան։ Ինչպես ինձ թվաց, ընդունելությանը հրավիրված անձանց թիվը մոտենում էր քառասունի։ Այնտեղ կարելի էր տեսնել բարձրաստիճան իրանցի սպաների, տարբեր ռազմական շրջանների, ինչպես նաև տարբեր տեսակի զինված ուժերի ներկայացուցիչների։ Նրանք տոնական համազգեստով էին, ընդ որում, նրանցից յուրաքանչյուրը կարող էր պարծենալ տասից ոչ պակաս պարգևներով։ Մի խոսքով՝ մեզ կուրացրել էր նրանց ուսկապերի (աքսելբանտ) և աստղերի փայլը։ Բացի դրանից, այնտեղ ներկա էին նաև հակահիտլերյան դաշինքի մեր դաշնակիցները (հիշեցնեմ, սա 1943 թվականի աշնան սկիզբն էր)՝ անգլիացի սպաներ, ինչպես նաև մի քանի անգլիացի դիվանագետներ (ինչպես հետագայում բացատրեցին, նրանք Շիրազ էին եկել միայն «հազվագյուտ արտասովոր բան»՝ խորհրդային սպաներին տեսնելու համար)։

Այդ ժամանակ ուշադրության կենտրոնում էր տիկին Ջահանբանին։ Գեներալի կինը աշխույժ զրուցում էր հրավիրված անձանց հետ արվեստի թեմայով։ Նա ամենևին չէր թաքցնում թատրոնով իր հրապուրանքը։ Այնուհետև՝ մի քանի օր անց, մեզ հաջողվեց իմանալ, որ նա Թեհրանում գտնվող ռուս դիվանագետի դուստրն է և ամուսնանալով՝ 1917 թվականի իրադարձություններից հետո ընդմիշտ մնացել է ամուսնու հետ Պարսկաստանում։

– Ես բախտ եմ ունեցել լինելու աշխարհի շատ մայրաքաղաքներում։ Բայց, խոստովանում եմ ձեզ, պարոնա՛յք, ոչ մի տեղ թատերական և բալետային մշակույթի այնքան բարձր մակարդակ չի եղել, որքան Ռուսաստանում։

Անգլիացիներն իրենց հանդուգն էին պահում, ընդգծված կերպով բարձր էին խոսում, սիգար էին ծխում, ոմանք էլ սպասավորներից նախապես ալկոհոլային խմիչքներ էին խնդրել։ Տասը րոպե անց բոլոր հյուրերին հրավիրեցին սեղանի շուրջը։

Այդ օրվանից անցել է հինգ տասնամյակ, բայց ես երբեք չեմ մոռանա այդ իսկապես պատմական խնջույքի որոշ մանրամասներ։ Այդ օրը ես և իմ ուղեկիցները պարզապես ապշել էինք սեղանի շքեղ ձևավորմամբ։ Նշեմ, որ յուրաքանչյուր հյուրի համար նախատեսված էր սպասքադրման մի քանի կարևորագույն առարկա։ Դրանք էին՝ աղանդերային գինու բաժակ, հյութի կամ լիմոնադի միջին չափսի բաժակ, թրմօղու (լիկյոր) ըմպանակ, փոքրիկ ըմպանակ թունդ խմիչքների համար և այլն։ Եվ, իհարկե, սպասքի պարագաներ՝ երեք պատառաքաղ տարբեր նշանակության, դանակ (նույնպես երեք), գդալ և աղանդերի գդալ։ Տարբեր տրամաչափերի չորս ափսե։ Տարբեր չափսերի անձեռոցիկների մասին չեմ էլ նշում... Սեղանի մոտ նստած յուրաքանչյուր հյուրի հետևում կանգնած էր մի սպասավոր-մատուցող, որն ուշադրությամբ ու խոնարհաբար կատարում էր հյուրի ամեն մի խնդրանքը։

Ինչո՞ւ եմ այսքան մանրամասն նկարագրում խնջույքի դրվագները։ Պատասխանը պարզ է։ Ես՝ խորհրդային բանակի սպաս, որն ավարտել էր Մոսկվայի ռազմական ակադեմիան, իսկ դրանից առաջ՝ Լենինգրադի ռազմական ուսումնարանը, ծնվել էր քաղաքակրթությունից հեռու գտնվող հայկական գյուղի աղքատ ընտանիքում, երբեք իր կյանքում (ո՛չ դրանից առաջ, ո՛չ էլ հետո) այդքան ուժեղ տպավորություններ չի ունեցել պաշտոնական ընդունելությունից։ Մի հետաքրքիր պահ կա՝ հոգեբանորեն շատ կարևոր. ես ստույգ չեմ հիշում, թե այդ երեկո կոնկրետ ինչ խմեցինք ու կերանք, բայց հստակ հիշում եմ խնջույքի բոլոր մանրուքները՝ կահավորանքը, պաստառների գույնը. նույնիսկ հիշում եմ սեղանների սփռոցների գույնը։

Եվս մի դրվագ։ Տանտիրոջ աջ կողմում նստած էի ես՝ խորհրդային բանակի ներկայացուցիչ, մայոր Արտաշես Արուտյունովս, իսկ գեներալի ձախ կողմում նստած էր նրա կինը։ Բաժակաճառ ասաց երեկոյի տանտերը՝ գեներալ Ջահանբանին.

– Ես առաջարկում եմ խմել այսօր մեզ մոտ հրավիրված Կարմիր բանակի հրամանատարության ներկայացուցիչների կենացը։ 1941 և 1942 թվականների դաժան մարտերում այս բանակը զգալի պարտության մատնեց իր հակառակորդին՝ գերմանական բանակին։ Եվ այժմ՝ 1943 թվականին, Ստալինի բանակը շարունակում է հաջողությամբ կռվել՝ դեռևս չստանալով պատշաճ աջակցություն իր դաշնակիցներից։ Եկեք խմենք զինվորական պարտքի և սպայական արժանապատվության համար։ Մեր գործընկերների՝ խորհրդային սպաների առողջության կենացը։ Մեզ բոլորիս մեծ պատիվ է վիճակվել՝ լինելու նրանց դաշնակիցները։ Ռուսաստանի (այսօր՝ Խորհրդային Միության) դաշնակից լինելը մեծ պատասխանատվություն է։ Ուստի եկեք հավատարիմ լինենք մեր պարտքին ու պատվին։ Ուռա՜, պարոնա՛յք։

Նշեմ, որ գեներալը այս ելույթը (թեկուզ նախապես անգիր էր արել) արտասանեց երկու անգամ՝ ռուսերեն (մի փոքր կմկմալով ու դադարներով) և երկրորդ անգամ՝ անգլերեն (մեզ թվաց, որ դա կրճատված տարբերակ էր)։ Իհարկե, բոլորը խմեցին այդքան վառ և պատկառելի ելույթից հետո։ Նկատելի էր դժգոհությունը անգլիացիների դեմքին։ Բայց դա մեզ համար հասկանալի էր։ Բոլորը հիանալի հասկանում էին, որ ամերիկացիներն ու անգլիացիները իրականում հետաձգում էին Եվրոպայում «երկրորդ ճակատ» բացելու որոշումը։ Այդ աշնանային օրերին միջազգային համաժողովի գաղափարը ձեռք բերեց շոշափելի ուրվագծեր»։  

Համապատասխան գլխից այս երկար հատվածը գրեթե ամբողջությամբ եմ մեջբերում, քանի որ այն շատ բնութագրիչ կերպով ցույց է տալիս այն կարևորագույն  փոփոխությունների էությունը, որոնք տեղի ունեցան միջազգային կյանքում Խորհրդային Միության և աշխարհը ֆաշիզմից ազատագրած բանակի նկատմամբ վերաբերմունքի մեջ։

Ցանկացած հեղինակ, որն իր լրագրողական, գրական աշխատանքով մոտենում է ընթերցողին, իր առջև նպատակ է դնում ոչ միայն որևէ նոր բան պատմելու մարդկանց, այլև հանրության ուշադրությունը հրավիրելու իր աշխատանքի թեմայի վրա։ Եվ ահա որոշակի ընթերցողի հետ բազմաթիվ հանդիպումներից հետո (սովորող երիտասարդություն, հայրենասեր ակտիվիստներ, պատերազմի ու աշխատանքի վետերաններ, զինծառայողներ), կարող եմ վստահորեն նշել. հուսով եմ, որ այս գրական աշխատանքի նյութը ոչ միայն ուշադրություն կգրավի անցյալի իրադարձությունների վրա, այլև որոշակիորեն կստիպի կենտրոնացնել հայացքը ներկայի վրա, ինչպես նաև կօգնի ապագայում՝ քսանմեկերորդ դարի խիստ հակասական միջազգային իրավիճակում։

 

Գրքի հեղինակը ընթերցողների հետ հանդիպման ժամանակ, 2025 թ.

 

Գնդապետ Արտաշես Արությունովը, 1981 թ.

 

Կենտրոնական Ասիայի ռազմական շրջանի հրամանատարությունը՝ խորհրդային զորքի Իրանի տարածք մտնելու նախօրեին

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում