Ի՞նչն է ավելի կարևոր՝ Ջենիֆեր Լոպեսի համե՞րգը, թե՞ 200 բնակարան Արցախից բռնի տեղահանվածների համար

Ներքաղաքական

Ամերիկացի փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի օգոստոսյան համերգը “UpAllNight” շրջագայության շրջանակներում ոչ միօրինակ արձագանք գտավ հայ հասարակության մեջ և առաջին հերթին ոչ միայն արքայական թիկնազորի, այլև հանրապետության սոցիալ-տնտեսական ոչ բարվոք վիճակի ֆոնին չարդարացված վատնումների պատճառով։ Կազմակերպիչների հաշվարկով պետական ​​բյուջեից հատկացված 6 միլիոն, իսկ ըստ որոշ աղբյուրների՝ 7 միլիոն դոլարը պետք է վերադարձվեր պետական գանձարան 4 միլիոն դոլարից ավել մաքուր եկամտով, որը պետք է գոյանար տոմսերի վաճառքից և համերգին եկած երկրպագուներին հյուրանոցային ու զբոսաշրջային ծառայություններով սպասարկումից։

Իշխող կուսակցությունում ընդգծում են միջազգային ասպարեզում Հայաստանի այս կերպ առաջխաղացման կարևորությունը՝ մասնավորապես հղում անելով ինստագրամում Լոպեսի 247 միլիոն բաժանորդներին, որտեղ երգչուհու մեկ գրառումն արժե 1,5 միլիոն դոլար: «Եթե երգչուհին story (պատմություն-խմբ.) ստեղծի Երևանի ֆոնի վրա, դա արդեն իսկ խնայողություն կլինի համաշխարհային գովազդի վրա»,- երազում էին «թավշյա» կազմակերպիչները: Սակայն Երևանի ֆոնի վրա պատմությունը չեղավ, և պատմությունը, ինչպես գիտենք, չի սիրում պայմանական «եթե»-ն: Այնուամենայնիվ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հավանություն տվեց համերգի կազմակերպման մեջ պետության մասնակցությանը՝ նշելով, որ զբոսաշրջիկներ գրավելու համար անհրաժեշտ է պարբերաբար հրավիրել համաշխարհային աստղերի: Նրա կարծիքով՝ նման միջոցառումները չպետք է եզակի լինեն, այլ երկարաժամկետ տնտեսական ռազմավարության մաս կազմեն: Սակայն եթե երկրի գլխավոր տնտեսագետը մտահոգված է տնտեսությամբ ու թվերով, ապա Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ջենիֆերի համերգը որակել է որպես ավելին, քան պարզապես երաժշտական ​​միջոցառում, քանի որ այն «համապատասխանում է Հայաստանի մշակութային քաղաքականության ռազմավարական նպատակներին՝ միջազգային ճանաչման ամրապնդումից մինչև մշակութային տուրիզմի զարգացում։ Եվ ամենակարևորը՝ վառ օրինակ դարձավ այն բանի, որ երկիրը պատրաստ է ընդունել համաշխարհային մակարդակի արտիստների»։

Դեռևս խորհրդային տարիներից երևանցիները զուրկ չեն եղել արտասահմանից եկող աստղային ուշադրությունից։ Իսկ Հայաստանի հեղինակությունն ու ճանաչումը որոշվել են այնպիսի համաշխարհային համբավ ունեցող անուններով, ինչպիսիք են նկարիչ Հովհաննես Այվազովսկին, կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը, գրող Վիլյամ Սարոյանը, շանսոնյե Շառլ Ազնավուրը, երգչուհի Շերը, շախմատիստ Տիգրան Պետրոսյանը, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիր Վիկտոր Համբարձումյանը, ամերիկացի միլիարդատեր բարեգործ Քըրք Քըրքորյանը...

Իմիջիայլոց, փորձագետների ասելով՝ Լոպեսի երևանյան համերգից հետո ինտերնետային հանրության նկատելի հետաքրքրություն չի եղել։ Google-ում «Հայաստան» բառը զգալիորեն ավելի շատ է որոնվել՝ կապված Վարդավառի ավանդական հայկական տոնի հետ։ Եվ հետո, նույնիսկ մեկ ամիս անց դժվար է ասել՝ 6 միլիոնը արդյոք ՀՀ-ն մշակութային զբոսաշրջության տարածաշրջանային ճանաչելի կենտրոնի վերածելու շահութաբեր ներդրո՞ւմ էր, թե՞ անպատասխանատու պոպուլիստական ​​վատնում նախընտրական տարում: Ի դեպ, Հայաստանի 13 միլիարդ դոլարի պետական ​​պարտքի ֆոնին 6 միլիոն «կանաչը» այնտեղ (ռեփեր Սնուփ Դոգի չկայացած համերգի համար) կամ 7 միլիոնն այստեղ (Ջեյ Լոյի կայացած համերգի համար) թվում են խղճուկ թեյավճարներ: Ինչպես գրում է տեղական մամուլը, համերգից հետո, հակառակ կազմակերպիչների հաշվարկների, նախատեսված նվազագույնը 4 միլիոն դոլար պետական ​​գանձարան չի վերադարձվել: Հնարավոր ներդրումները վերածվեցին սովորական վատնումի, թեև այդ գումարները երկրի ներսում կարող էին ծախսվել շատ ավելի մեծ օգուտ տալով:  

 «Լոպեսի այցի համար բյուջեից կարելի է 60 միլիոն դոլար էլ հատկացնել, բայց այն դեպքում, եթե հաստատ գիտես, որ դա խիստ կզարգացնի զբոսաշրջությունը կամ կբարձրացնի երկրի ճանաչելիությունը։ Կամ դու սկսում ես խիստ ծրագրված համերգների շարք և մի քանի տարվա ընթացքում աստղերի ես բերում, որոնց շնորհիվ ՀՆԱ-ն աճում է մի քանի տոկոսով։ Բայց տվյալ դեպքում արդյոք որևէ մեկը տեսե՞լ է որևէ հաշվարկ, կանխատեսում։ Լավ կլիներ իմանալ, թե ինչպես ամեն ինչ ավարտվեց։ Օրինակ, ես առայժմ տեղեկատվություն եմ խնդրում արհեստական ​​բանականությունից»,- գրել է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում։- Բայց 6 միլիոն դոլարով կարելի էր 100-200 բնակարան կառուցել Արցախից բռնի տեղահանվածների համար։ Հիմա ես հաճախ եմ գնահատում կառավարության ծախսերը այս տեսանկյունից»։

Դատելով մեկնաբանություններից՝ սոցիալական ցանցերի հայկական հատվածի օգտատերերը համաձայն են նրա հետ՝ ավելացնելով իրենց սեփական առաջարկները՝ բանակի և երկրի պաշտպանունակության ամրապնդման, մատչելի դեղորայքի տրամադրման, թոշակառուների համար արժանապատիվ կյանքի ապահովման և շատ այլ բաների համար: «Հայաստան» դաշինքի ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը նույնպես խիստ քննադատեց հարկատուների գրպաններից վատնումը՝ նշելով, որ եթե 6 միլիոն դոլար (ընդ որում, աստղի ստանդարտ հոնորարը չի գերազանցում 2 միլիոն դոլարը) տարեկան 5 տոկոսով ներդրվեր,  կբերեր կայուն եկամուտ: Նա նաև կասկածի տակ դրեց երկարաժամկետ զբոսաշրջային ներգործությունը. «Հյուրը կգա համերգի և կհեռանա, բայց հազիվ թե վերադառնա հանգստանալու միայն նրա համար, որ իրեն դուր է եկել շոուն»:

Եվ նա ճիշտ դուրս եկավ, քանի որ ըստ Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից, Լեհաստանից ժամանած հանդիսատեսների՝ ընդհանուր առմամբ շատ ցանկալի կլիներ միջոցառումն ավելի բարձր մակարդակով  կազմակերպել։ Օրինակ՝ Ռուսաստանից ժամանած հանդիսատեսները նշեցին, որ ինքնաթիռի տոմսերի վրա ծախսել են ավելի քան 40 հազար ռուբլի, բայց Հայաստանում բախվել են մի շարք խնդիրների։ Նրանք ստիպված են եղել 40 աստիճան շոգի տակ երկար սպասել երգչուհու հայտնվելուն։ Կեղտոտ աթոռները ստիպված են եղել սրբել անձեռոցիկներով։

Շատերը պարում էին ուղիղ խոտածածկի վրա՝ լրջորեն վնասելով այն։ Ըստ ֆուտբոլային երկրպագուների շարժման (FAF) հիմնադիր Սերգեյ Ջանջոյանի՝ հենց այս հանգամանքն էր, որ նման միջոցառումներին չհարմարեցված ֆուտբոլի դաշտը հասցրեց շատ վատ վիճակի 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Պորտուգալիայի հավաքականին ընդունելու նախաշեմին։ Ռուսաստանի համերգային գործակալություններից մեկի գլխավոր տնօրեն Իգոր Լոգաչովը կարծում է, որ այսպիսի իրավիճակը առաջացել է տեղական կազմակերպչի բավարար փորձի բացակայության պատճառով։ Սակայն դա նրան չի խանգարել տոմսերը 100-ից 500 դոլար արժողությամբ վաճառել ձայնագրության տակ երգող ներքնազգեստի համար, որի մեջ փաթեթավորված է միլիոնավոր դոլարներով ապահովագրված հետույքը։

Ի դեպ, ինքը երգչուհին միշտ հերքել է այս փաստը, ինչպես և ընդհանրապես որևէ պլաստիկ վիրահատություն։ Թեև բեմական ճկունությունը, հզոր էներգետիկան, պայծառ փայլը, անհավանական խարիզման և միտումնավոր սադրիչ բաց տեսարանները միայն համեմունք էին ավելացնում երևանյան բեմում աստղի ելույթին։ «Համոթ ինձ, ես չգիտեմ Ջեյ Լոյի ոչ մի երգ և չեմ կարող հիշել նրա մասնակցությամբ ոչ մի ֆիլմ, բայց եկա տեսնելու արտասահմանյան հրաշքին, որի մասին վերջին օրերին շատ են գրում և խոսում Երևանում։ Նույնիսկ շոուից հետո կարող եմ կրկնել, որ ես նրա երկրպագուն չեմ, բայց վեցերորդ տասնամյակում նրա նման լինելը նշանակում է տիտանական աշխատանք ինքդ քեզ վրա՝ մարզասրահ, ֆիթնես, աերոբիկա, պիլատես, յոգա, մարմնի բալետ և հսկայական կամքի ուժ, ինչը հարգանք է ներշնչում նրա նկատմամբ»,- համերգից հետո իր տպավորություններն արտահայտեց հանդիսատեսներից մեկը։

Ի դեպ, Ամերիկայում մինչև հիմա վիճում են Լոպես երևույթի մասին: Ոմանք նրան համարում են ինքնագովազդի հանճար, մյուսները՝ լատինաամերիկյան համայնքի հաջողության խորհրդանիշ ԱՄՆ-ում և «ամերիկյան երազանքի» կենդանի ապացույց: Ինչ վերաբերում է հայկական երազանքին, ապա ամեն ոք ազատ է ինքն ընտրելու իր կուռքերին, օրինակ՝ նույն էժանագին փոփի ոլորտից, քանի որ վերջերս Հայաստանում ավանդական դասական երաժտության գործը գլուխ չի գալիս։ Ամեն դեպքում, Երևանում նաև «Էրեբունի-Երևան» երգը հայերեն կատարած Պլասիդո Դոմինգոյի համերգը կամ Մեծ թատրոնի և հայտնի Մարիինյան թատրոնի բալետային խմբերի ելույթները, ցավոք, չառաջացրին այն ոգևորությունը, որը տիրում էր Հայաստանի մայրաքաղաքում Լոպեսի ելույթից առաջ: Այնինչ թվում էր, թե ավելի պատվավոր կարգի իսպանացի աշխարհահռչակ երգչի կամ «ամբողջ մոլորակը նվաճած» ռուս բալետի պարողների ժամանումը կարող էր դառնալ Հայաստանի համար գլխավոր մշակութային ուղղությունը մեր երկրի միջազգային ճանաչման գործում:

 

Ալեքսանդր Մարկոսյան

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում