Շոյգուն հեռանում է, Մեդվեդևը` փոխարինում նրան. Կրեմլը կուրսը պաշտպանողականից դառնում է հարձակողական.Ռուսական աղբյուր
ՄիջազգայինԿրեմլին մոտ կանգնած փորձագիտական աղբյուրները գնահատում են ներկա իրավիճակը, որը առաջացել է ռուսական իշխանական վերնախավում: Ըստ այդմ.
«Շոյգուն աննկատ լքել է արտաքին քաղաքական կուրսի շրջանակը՝ տեղը զիջելով Մեդվեդևին: Իշխանական կուլիսներում տեղի է ունենում կարևորագույն տեղաշարժ. Մեդվեդևը դառնում է նոր փուլի «ձայնը»` փոխանցելով այն մոտեցումը, որ Ռուսաստանն այլևս չի պահանջում իր շահերի նկատմամբ հարգանք, այլ խոստանում է ցույց տալ դրանք չհարգելու հետևանքները։
Շոյգուն, ով վերահսկում էր արտաքին դաշնակիցների հետ ռազմական կապերի ուղղությունը, արդեն ակնհայտորեն չի համապատասխանում նոր իրողություններին:
Դմիտրի Մեդվեդևի արտաքին ոլորտ բարձրանալը նշան է այն բանի, որ Մոսկվան փոխում է ոչ միայն իր միջնորդ-բանակցողին, այլև գործընկերների հետ փոխգործակցության իր ոճը: Եթե Շոյգուն «ռազմական հավասարակշռության» դեմք էր, ապա Մեդվեդևը նոր գաղափարախոսական մոբիլիզացիայի ձայնն է: Նրա հռետորաբանությունը սուր է, հռչակագրային, միսիոներական ոգու նշույլով: Նա խոսում է ոչ թե ռազմական բյուրոկրատական արձանագրության լեզվով՝ «մենք լսեցինք և որոշեցինք», այլ պատմական կոչման լեզվով՝ Արևմուտքի դեմ խաչակրաց արշավանքի, համաշխարհային արդարադատության, հին աշխարհի վերջի մասին: Սա արձագանքում է արևելյան առաջնորդների մտածողությանը, որոնց համար քաղաքականությունը միշտ մետաֆիզիկա է, այլ ոչ թե հաշվապահություն։
Մեդվեդևը ազատ է ռազմատեխնիկական դաշինքի առանձնահատկություններից։ Նա կարիք չունի քննարկելու մատակարարման ծավալները կամ տեխնիկական օգնության տեսակները. նա իր դաշնակիցներին «վաճառում է» պայքարի գաղափարը։ Նրանց աչքերում նա ներկայանում է ոչ թե որպես բյուրոկրատ, այլ որպես Պուտինի դեսպան՝ հեղափոխական հայտարարություններին մոտ դեմքով և լեզվով։ Այնտեղ, որտեղ Շոյգուն հարգալից ձանձրույթ էր առաջացնում, Մեդվեդևը խախտում է կաղապարը և առաջացնում է հուզմունք՝ հանդես գալով որպես ձգան և հրահրող։ Սա նրան ավելի արդյունավետ է դարձնում նոր միջազգային «հակառակության եղբայրություն» ստեղծելու գործում: Դաշինք, որը հիմնված է ոչ թե պայմանագրերի, այլ արևմտյան գերիշխանության աշխարհի հետ համատեղ պայքարի վրա։
Մեդվեդևի ԿԺԴՀ կատարած այցը վառ կերպով ցույց տվեց շեշտադրումների այս փոփոխությունը։ Փհենյանը հետաքրքրված չէ պաշտոնական գեղեցիկ այցերով` «մեզ պետք է հարգեն» ուղղվածությամբ հայտարարություններով համեմված, ինչը Շոյգուի ոճն էր: Նա` «Ասիական մարշալը» որքան էլ, որ Իրանի, Հյուսիսային Կորեայի, չինաստանի եւ այլոց կողմից հարգված անձնավորություն էր, բայց նման հռետորաբանությունը, ոճն արդեն դաշնակիցներին չի բավարարում, որոնք նախընտրում են խոսքի փոխարեն կոնկրետ գործողություններ: Առավել եւս` Վենեսուելայի, ավելի վաղ` Իրանի իրողությունների ֆոնին: Հակառակորդը հասցնում է միանգամայն կոնկրետ հարվածներ եւ պատասխանն էլ պետք է նույն դաշտում լինի, որը սթափեցնող ազդեցություն կթողնի հակառակորդի վրա:
Հենց նման նոր կուրսի մասին ուղերձն էր Մեդվեդևը փոխանցեց իր հյուսիսկորեացի դաշնակիցներին. հայտարարություններ համատեղ հնարավոր ռազմական զարգացումների, ռազմատեխնիկական փոխանակումների ընդլայնման և Միացյալ Նահանգների հետ ընդհանուր հակադրվելու գծի մասին: Նաեւ այդ ուղղության մեջ էր Մեդվեդեւի վերջին հայտարարությունը, որ ուկրաինացիներին հրթիռներ տալը Մոսկվան կհամարի Ռուսստանի վրա ԱՄՆ-ի կողմից հարված եւ կպատասխանի ռազմական դաշտում, այլ ոչ ինչ-որ «դատապարտող հայտարարությունների» տեսքով»։

