Սուտ խոստումներ տալը հեշտ է, բայց այդ դաշտում Փաշինյանի հետ մրցել հնարավոր չէ. Արմեն Բաղդասարյան
Ներքաղաքական«Իրավունք»-ի զրուցակիցն է 1996-1997թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության եւ մամուլի վարչության պետ, քարտեզագետ, քաղաքական մեկնաբան ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:
«ՊԵՏՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԾՐԱԳԻՐ՝ ԱՌԱՆՑ «ԼՈԼՈՆՆԵՐԻ»
— Վերջին շրջանում մեկը մյուսի հետեւից ձեւավորվում են քաղաքական ուժեր եւ նախաձեռնություններ: Մասնավորապես՝ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է, որ պատրաստվում է առաջադրվել վարչապետի պաշտոնում, եւ նույնիսկ խոսում է «Միասնության թեւեր» ստեղծելու մասին։ Ինչպե՞ս եք գնահատում նման գործընթացները։ Արդյո՞ք նման նախաձեռնությունները կարելի է դիտարկել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու իրական փորձ:
— Ընդհանուր առմամբ, որեւէ մեկի քաղաքական ակտիվությանը բնական եմ վերաբերվում՝ նույնիսկ դրական։ Քաղաքական մասնակցությունը ժողովրդավարական գործընթացի բնական մասն է։ Սակայն պետք է ընդգծեմ՝ «միասնության» կոչերը չպետք է լինեն դատարկ խոսքեր։
Սխալ կլինի փորձել միասնություն ձեւավորել ընդամենը հռչակագրերով կամ կարգախոսներով։ Հասարակությանը կարելի է համախմբել միայն կոնկրետ գաղափարի կամ ծրագրի շուրջ։ Մեր դեպքում այդ ծրագիրը պետք է հստակ պատասխան տա մեկ հիմնական հարցի՝ ինչպես դուրս բերել Հայաստանը այսօրվա ծանր եւ խայտառակ իրավիճակից։
Սա չի կարող իրականացվել միայն խոսքերով կամ էմոցիոնալ կոչերով։ Անհրաժեշտ է հստակ ճանապարհային քարտեզ, իրագործելի ծրագիր եւ, ամենակարեւորը, այնպիսի թիմ, որը կունենա բավարար կարողություն այդ ծրագիրը կյանքի կոչելու համար։ Քանի դեռ այդ ամենը չկա, տարբեր նոր կուսակցությունների եւ միավորումների ստեղծումը ոչ թե կօգնի, այլ միայն կվնասի ընդհանուր գործին՝ նպաստելով նրան, որ Նիկոլ Փաշինյանը կրկին վերարտադրվի իշխանության մեջ։
Այստեղ է ամբողջ խնդիրը։ Ես կարծում եմ, որ նման հայտարարություններն ինքնին՝ որպես ակտիվություն, դրական են, բայց ժամանակը շատ քիչ է։ Հասարակությանը պետք է ներկայացնել հստակ, իրատեսական եւ պատասխանատու ծրագիր՝ առանց «լոլոնների», ներեցեք արտահայտությանս համար, առանց վերամբարձ խոսքերի եւ դատարկ խոստումների։ Պետք է լինել կոնկրետ, պարզ եւ պրագմատիկ։
Միայն այդ դեպքում հասարակությունը կկարողանա տեսնել, հասկանալ եւ ամենակարեւորը՝ հավատալ։ Քանի որ սուտ խոստումներ տալը հեշտ է, բայց այդ դաշտում Փաշինյանի հետ մրցել հնարավոր չէ։ Նրա պատրանքներին եւ փուչիկներին կարելի է հակադրել միայն իրատեսական, իրագործելի եւ վստահելի ծրագիր՝ այնպիսի, որին ժողովուրդը հավատա, ոչ թե պարզապես երազի դրա մասին։ Եվ դրանք շատ տարբեր բաներ են։
«ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԿՐԿՆԵԼ ՆՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ, ԻՆՉԸ ԵՂԱՎ 2021Թ.»
— Ի դեպ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը եւս հայտարարել է, որ իրենք առանձին են մասնակցելու ընտրություններին: Փաստորեն, ընդդիմադիր միասնական ճակատ այս ընտրություններին է՞լ անհնար է:
— Կրկնեմ. այս ողջ իրավիճակը նշանակում է խաղալ Նիկոլ Փաշինյանի կանոններով։ Ներկայացնեմ տեսական օրինակ. առաջիկա ընտրությունների ժամանակ ոչ թե հասարակությունը, այլ մարդիկ պետք է ընտրություն կատարեն կուսակցությունների միջեւ։ Պատկերացրեք՝ եթե ընտրություններում ընդամենը երկու թեկնածու լինի. համաձայն եք, որ Փաշինյանը լինի վարչապետ, եւ եթե դեմ եք, վստահաբար հասարակության 80%-ը դեմ կլինի, որ նա պահպանի իշխանությունը։ Այսինքն՝ եթե շատ քաղաքական ուժեր չլինեն, Փաշինյանը շանս չի ունենա դառնալ վարչապետ։
Բայց եթե ընտրություններին մասնակցեն 15-20 ուժեր, եւ հասարակությունը պետք է ընտրություն կատարի նրանցից որեւէ մեկի միջեւ, Փաշինյանը կարող է կրկնել նույն արդյունքը, ինչը եղավ 2021թ.։
Իշխանությունները շատ սարսափած են առաջիկա ընտրություններից, որովհետեւ գիտեն, թե ինչ աղետներ են հասցրել պետությանը։ Նրանց միակ հույսն այն է, որ հասարակությունը միասնական ուժ չտեսնի եւ հիմնական մրցակցին չնկատի։ Նրանք ամեն ինչ կանեն այդ հույսը իրականացնելու համար։
Հետեւեք. իշխանությունները փորձում են քաղաքական դաշտը կառուցել բացասական էմոցիաների վրա։ Հասարակությունը ոչ թե մտածում է, թե որն է լավագույն ուժն, այլ կենտրոնանում է, թե ումից են ավելի շատ վախենում՝ իշխանությունից, թե` ընդդիմությունից։ Սակայն բացասական ֆոնին որեւէ կառուցողական պրոցես հնարավոր չէ։
Ուստի՝ պետք է դուրս գալ այդ դաշտից եւ հստակ ծրագիր ներկայացնել։ Խնդիրը ոչ թե միմյանց մեղադրելը պետք է լինի, այլ այն, թե ով կարող է առավել արդյունավետ առաջնորդել երկիրը։ Հաշվի առնելով Փաշինյանի հեռուստամակարդակը, ռեսուրսները եւ ուժը, նա կմնա ազդեցիկ որպես վարչապետ։ Այդ պատճառով չպետք է խաղալ նրա կանոններով։
«ԱՅՈ՛, ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԽԱԼ Է, ԲԱՅՑ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ»
— Պարոն Բաղդասարյան, Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է անել, որպեսզի 2021թ.-ի սցենարն այլեւս չկրկնվի։
— Կարծում եմ, ամենակարեւորն է հստակ ծրագիր ներկայացնելը։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը անկեղծ ասում է՝ ես այսպես եմ անում, սա եմ ճիշտ համարում եւ այդպես էլ անում եմ։ Իսկ ընդդիմությունը հակադարձում է՝ ո՛չ, դու սխալ ես անում, եւ, իհարկե, դա ճիշտ է։ Այո՛, Փաշինյանը սխալ է, բայց այլընտրանքը չի ներկայացվում։ Նա մանիպուլյացիաներով ասում է՝ «Ես ձեզ բերեցի խաղաղություն», սակայն իրականում դեռ այդ խաղաղությունը չկա։ Ասում է՝ «Ես երկիրը տանում եմ ապաշրջափակման», բայց դա տեսանելի չէ։ Միեւնույն ժամանակ, նա խոսում է, որ «Հայաստանը ես եմ բերել այս ուղղությամբ», եւ երկրի զարգացումն այս ճանապարհով է ընթանում։ Այո, մենք գնում ենք դեպի Արեւմուտք, սա մեր կողմնորոշումն է։ Բայց ընդդիմությունը դրան հակազդեցություն չի ցուցաբերում, ընդամենն արձանագրում է իրավիճակը։
— Ըստ Ձեզ` այս համատեքստում ի՞նչ հնարավոր ելք կարող ենք դիտարկել:
— Ամեն դեպքում՝ հնարավոր ելքը, ամենայն հավանականությամբ, ընտրությունների միջոցով իշխանափոխությունն է։ Այս համատեքստում պատմական առումով Հայաստանը դասական է. տեղի ունեցող ներքաղաքական պայքարն ուղեկցվում է նաեւ աշխարհաքաղաքական պայքարով։ Այսինքն, հասարակության կողմից կատարվելիք ընտրությունը որոշիչ է լինելու Հայաստանի աշխարհաքաղաքական զարգացման ուղղության համար։
Սա, ընդհանրապես, ոչ միայն քաղաքական խնդիր է, այլեւ վերաբերում է մեր ինքնությանը եւ պետական կառավարման համակարգի փոփոխությանը կամ չփոփոխությանը։ Օրվա իշխանությունները պնդում են, որ անհրաժեշտ է վերանայել մեր անցյալը, պատմությունը, արժեքները, հավատամքը եւ ամեն ինչ փոխել։ Դրանց դիմաց խոստանում են խաղաղություն եւ բարօրություն։
Մյուս կողմից, ընդդիմությունը ցույց է տալիս, որ այդ ամենը՝ միայն բարոյական տեսանկյունից, անթույլատրելի է եւ չի կարող ընդունելի լինել։ Այս դեպքում նույնիսկ եթե որոշ բարեփոխումներ իրականացվեն, հնրավոր չի լինելու հասնել այն նպատակներին, որոնց մասին խոստանում են իշխանությունները։ Սրանք իրականություն չեն դառնա, քանի որ դրանց իրականացումը կախված է ոչ միայն մեզնից, այլեւ Թուրքիայի ու Ադրբեջանի գործողություններից, եւ նրանց թույլտվությունը՝ հայ ժողովրդի խաղաղ եւ զարգացած գոյության համար, շատ սահմանափակ է։
Այնպես որ, իշխանությունների քարոզած եւ որդեգրած ուղին ոչ միայն բարոյական տեսանկյունից խոցելի է, այլեւ նպատակին հասնելու առումով անիմաստ է։ Նույն խնդիրը առկա է նաեւ քաղաքական եւ արժեքային համակարգի մակարդակով։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

