Զելենսկին Օդեսայի քաղաքապետին զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից․ BBC
ՄիջազգայինՕդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովին զրկել են Ուկրաինայի քաղաքացիությունից։ BBC-ի ուկրաինական ծառայության աղբյուրների համաձայն՝ այս որոշումը կայացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Պատճառը, ենթադրաբար, քաղաքապետի ռուսական անձնագիր ունենալն է։ Ինքը՝ Տրուխանովը, հերքում է դա։
Զելենսկին հայտնել է, որ անցկացրել է անվտանգության խորհրդակցություն, որի ժամանակ Անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը նրան տեղեկացրել է «ռուսական հետախուզական ցանցերի և առաջնագծի հարավում համագործակցողների դեմ պայքարի» մասին։ Ըստ Ուկրաինայի նախագահի՝ «որոշ անձանց ռուսական քաղաքացիությունը հաստատվել է»։ Նա ստորագրել է հրամանագիր, որով զրկել են նրանց Ուկրաինայի քաղաքացիությունից։
Զելենսկին սոցցանցի իր էջում կատարված գրառման մեջ չի նշել նրանց անունները, սակայն կառավարության աղբյուրը BBC-ի ուկրաինական ծառայությանը հայտնել է, որ ի թիվս այլոց, Զելենսկին նկատի է ունեցել Օդեսայի քաղաքապետին։
Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են, որ նույն հրամանագրով Ուկրաինայի քաղաքացիությունից զրկվել են նաև Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Օլեգ Ցարևը և բալետի պարող Սերգեյ Պոլունինը։

