Արմեն Ջիգարխանյանի ժառանգությունը
ՄշակութայինՀոկտեմբերի 3-ին լրացավ եզակի անհատականության՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռեժիսոր և մանկավարժ Արմեն Բորիսի Ջիգարխանյանի ծննդյան 90-ամյակը։ Նրա արժանիքները անվերջ կարելի է թվարկել, բայց ամենագլխավորը նրա հիրավի համաժողովրդական ճանաչումն է։ Արմեն Բորիսովիչին սիրում էին միլիոնավոր հանդիսատեսներ, այդ թվում՝ շատ հեռու Հայաստանի սահմաններից, որտեղ նա ծնվել և անցկացրել է իր մանկությունը։ Նրան, առանց չափազանցության, կարելի է անվանել Խորհրդային Միության ամենահայտնի և սիրված հայը։
Բոլորը գիտեն, որ Արմեն Ջիգարխանյանը հանճարեղ դերասան էր, որը խաղացել է հսկայական քանակի դերեր թատրոնում ու կինոյում։
Սակայն այս հոդվածում ես կցանկանայի խոսել նրա մարդկային զարմանալի որակների, ինչպես նաև նրա դժվար ճակատագրի մասին և ներկայացնել իմ դիտարկումներն ու այս հրաշալի մարդու կյանքից քիչ հայտնի փաստերը։ Իմ բախտը կյանքում շատ է բերել, քանի որ ես նույնպես նրան կարող եմ կոչել իմ ուսուցիչը, նույնիսկ ավելին՝ իմ խորհրդատուն։ Եվ չնայած նրան, որ 2020 թվականի նոյեմբերի 14-ին Արմեն Բորիսովիչը վախճանվեց, ես առաջվա պես մտքումս խոսում եմ նրա հետ և հաճախ եմ օգտվում նրա նվիրած արտահայտություններից, քանի որ դրանք ավելի ճշգրիտ ձևակերպելը պարզապես անհնար է։ Բայց սկսեմ հերթով։
Արմեն Բորիսի Ջիգարխանյանը ծնվել է Երևանում 1935 թվականի հոկտեմբերի 3-ին՝ թիֆլիսահայերի սերունդների ընտանիքում։ Նրա հայրը՝ Բորիս Ակիմի Ջիգարխանյանը, լքել է ընտանիքը, երբ Արմենը ընդամենը մեկ ամսական էր։ Շուտով Արմենի մայրը՝ Ելենա Վասիլևնան, ամուսնանում է մեկ այլ թիֆլիսահայի, ինչպես այն ժամանակ կոչում էին, «կինտոյի»՝ մի ամուրու հետ, որն ուներ երկու երեխա՝ որդի և դուստր։ Արմեն Բորիսովիչը հաճախ էր հիշում իր խորթ հորը՝ Աշոտին, որը իմաստուն մարդ էր։ Խորթ եղբոր՝ Հրաչիկի հետ շատ մտերիմ էր մինչև իր վերջին օրերը. չկար մի շաբաթ, որ եղբայրներն իրար չզանգեին։ Եվ, իհարկե, երբ մենք գալիս էինք Երևան, մեզ միշտ ուղեկցում էր Հրաչիկ Աշոտովիչը՝ շատ հմայիչ և կիրթ մարդ, որն երկար ժամանակ աշխատել էր Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Սերոբի Դեմիրճյանի աշխատակազմի ղեկավար և շատ հավատարիմ էր մնացել նրան նաև ծառայությունից հետո։
Ջիգարխանյանի մայրն աշխատում էր Հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդի քարտուղարությունում։ Արմեն Բորիսովիչի պատմելով՝ ինքը գրեթե մանկություն չի ունեցել, քանի որ նրա վաղ տարիները համընկել են Հայրենական մեծ պատերազմի տարիների հետ։ Ընտանիքն ապրում էր Երևանում, դերասանի ասելով՝ ինքը հիշում է, թե ինչպես էին ամբողջ ընտանիքով փայտ կոտրում տան նկուղում, իսկ մայրը լաց էր լինում հացի կտրոնները կորցնելուց հետո։ Երբ խորթ հայրը պատմում էր Իոսիֆ Ստալինի մասին, որի հետ մոտիկից շփվել էր երիտասարդության տարիներին, ընտանիքն ամուր փակում էր դռները, որպեսզի ոչ ոք չլսի, քանի որ Աշոտը այնքան էլ գովեստով չէր խոսում «բոլոր ժողովուրդների առաջնորդի» մասին։ Խորթ հայրը խելացի և համարձակ մարդ էր։ Նա էլ դարձավ պատանի Արմենի առաջին խորհրդատուն՝ սովորեցնելով նրան չվախենալ ճշմարտությունն ասելուց։
Արմեն Բորիսովիչի մայրը մոլի թատերասեր էր, սակայն դերասան դառնալու որդու որոշումը նրան անակնկալի բերեց։ Ապագա դերասանի մորաքույրն ու տատիկը աշխատում էին Մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում և Արմենի համար բժշկի կարիերա էին նախատեսում, բայց մայրը նրան պաշտպան կանգնեց։ Ելենա Վասիլևնան զարմանալի կին էր՝ ներքին ազատության հազվագյուտ զգացումով, նա միշտ վստահում էր իր զգացողություններին։ Ելենա Վասիլևնան իր օրինակով ցույց էր տալիս երիտասարդ Արմենին, թե որքան կարևոր է մտերիմ մարդկանց ներքին ազատությունը հարգելը։ Եվ ընդհանրապես նա շատ խորը մարդ էր, գիտեր բազմաթիվ հայկական ասացվածքներ, որոնք Արմեն Բորիսովիչը հետագայում հաճախ էր մեջբերում։
Իր ողջ կյանքի ընթացքում Արմեն Բորիսովիչը հիշում էր մոր՝ իմաստությամբ և սիրով լեցուն արտահայտությունները, միշտ նրան համարում էր իր ամենամտերիմ ու հարազատ մարդը։ Պատահական չէ, որ Արմեն Բորիսովիչն իր միակ դստերը կոչեց Ելենա, որը նույնպես շատ բան էր վերցրել իր տատիկից։ Երբ մայրը մահացավ, Արմեն Բորիսովիչը արտերկրում էր՝ նկարահանումների մեջ։
Խորհրդային տարիներին արտասահմանյան ուղևորություններից ժամկետից շուտ վերադառնալը պահանջում էր ղեկավարության համաձայնությունը։ Նա չհասցրեց վերադառնալ մինչ հուղարկավորությունը, որը տեղի ունեցավ Երևանում։ Արմեն Բորիսովիչն ասում էր. «Ես մորս դագաղի մեջ չեմ տեսել։ Ինձ համար նա մինչև հիմա կենդանի է։ Ինձ չի լքում այն զգացողութզունը, որ նա դեռ Հայաստանում է, անհանգստանում է ինձ համար, և ես այնքան շատ բան պիտի պատմեմ նրան, երբ հանդիպենք»։
Պատանեկան տարիներից Արմեն Բորիսովիչը շատ հետաքրքրասեր մարդ էր, շատ էր կարդում և խորասուզվում էր արվեստի տարբեր ուղղությունների ուսումնասիրության մեջ՝ նկարչություն, երաժշտություն, թատրոն և կինո։ Նա նաև սպորտ էր շատ սիրում։ Երբ միասին դիտում էինք կարևոր մրցումներ, նա ասում էր. «Նայի՛ր նրանց դեմքներին, տեսնո՞ւմ ես. անհավանական լարվածություն և լիակատար կենտրոնացում։ Նրանք ոչինչ չեն նկատում իրենց շուրջը՝ բացի նպատակից։ Միայն այդպես կարելի է կյանքում հասնել իսկապես ինչ-որ շատ կարևոր բանի»։ Ընդհանրապես շատ հետաքրքիր էր նրա հետ ցանկացած բան դիտելը. նա միշտ նկատում էր այն, ինչը թաքնված էր հանդիսատեսից։ Նրա համար կարևոր էր խորասուզվելը, մարդու վիճակը ըմբռնելու խորքին հասնելը, ընդհուպ ֆիզիկական զգացողությունները։ Հավանաբար այդ պատճառով Արմեն Բորիսովիչը այդքան բնական էր դիտվում բեմում, ամբողջովին դերի մեջ էր մտնում և ժամանակավորապես դառնում էր այն մարդը։
Ես լավ եմ հիշում նրա «Կրեպի վերջին ժապավենը» մոնոներկայացումը, որը լեցուն էր փիլիսոփայական բովանդակությամբ և ոչ ոքի չէր կարող անտարբեր թողնել։ Ջիգարխանյանն այնքան էր խորանում իր հերոսի կյանքի մեջ, որ ներկայացումից հետո նրան ամենաքիչը կես ժամ պետք էր իր սովորական վիճակին վերադառնալու համար։ Որոշ ժամանակ նա խոսում և շարժվում էր այնպես, ինչպես նոր խաղացված ներկայացման մեջ իր գործող անձը։ Այսպիսի մոտեցումը պահանջում էր նրանից լիակատար կենտրոնացում և ուժերի գերլարում, բայց նա այլ կերպ չէր կարող, դա համարում էր ոչ պրոֆեսիոնալ։
Ցավոք, խորհրդային տարիներին դերասաններին ստիպում էին խաղալ գոյություն չունեցող կերպարներ, այսպես կոչված «սոցիալիստական ռեալիզմ»։ Դա Ջիգարխանյանի համար իսկական տանջանք էր. նա հաճախ շեղվում էր ռեժիսորի բեմադրությունից, բայց դա անում էր այնպիսի տաղանդով ու բնական կերպով, որ նրան ներվում էին այդ շեղումները։ Արմեն Բորիսովիչն իր հերոսների համար հաճախ էր հորինում այնպիսի առանձնահատկություններ, որոնք բնութագրում էին նրանց էությունը։ Օրինակ՝ կապիտան Օվեչկինի գլխի շարժումները «Անորսալի վրիժառուներում» կամ ձեռքի շարժումները «Կատուն շիկացած թիթեղյա տանիքի վրա» պիեսում։ Նա շատ էր հանպատրաստից ստեղծագործում, օրինակ՝ «Երբ գալիս է սեպտեմբերը» և «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմերում տեքստի կեսից ավելին ինքն էր ավելացնում իր կողմից։ Երբ ես նրան հարցնում էի, թե ինչպես է դա նրան հաջողվում, Արմեն Բորիսովիչը պատասխանում էր. «Այդ պահին ինքնիրեն գալիս է մտքիս»։ Ես հասկանում էի, որ նա այնքան էր խորացած իր կերպարի հոգեվիճակի մեջ, որ արդեն խոսում էր նրանց լեզվով։ Որպես կանոն, ռեժիսորները այդպիսի դուբլերը թողնում էին անփոփոխ. դրանք շատ ներդաշնակորեն ներդրվում էին սյուժեի մեջ և հաճախ դառնում էին պիեսի կամ ֆիլմի զարդը։
Արմեն Բորիսովիչը շատ էր աշխատում։ Սկզբում Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնում, ապա Լենկոմի թատրոնի գլխավոր ռեժիսոր Անատոլի Վասիլևիչ Էֆրոսը հրավիրեց նրան Մոսկվա։ Բայց երբ Էֆրոսը աշխատանքից ազատվեց, և Արմեն Բորիսովիչը հրաժարվեց ստորագրել նրա աշխատանքային մեթոդները դատապարտող նամակը, նա ստիպված եղավ հեռանալ։ Նրան հրավիրեցին Մայակովսկու անվան թատրոն, որտեղ անփոխարինելի գեղարվեստական ղեկավար էր Անդրեյ Ալեքսանդրովիչ Գոնչարովը։ Այդ ստեղծագործական միությունը պահպանվեց գրեթե երեսուն տարի։ Չնայած այն բանին, որ թատրոնում աշխատում էր մեծ դերասանների մի ամբողջ համաստեղություն, Արմեն Բորիսովիչը առանձնանում էր իր տաղանդով և աշխատասիրությամբ։ Տատյանա Վասիլևնա Դորոնինան մինչև հիմա Արմեն Բորիսովիչին համարում է իր լավագույն թատերական զուգընկերը։ Նատալյա Գեորգիևնա Գունդարևան ասել է. «Ես չեմ հանդիպել գործընկերոջ այնպիսի զգացողությամբ դերասանի, ինչպիսին Արմեն Բորիսովիչ Ջիգարխանյանն է, նրա կողքին քեզ ազատ ու վստահ ես զգում, հասկանում ես, որ այս զուգընկերը միշտ կապահովագրի քեզ, և եթե հանկարծ սխալվես, հեշտությամբ կշտկի իրավիճակը»:
Նրա կյանքում կարծես ամեն ինչ լավ էր ընթանում. նա երկրորդ անգամ ամուսնացավ (նրա առաջին կինը՝ Ալլա Վանովսկայան, մահացավ դստեր ծնվելուց մեկ տարի անց): Արմեն Բորիսովիչը որդեգրեց իր երկրորդ կնոջ՝ Տատյանա Սերգեևնա Վլասովայի որդուն՝ Ստեփանին: Նրա մայրը տարին առնվազն երկու անգամ գալիս էր Մոսկվա: Առաջարկներին ու նկարահանումներին վերջ չկար: Սակայն տեղի ունեցավ սարսափելի ողբերգություն, որից Արմեն Բորիսովիչը չկարողացավ ուշքի գալ մինչև իր կյանքի վերջին օրերը. 1987 թվականի դեկտեմբերի 30-ին 23 տարեկան հասակում հանկարծամահ եղավ Արմեն Բորիսովիչի դուստրը՝ Ելենա Արմենի Ջիգարխանյանը: Նա մահացավ շմոլ գազի թունավորումից՝ թատրոնի փորձից հետո քնելով ավտոտնակում կայանված մեքենայում՝ միացված շարժիչով: Անհնար է փոխանցել այն, ինչ ապրեց Ջիգարխանյանը՝ կորցնելով իր միակ հարազատ զավակին, որին գործնականում մենակ էր մեծացրել: Ինչպես պատմում են ականատեսները, Արմեն Բորիսովիչի մազերը սպիտակեցին ընդամենը մի քանի օրում։
Մենք հազվադեպ էինք խոսում նրա հետ այս մասին, բայց նա հաճախ էր հիշում դստերը, հատկապես իր կյանքի վերջին օրերին, և արցունքները միշտ գլորվում էին: Ինչ-որ պահի Արմեն Բորիսովիչը որոշեց գրել «Նամակներ Ելենային» վերնագրով գիրք, որում հին հռոմեացի փիլիսոփա Սենեկայի հայտնի «Նամակներ Լուկուլլոսին» աշխատության սկզբունքով ծրագրում էր կյանքի մասին իր մտքերը շարադրել նամակներում, ընդ որում, որոշ նամակներ հասցեագրված էին լինելու դստերը, իսկ մյուսները՝ մորը, քանի որ երկուսի անունն էլ Ելենա էր: Նա սկսեց աշխատել գրքի վրա, բայց ավարտել այդպես էլ չհասցրեց:
Եթե փորձենք նկարագրել Արմեն Բորիսովիչի բնավորության գծերը, ապա առաջին հերթին ես կառանձնացնեի նրա ֆանտաստիկ աշխատասիրությունը և ոգևորվածությունը: Նա նկարահանվել է ավելի քան 300 կինոնկարներում՝ հսկայական թիվ, որն այդպես էլ չգերազանցեց ոչ մի խորհրդային դերասան: Բայց դրանից բացի՝ Արմեն Բորիսովիչը խաղացել է անթիվ քանակի ներկայացումներում: Դժբախտաբար, ոչ ոք այդ թիվը չի հաշվել, բայց վստահ եմ, որ այս ցուցանիշով էլ նրան հավասարը չկար։
Կա մի հայտնի ասացվածք. «Հաջողությունը տաղանդն է՝ բազմապատկված բազում օրերի տքնաջան աշխատանքով»։ Արմեն Բորիսովիչը անդադար աշխատել է երկար տարիներ, ինչի շնորհիվ էլ իր մասնագիտության մեջ հասել է լայն ճանաչման ու հաջողության։
Ջիգարխանյանն ուներ նաև մեկ այլ եզակի հատկանիշ, որը նույնիսկ ինչ-որ չափով միստիկ էր թվում։ Նա զարմանալի կերպով զգում էր մարդկանց։ Նատալյա Գեորգիևնա Գունդարևան պատմում էր, թե ինչպես մի անգամ բախվել է լուրջ անձնական խնդրի և ոչ մի կերպ չի կարողացել գտնել ճիշտ լուծումը։ Մտքերով տարված՝ նա մոտեցել է թատրոնի վերելակին, և երբ ներս է մտել, վերջին պահին այդտեղ է ցատկել Արմեն Բորիսովիչը։ Նրանք միասին երեք հարկ են բարձրացել, նա նայել է Գունդարևային և դուրս գալով՝ ասել. «Նատա՛շա, երկար մի՛ մտածիր, պարզապես վարվիր այսպես...»։ Երբ նա հեռացել է, Գունդարևան դեռ երկար ժամանակ շփոթված կանգնած է մնացել։ Չէ՞ որ այդ խորհուրդը ամենաճշգրիտը դուրս եկավ և իսկապես օգնեց նրան գտնելու ճիշտ լուծումը։
Նման դեպքերը եզակի չէին, ես նույնպես ամեն անգամ ապշում էի, երբ մեր զրույցներում Արմեն Բորիսովիչը սկսում էր քննարկել հենց այն հարցերն ու խնդիրները, որոնք այդ պահին խիստ անհանգստացնում էին ինձ, և ամեն անգամ նա գտնում էր ճիշտ լուծումները։ Ես նույնիսկ կասկածում էի, թե իմ շրջապատից մեկը նրան պատմում է իմ խնդիրների մասին, բայց հետագայում համոզվեցի, որ դա նրա ուրույն շնորհն էր, որը նրա շատ ընկերների է փրկել և օգնել ելք գտնելու ցանկացած իրավիճակից։ Արմեն Բորիսովիչը մեզ սովորեցրեց ընկերություն անել. նա սիրում էր խմել ընկերության կենացը, որը նրա շուրթերից հնչում էր այսպես. «Իսկական բարեկամությունն այն է, երբ մենք միմյանց կարիքն ունենք, պահպանե՛ք այդ զգացումը»։
Ես նաև կառանձնացնեի Արմեն Բորիսովիչի յուրահատուկ հումորի զգացումը։ Նա կատակների և սրամիտ պատմությունների իսկական գանձարան էր, ցանկացած, նույնիսկ անծանոթ շրջապատում կարողանում էր ստեղծել ուրախության և զվարճանքի մթնոլորտ։ Նրան բոլորը շատ էին սիրում։ Բայց, որքան էլ տարօրինակ է, Արմեն Բորիսովիչը խորապես միայնակ մարդ էր. պատահական չէ, որ նա իր միակ գիրքը, որը գրել է հայտնի թատերագետ Դմիտրի Յակովլևիչ Դուբրովսկու հետ, վերնագրել է «Ես միայնակ ծաղրածու եմ»։
Եվս մի հատկանիշ, որի մասին չեմ կարող չխոսել. Արմեն Բորիսովիչը իսկապես բարի և անկեղծ մարդ էր, նա շատ բանի էր հասել մարդկանց նկատմամբ իր բաց և վստահելի վերաբերմունքի շնորհիվ։ Եվ չնայած նա հաճախ էր բախվում անշնորհակալությանը և հիասթափվում, բայց կարողացավ պահպանել իր բարությունը մինչև իր կյանքի վերջին օրերը։ Նա ինձ սովորեցնում էր. «Վատ մարդիկ վտանգավոր են ոչ թե իրենց արարքներով ու խոսքերով, այլ նրանով, որ նրանք փոխում են մեզ դեպի վատ կողմը։ Ինչ էլ պատահի, փորձիր պահպանել քո էությունը։ Դա հեշտ չէ, բայց միայն այդ դեպքում դու չես կորցնի քեզ»։
Շատ դժվար է մեկ հոդվածում տեղավորել այն ամենը, ինչ Արմեն Բորիսի Ջիգարխանյանն իր կյանքով սովորեցրել է մեզ. նրա մասին կարելի է շատ երկար ու երկար պատմել։ Բայց ես կսահմանափակվեմ նրա ևս մեկ կարևոր հատկանիշով, որի մասին չի կարելի չասել. Արմեն Բորիսովիչը խորապես հայրենասեր մարդ էր, նա շատ էր սիրում իր հայրենիքը, և նույնը սովորեցնում էր իր ընկերներին։ Նա ասում էր. «Անհատականության մեջ հիմնական դերը խաղում է ազգային մշակույթը, հենց նա է մեզ տարբերակում մյուսներից: Երբեք մի՛ թաքցրեք ձեր հայկական պատկանելությունը, իսկ ավելի լավ է՝ հպարտացե՛ք դրանով: Մենք ունենք շատ հարուստ պատմական ժառանգություն, որը քչերին է տրված»: Ջիգարխանյանը շատ խորն էր սիրում Հայաստանը: Երբ մի երկու ազատ օր էր ունենում, զանգահարում էր ինձ և ասում. «Մի երկու օրով չթռչե՞նք Հայաստան»: Եվ հայերենով ավելացնում էր. «Ձեռքներս կդնենք ոռներիս, մի քիչ ման կգանք»: Մենք տոմսեր էինք գնում և թռչում դեպի Երևան:
Ջիգարխանյանն ասում էր, որ Հայաստանում ինքն այլ կերպ է շնչում և սիրում էր կրկնել. «Հիշի՛ր, տղա՛ս: Որքան մեծանում ենք, այնքան ավելի ուժեղ ենք զգում մեր արմատները»: Եվ ես հիշում եմ։
ԱՐԹՈՒՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
мен рисович с еной Васильевной
Արմեն Բորիսովիչը մոր՝ Ելենա Վասիլևնայի հետ
Մայակովսկու թատրոն. «Դարի զոհը» ներկայացումից հետո
Երիտասարդությանս ընկերների հետ։ Երևանում՝ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ

