ԶՈՀՎԵԼ Է ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԿԱՐԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Հասարակություն«2020 թվականի Արցախյան 44-օրյա դաժան պատերազմում ցավոք կորցրեցինք հազարավոր լուսավոր երիտասարդների, նրանցից մեկն էլ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆՆ էր։ Այսօր, հոկտեմբերի 13-ը նրա հիշատակի օրն է։ Ուղիղ 5 տարի է անցել, սակայն ցավը մնում է ցավ ու չի սպիանում։
Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակիցը ներկա է գտնվել։ Արթիկ խոշորացված համայնքի Հայրենյաց գյուղի հերոսների պանթեոն այցելեցին վարչական ղեկավար Գևորգ Մարտիրոսյանը, հերոսների հարազատներ, Հայրենյացի միջնակարգ դպրոցի ուսուցչական, աշակերտական և ծնողական կազմը, փոխտնօրեն Էմմա Սալմոյանի գլխավորությամբ, գյուղի բնակիչներ։Ներկաները ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկեցին Արցախյան 44-օրյա դաժան պատերազմում անմահացած ԿԱՐԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ և Արցախյան առաջին պատերազմում անմահացած ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ շիրիմներին։ Միջոցառման ժամանակ աշակերտները ներկայացրեցին անմահ հերոս Կարենի կենսագրականը, մարտական ուղին, նա եղել է դպրոցի լավագույն աշակերտներից մեկը ։ Դաժան պատերազմի ժամանակ, լինելով ընդամենը 2 ամսվա զինծառայող, կռվել է հերոսաբար ու ցավոք զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից, մարտական ընկերների հետ միասին։ Միջոցառման ավարտին Կարենի հայրը ԿԱՐԱՊԵՏ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ, շնորհակալություն հայտնեց ներկաներին, իր հերոս որդուն չմոռանալու համար, նա ասաց, որ թող ոչ մի ծնող, երբեք չզգա այն ցավը, ինչ իրենք են զգում, երբեք պատերազմ չլինի։ Անմահ հերոս Կարեն Մնացականյանը հետմահու արժանացել է «Մարտական ծառայության» մեդալի։
ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ։ ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ...
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

