Եթե այդքան սրտացավ են մեր ընդդիմադիրները, ինչու չեն գալիս աղբավայր. Աշոտ Սարգսյան
ՆերքաղաքականՆուբարաշենի աղբավայրն ազգաբնակչության գլխին պատուհաս է եւ վաղուց: Այն, որ ամեն իշխանության եկող, պարտադիր իր ծրագրերում խոսում է Նուբարաշենի աղբավայրի, աղբի վերամշակման մասին, նորություն չէ, սակայն ինչպես տեսնում ենք, խնդիրը չի լուծվում: Ավելին՝ 2025 թվականի ընթացքում աղբավայրն այրվել է 12 անգամ: Վերջին օրերի հրդեհի, դրա դիտավորության, օդի աղտոտվածության մասին, «Իրավունք»-ը խոսեց Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:
— Նախ կխնդրեմ առավել մանրամասն ասեք, թե ինչ վիճակում է այժմ Նուբարաշենի աղբավայրը:
— Այս պահի դրությամբ պետք է ասեմ, որ բավականին քչացել է բռնկման հատվածը եւ կարելի է ասել, մարել է կրակը, ուղղակի ծխում է եւ տակի հատվածից ծուխը դուրս է գալիս: Սակայն, տարվում են մեծածավալ աշխատանքներ, որպեսզի մաքսիմալ արագ վերականգնվի ամենը:
— Քաղաքապետի պնդմամբ` հրդեհը եղել է դիտավորյալ արված: Ի՞նչ կասեք այս մասին:
— Ես համակարծիք եմ քաղաքապետի հետ: Ի դեպ, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը եւս հաստատել է այն փաստը, որ կա ինչ-որ կասկածյալ: Իրականում, այլ տարբերակ դժվար լինի, քանի որ հիմա այն շոգ եղանակը չէ, որ գազերի հետեւանքով բռնկվի եւ այրվի աղբավայրը: Այսինքն` ես էլ եմ կարծում, որ դա միտումնավոր արված բան է: Բացի այդ, վերջին անգամ՝ օգոստոսին, երբ այրել էին, այդ ժամանակ կրկին նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել, ինչպես հիմա է: Օգոստոսին, հրդեհի հատվածը, հողով գրեթե ամբողջովին ծածկվել էր, հիմա այդ նույն հատվածներում, կրկին նոր կրակի օջախներ են: Այս պահի դրությամբ դեպքի վայր է տեղափոխվել 107 մեքենա հող եւ մղվել 91 տոննա ջուր: Այո, շատ նման է միտումնավոր արված հրդեհի, սակայն քանի որ ես քննիչ չեմ, չեմ կարող հստակ ասել:
— Որպես նախկին բուժաշխատող, ըստ Ձեզ, ինչպիսի՞ շնչառական վտանգներ են սպառնում քաղաքացիներին օդի այս աստիճան ախտոտվածության դեպքում:
— Բնականաբար, սա շատ վատ է, եւ մենք շահագռգռված ենք, որ մաքսիմալ մաքուր լինի օդը: Սակայն, պետք է հաշվի առնենք, որ նմանատիպ դեպքեր յուրաքանչյուր քաղաքում էլ կարող է լինել: Իհարկե, եղածը չեմ արդարացնում, սակայն չբացառենք, որ ամեն տեղ կարող է լինել նման բան եւ պետք է մաքսիմալ արագ ու ճիշտ կազմակերպված կերպով հնարավորինս անել, որ մարդիկ չշնչեն այդ օդը, որն այդ պահին գազերի հետեւանքով կարող է տարածվել: Ասեմ, որ տարբեր վարչական շրջաններում, 160-ից ավելի սարք ունենք տեղադրված, որոնք ստուգում են օդի աղտոտվածությունը: Վերջին տվյալներով, միայն կենտրոնի հատվածն է, որ նորմայի եւ խախտման սահմանի շեմին էր: Սակայն, վստահ եմ, որ դա էլ կկանխվի, իսկ մնացած հատվածներում համեմատաբար օդը նորմալ էր:
— Ամեն ինչից անկախ՝ տվյալներից եւ սարքերից, Նուբարաշենի աղբավայրը շարունակում է ծխալ, որը վտանգ է ներկայացնում հատկապես շնչառական խնդիր ունեցողների շրջանում:
— Ցավոք, այո, սակայն տեղում աշխատում են հարյուրավոր մարդիկ՝ թե՛ հրշեջներ, թե՛ քաղաքապետարանի աշխատակիցներ, թե՛ աղբահանության հիմնարկի աշխատակիցներ, ու փորձում են մաքսիմալ կերպով ամեն ինչ անել, որ շուտափույթ լուծվի խնդիրը:
— Այս հրդեհը քաղաքական աստառ ունի՞:
— Ցավալի է, իհարկե, բայց ես մի քանի գրառումներ տեսա, որտեղ որոշ ընդդիմադիրներ փորձում են դա շահարկել, սակայն նույն տրամաբանությամբ մի բան կասեմ. եթե այդքան սրտացավ են մեր ընդդիմադիրները, ինչո՞ւ չեն գալիս աղբավայր ուղղակի հետաքրքրվելու համար, թե ինչ փուլում է կրակի մարումը: Գուցե մի խորհուրդ էլ իրենք տան, օգնեն, կամ տեսնեն արդյո՞ք ամեն բան ճիշտ է արվում, թե՝ ոչ: Ստատուսների մակարդակով են միայն խոսում, ինչն էլ ինձ տեղիք է տալիս մտածելու, որ դա ընդամենը շահարկման առարկա է: Իրականում այդ նույն ընդդիմադիրն ու իր ընտանիքի անդամներն էլ են շնչում այս օդը:
— Այս տարվա ընթացքում, Նուբարաշենի աղբավայրի որերո՞րդ հրդեհն էր:
— Եթե չեմ սխալվում, 12-րդ: Բայց այն նախորդները հիմնականում մանր օջախային են եղել: Ծավալով մեծ եղել է օգոստոս ամսվա հրդեհը եւ այժմյանը:
— Չե՞ք կարծում, որ քաղաքապետի թուլությունից է, որ 12 անգամ այրվում է նույն տարածքը:
— Գիտեք, այնքան հեշտ է նմանատիպ իրավիճակներում մեղավորներ փնտրելն ու գտնելը: Ես որեւիցե թուլություն չեմ տեսնում, քանի որ նմանատիպ դեպքեր լինում են ողջ աշխարհում: Օրինակ, Աստված մի արասցե, մի սուպերմարկետ այրվի, դա էլ կարող է մի 3 օր ծխալ: Չէ որ այնտեղ էլ տարբեր տեսակի քիմիական նյութեր կարող են լինել: Արձագանքներն էլ պետք է մի քիչ ադեկվատ լինի: Ես կմեղադրեի որեւիցե մեկին այն դեպքում, եթե նկատեի, որ բավարարաչափ միջոցներ չի ձեռնարկվում՝ կասեցնելու համար: Իսկ ես ամեն օր, ժամերով անցկացնում եմ դեպքի վայրում, փորձում օգտակար լինել ինչ-որ կերպ եւ տեսնում եմ, թե ինչպես՝ 24 ժամ անդադար աշխատում են մի քանի գերատեսչություն եւ պայքարում են մաքսիմալ կերպով լուծում ստանալու համար, կարծում եմ դա պետք է գովելի լինի:
— Նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար՝ ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում:
— Արդեն իսկ քաղաքապետի խիստ հանձնարարականով, աղբավայր մտնող եւ դուրս եկեղ բոլոր անձիք ֆիքսվելու են՝ անուն-ազգանունով եւ բացի այդ, տեսախցիկների տեղադրում պետք է լինի: Սակայն, այդ ամենը ժամանակավոր լուծումներ են, քանի, որ ինչպես ասաց նաեւ քաղաքապետը, պատրաստվում են աղբի վերամշակման գործարանի հարցերը լուծել: Այդ աղբավայրը պետք է վերանա:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

