Ջրում, օդում եւ ցամաքում. ինչ կատարվեց 23-ամյա «Հայ Ֆեստ»-ում
ՄշակութայինԱվելի քան 100 մասնակից 11 երկրից՝ Բելգիայից, Նիդեռլանդներից, Ֆրանսիայից, Չինաստանից, ԱՄՆ-ից, Հունգարիայից, Հարավային Կորեայից եւ այլ երկրներից։ Ժամանակակից պարային եւ դրամատիկական բեմադրություններ, վարպետաց դասեր, մասնագիտական քննարկումներ եւ հանդիպումներ... Ահա այսպես Երեւանում կայացավ կատարողական արվեստների «Հայ Ֆեստ» 23-ամյա միջազգային փառատոնը՝ «Փառատոնային ձերը» խորագրով։
Այս տարի փառատոնն առանձնացավ իր նորարարական եւ համարձակ ձեւաչափով, հանդիսատեսին ներկայանալով բառիս բուն իմաստով՝ ջրում, օդում եւ ցամաքում։ Արվեստը դուրս բերվեց ավանդական թատերական սրահներից՝ տեղափոխվելով քաղաքային բաց տարածքներ, շենքերի պատերի վրա եւ շատրվանների շուրջ։ Առաջին անգամ Հայաստանում ցուցադրվեցին ուղղահայաց պատի վրա պարային բեմադրություն եւ մեդիա-ջրային ներկայացում, որոնք դարձան փառատոնի ամենայուրօրինակ իրադարձություններից։
Նիդեռլանդների Բենչա թատրոնի «Խորքային Տարածություն» ներկայացումն ուղղահայաց պատի վրա պարային բեմադրություն էր, որն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում։ Բելգիական Սեյքրըդ Փլեյսիս խմբի «Ստվերների Պարը» մեդիա-ջրային ներկայացումն էլ միավորեց ջրային էֆեկտները եւ պրոյեկցիոն տեխնոլոգիաները։ Այս ներկայացումն նույնպես առաջին անգամ էր ցուցադրվում Հայաստանում եւ հանդիսատեսի կողմից արժանացավ մեծ արձագանքի։
Փառատոնի առանցքային մասն էր միջազգային կլոր սեղան-քննարկումը, որին մասնակցեցին 14 հեղինակավոր թատերական փառատոների ղեկավարներ եւ ծրագրավորողներ՝ Հարավային Կորեայից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Եգիպտոսից, ԱՄՆ-ից, Վրաստանից, Ռումինիայից, Թուրքիայից, Ղազախստանից եւ այլ երկրներից։ Քննարկման ընթացքում ներկայացվեցին հայկական թատրոնների եւ բեմադրիչների աշխատանքները, բացվեցին համագործակցության նոր հնարավորություններ։
«Այս տարի ունեցանք երբեւէ ամենաբովանդակալից կլոր սեղաններից մեկը։ Յուրաքանչյուր մասնակից ներկայացավ իր փառատոնի տեսլականով։ Ուրախալի է, որ հայ բեմադրիչներն ու թատրոնները հանդես եկան մեծ ակտիվությամբ։ Սա եւս մեկ անգամ հաստատեց մեր հիմնական նպատակը՝ լինել կամուրջ հայկական եւ միջազգային թատերաշխարհների միջեւ։ Մենք հույս ունենք, որ այս քննարկումների արդյունքում հայ թատերախմբերն ու բեմադրիչները կհրավիրվեն տարբեր երկրներ՝ ներկայացնելու իրենց աշխատանքները։ Սա հենց այն է, ինչի համար ստեղծվել է «Հայ Ֆեստ»-ը՝ զարգացնել հայ կատարողական արվեստը, եւ այն միջազգային հարթակ դուրս բերել», - ամփոփելով փառատոնն ասաց «Հայ Ֆեստ»-ի նախագահ ԱՐԹՈՒՐ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ:
Այսպիսով՝ «Հայ Ֆեստ»-ն այս տարի եւս վերահաստատեց, որ շարունակում է մնալ առաջատարներից մեկը՝ որպես նորարարության եւ միջազգային փորձի ներմուծման հարթակ։
https://iravunk.com/sim/?p=324908&l=am/

