«Չորրորդ հանրապետության» գաղափարն իրականում միտված է պատմության մերժմանը. Վահագն Մելիքյան

Ներքաղաքական

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Դիվանագետների համահայկական խորհրդի անդամ, արտակարգ եւ լիազոր դեսպան, ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար ՎԱՀԱԳՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ:

«ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ ՀԱՃՈՅԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ Է»

ԱԳՆ-ի կառուցվածքում արդեն գոյություն ուներ Եվրոպայի վարչություն։ Չե՞ք կարծում, որ հիմա «Եվրոպական ինտեգրման վարչություն» ստեղծելը ընդամենը իմիտացիոն քայլ է՝ ուղղված առաջիկա ընտրություններին, իբրեւ թե Հայաստանը գնում է դեպի Եվրամիություն։

Ցանկացած նոր ստորաբաժանման ի հայտ գալը, հատկապես արտաքին քաղաքական գերատեսչությունում, ինքնին ենթադրում է որոշակի քաղաքական եւ կառուցվածքային անհրաժեշտություն։ Ընդհանրապես, երբ նայում ենք միջազգային փորձին, նոր վարչությունների ստեղծումը միշտ կապված է եղել ոչ միայն համակարգի ընդլայնման, այլեւ ռազմավարական նպատակների հստակ արտահայտման հետ։ Օրինակ, հարեւան երկրներում նման նախաձեռնությունները հաճախ համընկել են կարեւոր միջազգային համաձայնագրերի, միության անդամակցության բանակցությունների կամ տարածաշրջանային կոնֆլիկտների կարգավորման փուլերի հետ։

Անցյալում, առնվազն, այդպես է եղել նոր վարչության ստեղծումը սովորաբար նշանակում էր, որ պետությունն ունի հստակ առաջնահերթություն եւ ռազմավարություն տվյալ ուղղությամբ։ Դա չէր լինում պարզապես վարչական ընդլայնում կամ այլ նախաձեռնություն։ Երբ ստեղծվում էր նոր վարչություն, պետությունն այդ քայլով ցույց էր տալիս ոչ միայն ներսում՝ հասարակությանը, այլեւ արտաքին գործընկերներին, որ այն պատրաստ է համակարգված, կայուն եւ հետեւողական աշխատանքի, ունի կոնկրետ ռազմավարություն եւ կադրային պլան։

Այսօր, սակայն, երբ արդեն ունենք առանձին Եվրոպայի վարչություն՝ իր ենթաբաժիններով, եւ հիմա ստեղծվում է նաեւ «Եվրոպական ինտեգրման վարչություն», իրավիճակը մի փոքր այլ է՝ թվում է, թե սա ավելի շատ հիշեցնում է քաղաքական ժեստ։ Այն ուղղված է, առաջին հերթին, արտաքին գործընկերներին հաճոյանալու եւ ներսում որոշակի պատրանք ստեղծելու համար, կարծես թե, Հայաստանը գնալով ավելի մոտենում է եվրոպական կառույցներին, մինչդեռ համակարգը դեռ չունի իր գործողությունների հստակ ու հետեւողական ռազմավարությունը։

Ակնհայտ է, որ նման քայլերը հաճախ արվում են ոչ թե պետական համակարգը արդյունավետ դարձնելու համար, այլ` հասարակությանը ցույց տալու, թե իբր մենք ակտիվորեն առաջ ենք շարժվում դեպի եվրոպական կառույցներ։ Դա կարող է ունենալ նաեւ ընտրական հաշվարկ. իշխանությունները փորձում են ապահովել եվրոպամետ ձայներ, պահպանել միջազգային շրջանակների համակրանքը կամ պարզապես ցույց տալ, որ Հայաստանի կողմից իրականացվում են անհրաժեշտ «գործողություններ»՝ զուգորդված հրապարակային ժեստերով։

Այդուհանդերձ, խնդիրը ոչ միայն այն է, թե ինչ անուն է կրում վարչությունը, այլ՝ ինչպես է այն աշխատելու, ինչպիսի բովանդակություն է ունենալու իր գործունեությունը։ Եթե այն մնա հերթական ձեւական մարմին՝ առանց հստակ գործառույթների եւ արդյունավետության, ապա դրա ստեղծումը չի տա իրական արդյունք, պարզապես կավելացնի վարչական թղթաբանությունը։ Ներկայումս, ըստ իմ տեղեկությունների, նույնիսկ նախկին վարչություններում կան թափուր հաստիքներ, որոնք չեն համալրվել՝ փաստացի ցույց տալով, որ նոր վարչության ստեղծումը չի ապահովում համակարգի արդյունավետություն կամ կադրային կայունություն։

Սա կարելի է ընկալել նաեւ որպես քաղաքական քայլ. մի կողմից՝ ներքին լսարանին ցույց տալու համար, որ երկիրը գնում է եվրոպական ուղղությամբ, մյուս կողմից՝ արտաքին գործընկերներին հավաստիացնելու համար, որ Հայաստանը շարունակում է հետեւել եվրոպական արժեքների ուղիներին։ Սակայն իրականում նման քայլերը հաճախ ունեն իմիտացիոն բնույթ, եւ դրանց ազդեցությունը շատ հաճախ սահմանափակ է, եթե այն չի ուղեկցվում կոնկրետ գործողություններով, լուրջ քաղաքական ծրագրերով եւ հստակ պատասխանատվության մեխանիզմներով։

Նախկինում, երբ նոր վարչություններ են ստեղծվել, դրանք միշտ ունեցել են հստակ ծրագրեր՝ մեխանիկական թղթաբանության եւ խորհրդակցությունների փոխարեն։ Այսօր, երբ խոսքը վերաբերում է «Եվրոպական ինտեգրման վարչության» ստեղծմանը, կարծես թե, գործը հասել է ձեւական մակարդակի, որն առավել քան երեւակայական, քաղաքական շուկայավարում է, քան արդյունավետ կառավարման գործընթաց։

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶՐԿՎԱԾ Է ԸՆԴԳԾՎԱԾ ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԻՑ»

Ընդհանրապես ի՞նչ է կատարվում Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում։ Վերջերս լայն արձագանք ստացավ դեպքը, երբ ԱԳՆ-ի աշխատակից Աշխեն Ալեքսանյանը մեղադրվեց Ադրբեջանի օգտին լրտեսելու մեջ։ Մի՞թե երկրի արտաքին քաղաքականության պատասխանատուների շարքերում կարող են լինել դավաճաններ։

Ցավալի է, բայց դա արտացոլում է այն ընդհանուր մթնոլորտը, որը ձեւավորվել է նախարարությունում։ Երբ համակարգը կորցնում է իր հստակ ուղղվածությունը, արժեքային առանցքը, եւ երբ արտաքին քաղաքականությունը դառնում է հակասական ու անորոշ, ապա դա անխուսափելիորեն բերում է ներքին անկայունության եւ որոշ դեպքերում՝ ֆինանսական կամ ինֆորմացիոն ռիսկերի։

Այսօր, իմ խորին համոզմամբ, Հայաստանի արտաքին քաղաքականությունը զրկված է ընդգծված ազգային օրակարգից։ Այն, ինչ մենք անվանում ենք «ազգային շահերի պաշտպանություն», փաստացի տեղ չունի կառավարության գործողությունների համակարգում։ Տպավորություն է, որ գործող վարչակազմը չունի հստակ պատկերացում, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունը՝ թե՛ տարածաշրջանային, թե՛ եվրոպական կամ գլոբալ մակարդակներում։

Ավելին՝ այն գաղափարը, որը փորձում է ներկայացվել որպես նոր՝ «չորրորդ հանրապետության» սկիզբ, իրականում միտված է պատմության մերժմանը։ Փորձ է արվում փակել նախորդ տասնամյակների փորձառությունը, դիվանագիտական ավանդույթները եւ սկսել «նոր էջից», սակայն առանց ամուր հիմքի։ Դա վտանգավոր մոտեցում է, քանի որ ցանկացած պետություն կառուցվում է իր նախորդի վրա՝ ոչ թե մերժելով անցյալը, այլ բարեփոխելով այն։

Ներկայիս վարչակազմը կարծես որդեգրել է քաղաքական կեցվածք, ըստ որի՝ տեղի ունեցած ամեն ինչ պետք է մոռացվի։ Այս քարոզչական մոտեցումն ուղեկցվում է «խաղաղություն» անվան տակ փաթեթավորված հռետորաբանությամբ, սակայն իրականում այն հաճախ ներկայացվում է որպես պատրանք՝ քողարկելու համար ներքին խնդիրները եւ արտաքին ճնշումների նկատմամբ զիջումները։

Հասարակությանը փորձում են համոզել, թե Հայաստանը պարտավոր է ամեն գնով զիջումների գնալ՝ իբրեւ թե խաղաղության հասնելու համար։ Սակայն դա իրական խաղաղություն չէ, այլ պարզապես ժամանակավոր լռություն է, որը ցանկացած պահի կարող է վերածվել նոր ճգնաժամի, հատկապես այն պայմաններում, երբ երկրի դիրքերն անորոշ են, իսկ դիվանագիտական ու ռազմավարական լուծումները՝ ոչ համապարփակ։

Այսինքն՝ Ձեր կարծիքով, այս ամենը ներքաղաքական հաշվա՞րկ ունի։

Այո, անշուշտ։ Հենց սա է հիմնականը՝ շատ հաճախ արտաքին քաղաքական որոշումներ կամ կադրային փոփոխություններ ունեն ներքաղաքական նպատակ։ Երբ վարչախումբը փորձում է վերահաստատել իր դիրքերը հասարակության մեջ, դա հաճախ արվում է այն պարագայում, երբ նախորդ քարոզչական ձեւակերպումները՝ «նախկինների մեղավորությունն» այլեւս չեն գործում։ Ժողովուրդը հոգնել է այդ միատոն մեղադրանքներից, տեսել է ձախողումներ, անհասկացողություններ եւ բացթողումներ։

Այս պատճառով այսօր իշխանությունը փորձում է ստեղծել նոր նարատիվներ՝ նոր փաթեթավորումներով, որոնք կարող են ցուցադրել զարգացում, խաղաղություն կամ առաջընթաց։ Սակայն իրականում սա շատ ավելի հաճախ հիշեցնում է վախի եւ անորոշության վրա հիմնված քաղաքականություն։ Մարդկանց համոզում են, թե եթե չհաշտվենք, պատերազմ կլինի, իսկ եթե հաշտվենք, ամեն ինչ լավ կլինի։ Սա շատ պարզունակ եւ վտանգավոր շանտաժային մոտեցում է, որը միջազգային փորձը բազմիցս վկայում է, որ կարող է հակառակ արդյունք տալ։

Արտաքին քաղաքական դաշտում նման մոտեցումը վերածվում է անորոշության. երբ դաշնակիցները չեն հասկանում, թե որն է Հայաստանի ռազմավարական ուղղությունը, իսկ հակառակորդները տեսնում են թույլ կողմերը, դա անխուսափելիորեն բերում է պետական դիրքերի թուլացման։ Եվ, ցավոք, ԱԳՆ-ն, որը պետք է լինի ամենակայուն կառույցներից մեկը, դարձել է քաղաքական փորձարկումների հարթակ: Փորձարկումներ, որոնք չեն ապահովում հետեւողականություն կամ ազգային շահերի պաշտպանություն։

Այսպիսի քաղաքական մթնոլորտում շատ դժվար է ձեւավորել արդյունավետ թիմ, որն ունակ է կայունորեն ու հետեւողականորեն աշխատել միջազգային հարթակներում։ Հենց այս անորոշությունն է նաեւ պատճառը, որ երբեմն Հայաստանի դիրքորոշումը հաշվի չի առնվում կամ ընդունվում է ուշացումով։

Պարոն Մելիքյան, այսինքն՝ հիմա ԱԳՆ-ում չկա՞արդյունավետություն, ոգի, պրոֆեսիոնալիզմ

Ցավոք, այդպես է։ Այսօր նախարարությունը գտնվում է բովանդակային ճգնաժամի մեջ։ Համակարգը ղեկավարում են մարդիկ, ովքեր չունեն բավարար փորձ, չեն հասկանում միջազգային հարաբերությունների նրբությունները, եւ նրանց համար դիվանագիտությունը հաճախ սահմանափակվում է միայն՝ պաշտոնական այցեր կատարելով, լուսանկարներով եւ հայտարարություններով։

Բայց դիվանագիտությունը դրանով չի չափվում։ Դիվանագիտությունը լուռ աշխատանք է՝  խոր գիտելիք, վերլուծական մտածողություն, պատասխանատվություն եւ ազգային շահի պաշտպանություն պահանջող։ Դա այն աշխատանքն է, որն արվում է ոչ թե շոուի, այլ արդյունքի համար։

Երբ դու չես ունենում հստակ դիրքորոշում, երբ քո գործընկերները չեն հասկանում՝ դու ում կողմն ես, քո խոսքը սկսում է կորցնել արժեքը։ Դա է պատճառը, որ այսօր շատ դեպքերում Հայաստանի կարծիքը պարզապես հաշվի չի առնվում միջազգային հարթակներում։

Եթե այսպես շարունակվի, ապա կկորցնենք այն քիչ հեղինակությունը, որը դեռ մնացել է։ Եվ դրա վերականգնումը տարիներ կպահանջի, քանի որ վստահության վերստեղծումը միջազգային հարաբերություններում երկար եւ հետեւողական աշխատանք է պահանջում։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում