«Իրավունք». Հանրայինը վերածվել է Ալենի սեփական դուքյանի
Մամուլի տեսություն«Իրավունք» թերթը գրում է.
Քաղաքացիների հարկերից սնվող Հանրային հեռուստատեսությունը վերածվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի սեփական դուքյանի: Լուրերի հիմնական թողարկման ժամանակ, օրինակ, կարելի է տեսնել Ալեն Սիմոնյանի երջանիկ դեմքը երաժշտության ներքո րոպեներ շարունակ: Ի՞նչ է տալու սա հեռուստադիտողին, եւ ո՞րն է այստեղ լուրը, թե բա Ալեն Սիմոնյանը շրջել է Վաղարշապատ քաղաքում…
Հըմ, գրեթե հերոսությո՜ւն: Բայց ամենաունիկալն այն է, որ սա մատուցվում է հեռուստադիտողին հեռախոսով նկարած կադրերով, որովհետեւ, ինչպես նշում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը, նկարահանումն անգամ կատարվել է Մայր Տաճարում տեսագրության համար սահմանված կարգի շրջանցումով, ինչը խիստ անընդունելի է: Թերեւս ոչինչ չասող ռեպորտաժին լավագույն գնահատականը տվել է հենց Հանրայինը, երբ լուրերը վարողը տեսանյութի վերջում ամփոփում է՝ «թողնենք թեման...»:
Պարզապես, պետք էր եթեր չթողնել, ոչ թե ցույց տալուց հետո՝ թողնել թեման: Ի դեպ, ժամանակին Հանրային տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, երբ մի քանի ժամանոց հարցազրույց արեց Ալեն Սիմոնյանի հետ, խոստանում էր շարունակել իր հարցազրույցների շարքը: Ի՞նչ եղավ: Թե՞ այդ պետպատվերը մենակ Սիմոնյան Ալենի համար էր, Հանրայինն էլ սիրողական բլոգ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

