Խնդիրը պիտի լուծենք մինչեւ ընտրություններ. Հայկ Մամիջանյան
ՆերքաղաքականԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԸ, անդրադառնալով իմպիչմենտի գործընթացին, ասաց, որ իրենք իրենց խոսքի տերն են, իրենց գործընթացի տերն են, եւ այս պահին հիմնական շեշտադրումն անկախ պատգամավորների ստորագրությունները ստանալու ուղղությամբ է կենտրոնացած։ Իսկ թե գործընկերներից ով ինչպես կաջակցի, կտեսնեն բոլորը:
— ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսի ժամանակ կանխատեսել է, որ հաջորդ ԱԺ-ում կլինեն ՔՊ-ն, «Հայաստան» դաշինքը եւ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը եւ ոչ մի խոսք ՀՀԿ-ի մասին: Ի՞նչ կասեք:
— Նախ, ՀՀԿ–ն բազմաթիվ անգամ հայտարարել է, որ այս պահին մեր հիմնական, միակ աշխատանքի ուղղությունը իմպիչմենտն իրականություն դարձնելն է։ Ենթադրում եմ, որ նախագահ Քոչարյանի մեկնաբանությունը նաեւ դրանով է պայմանավորված։ Երկրորդ, ես կասկածներ չունեի, որ նախագահ Քոչարյանը Հանրապետականին է քվեարկելու, որ այսօր զարմանք ապրած լինեմ։ Մենք մեր ամբողջ ուժերն ուղղում ենք մինչեւ ընտրություններն իշխանափոխություն իրագործելու համար, այն է՝ իմպիչմենտ իրականացնելու համար։ Լավ կլինի, եթե այդ հարցում մեզ օգնեն մեր բոլոր գործընկերները։
Ես չեմ կարող այս պահին պատասխանել ընտրությունների վերաբերյալ հարցերին, որովհետեւ մենք այդ ուղղությամբ որեւէ քննարկում, որեւէ աշխատանք չենք տանում։ Ո՞վ կարող է երաշխավորել, որ մինչեւ ընտրություններ Վաշինգտոնի նման Հայաստանի ապագան խիստ մշուշոտ դարձնող արձանագրություններ կամ այլ գործընթացներ չեն լինելու։ Նմանօրինակ բաները, ինչպես եւ նախագահ Սարգսյանը նախօրոք զգուշացրել էր, եւ Հանրապետականը դրա մասին շատ-շատ է խոսել, բացառելու համար մենք խնդիրը պիտի լուծենք մինչեւ ընտրություններ: Մեզ համար ոչ թե իշխանության հասնելն է նպատակ, այլ` իշխանափոխություն իրականացնելը:

