Մինչ այժմ Հայաստանը չունի հստակ էներգետիկ քաղաքականություն և ռազմավարություն. Արմեն Մանվելյան
ՆերքաղաքականՎլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը հիշեցրեց, որ հայկական ատոմակայանը ապահովում է Հայաստան էլեկտրաէներգիայի 30 տոկոսը, եւ ընթանում է ԱԷԿ-ի գործունեության ժամկետի երկարաձգման ուղղությամբ աշխատանք: Իսկ ահա Փաշինյանը, որպես պատասխան, ասաց. «Մենք այժմ աշխատում ենք և փնտրում Հայաստանի համար հարմար նախագծեր` փոքր մոդուլային ատոմային հնարավորություններ, և իհարկե, այդ հարցում նույնպես շատ ակտիվ երկխոսություն ունենք ՌԴ-ի հետ»: Այն դեպքում, երբ մինչ այս պտտվում էին լուրեր, որ փոքր մոդուլային ատոմային բլոկերի թեմայով քննարկումներ կան ԱՄՆ-ի հետ: Այս ամենի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է Էներգետիկ անվտանգության եւ միջազգային հարցերով փորձագետ ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԻ հետ՝ անդրադառնալով ինչպես ամերիկյան մոդուլային ռեակտորների ներդրմանն, այնպես էլ էներգետիկ քաղաքականությանն առնչվող այլ հարցերի:
— Պարոն Մանվելյան, վերջին շրջանում Հայաստանում, կարծես թե, քննարկվել էր ամերիկյան մոդուլային ռեակտորների ներդրման հարցը։ Ինչո՞ւ այժմ չի ընտրվել այդ տարբերակը:
— Խնդիրը մի փոքր այլ կերպ ձևակերպենք. արդյո՞ք իրական հողի վրա եղել է որեւէ առաջարկ Հայաստանին։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ Հայաստանին երբեք առաջարկ չի արվել մոդուլային կայանի կառուցման վերաբերյալ։ Այդպիսի հստակեցում երբեք չի եղել։ Այն հայտարարությունները, թե իբր նման առաջարկներ կային ամերիկյան կողմից, ավելի շատ PR-ի գործիքակազմ են, որոնք գործում են ռեժիմային մակարդակով եւ ցույց են տալիս, որ պարզապես իմիտացիա է կատարվում, ոչ թե լուրջ գործընթաց։
Երկու-երեք տարի առաջ անընդհատ բարձրաձայնում էին, թե շուտով մոդուլային կայան կլինի եւ այլն։ Ես ինքս դեռեւս երեք տարի առաջ նշել եմ, որ այդ ամենը կեղծիք է եւ սուտ. չկա իրական բանակցություն առ այն, թե ինչ պետք է կառուցվի, առավել եւս` մոդուլային։ Դա եւս սուտ է։ Հատկապես Միացյալ Նահանգներում նման կայաններ գործնականում գոյություն չունեն։ Կար միայն մեկ փորձնական կայան Միացյալ Նահանգներում, սակայն համապատասխան կառույցները մինչեւ այժմ սերտիֆիկացում չեն տվել։
Հետեւաբար, Հայաստանը որեւէ իրական բանակցություն չի վարում որեւէ կայանի կառուցման շուրջ՝ լինի դա մոդուլային, թե այլ տեսակի։ Այսինքն՝ ասել, թե իբրեւ պետք է կայանա ընտրություն, սխալ է։ Ոչինչ չի ընտրվել։ Ընդամենը եղել են հանդիպումներ, որոնց ընթացքում հնչել են որոշ արտահայտություններ։ Իսկ դրանք կա՛մ քարոզչական են, կա՛մ էլ նպատակ ունեն արտաքին տպավորություն ստեղծելու։ Իրական, պաշտոնական գործընթաց այս հարցում երբեք չի եղել։ Ես կարող եմ դա վստահաբար հավաստել։
— Այս պարագայում ավելորդ չէ՞ խոսել Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ մոդուլային բանակցությունների մասին․ ի՞նչ փուլում են դրանք գտնվում, դադարեցվե՞լ են, սառեցվե՞լ են, թե՞ պարզապես այլ պատճառներ կան։
— Ես կարող եմ վստահեցնել, որ այդ բանակցություններն անգամ չեն էլ սկսվել, որովհետեւ ամերիկյան եւ ռուսական համակարգերը սկզբունքորեն տարբեր են։ Կարելի է պատկերացնել, որ ամենաբարձր մակարդակով՝ ամերիկյան կողմի կամ հայկական վարչակազմի ներկայությամբ, ստորագրվեն ինչ-որ պայմանագրեր կամ ավելի ճիշտ՝ հուշագրեր, որտեղ օրինակ քննարկվի նմանատիպ համագործակցություն։ Բայց դա դեռ չի նշանակում, որ անմիջապես կգան եւ Հայաստանում կկառուցեն մոդուլային կամ այլ համակարգ։ Իրականում ամերիկյան համակարգը այդպես չի գործում։
Օրինակ, Westinghouse Electric ընկերությունը, որն ամենախոշոր ատոմակայան կառուցող կառույցներից է, իր համար որոշիչ չի համարում՝ դուք Թրամփի հետ պայմանագիր ունե՞ք, թե` ոչ։ Այն առաջնորդվում է բացառապես իր քաղաքական-տնտեսական եւ եկամտային շահերով։ Ահա նմանատիպ խոսակցությունների հետ որեւէ իրական բանակցություն երբեւէ չի տարվել։ Հետեւաբար, նմանատիպ հայտարարություններ անելն ընկնում է անլրջության դաշտ։
Ռուսաստանում իրավիճակն այլ է. այնտեղ շատ կարեւոր է քաղաքական իշխանությունների հետ ձեռք բերված համաձայնությունը, որպեսզի որեւէ բան կառուցվի։ Այժմ հարց է առաջանում՝ արդյո՞ք այս դեպքում գոյություն ունի փոխադարձ համաձայնություն։ Ես վստահ եմ, որ այն էլ չկա։ Այսինքն՝ եթե Միացյալ Նահանգների կամ Վաշինգտոնի համար որոշիչ չէ նման համաձայնությունը, եւ ավելի կարեւոր է առանձին ընկերությունների շահը, ապա Ռուսաստանի դեպքում պարտադիր է պայմանավորվել հենց Կրեմլի հետ։
Բայց երկու տարբերակներում էլ պետք է ընդգծել, որ մասնագիտական մակարդակով որեւէ լուրջ քննարկում, պաշտոնական հայտարարություն կամ հրապարակում գոյություն չունի։
— Բայց կա՞ ռուսական կողմի հետ համագործակցություն այս ոլորտում, թե՝ ոչ։
— Ես չգիտեմ, թե Ռուսաստանում ինչ իրավիճակ է տիրում տվյալ ոլորտում, բայց կարող եմ ասել, որ այն մարդիկ, ովքեր այսօր Հայաստանում որոշումներ են կայացնում, պետք է հաշվի առնեն մի կարեւոր հանգամանք: Հայաստանը չունի էներգետիկայի նախարարություն. այն վաղուց լուծարված է։ Չկան մասնագետներ, ովքեր կարող են վարել այդպիսի բանակցություններ եւ խորությամբ հասկանալ Հայաստանի առջեւ կանգնած էներգետիկ խնդիրները։ Մինչ այժմ Հայաստանը չունի հստակ էներգետիկ քաղաքականություն եւ ռազմավարություն։
Այսինքն՝ լրջության մասին խոսելն անիմաստ է։ Նույնիսկ հարեւան պետությունների հետ որեւէ լուրջ գործ չի տարվել։ Համոզված եմ, որ իրականում որեւէ լուրջ քայլ չի կատարվում, ընդամենը խոսակցություններ են։ Քաղաքական ռեժիմը հիմնականում փորձում է ստեղծել տպավորություն։ Գնալ ամերիկացիների հետ, ինչ-որ թղթի տակ ստորագրել ու անունը դնել «հուշագիր», որտեղ խոսվում է մոդուլային կայանների մասին։ Կամ գնալ Կրեմլ, հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ եւ այնտեղ էլ խոսել մոդուլային կայանների մասին։
Բայց իրականում ռուսները մոդուլային կայաններ չեն արտադրում․ նրանք արտադրում են փոքր ռեակտորներ, որոնք այժմ կառուցվում են, օրինակ, այլ երկրներում։
Կրկնում եմ. Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու շուրջ լուրջ բանակցություններ աշխարհի որեւէ երկրի հետ այս պահին չեն տարվում։
— Հայաստանը որոշել է երկարաձգել իր ատոմակայանի շահագործման ժամկետը՝ մինչեւ 2036 թվականը: Այս որոշումը կարո՞ղ է տարբեր հեռանկարներ բացել ոլորտում։
— Ստեղծված իրավիճակը նոր չէ, քանի որ երկարաձգումը հիմք է առնում նախկին որոշումներից։ Ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգումը 10 տարով անհրաժեշտ էր, քանի որ ատոմակայանի կառուցումն ու շահագործումը բարդ եւ երկարատեւ գործընթաց է։ Արդյունքում, կարելի է ասել, որ այս նախաձեռնությունը նախորդ որոշումների շարունակությունն է։
Մասնագետների համար կարեւոր հարց է, թե որքան արդյունավետ կարող է օգտագործվել այս հնարավորությունը։ Եթե ներկայիս իշխանությունը շարունակի կառավարումը, դժվար է ակնկալել արդյունավետ կառավարման օրինակներ, հատկապես հաշվի առնելով, որ հարեւան պետություններ Թուրքիան եւ Ադրբեջանն ակնկալում են Մեծամորի փակումը եւ բացահայտ հայտարարում են այդ դիրքորոշման մասին։
Մյուս կողմից, եթե իշխանության գան փորձառու եւ պատասխանատու կառավարման ներկայացուցիչներ, հնարավոր կլինի սկսել բանակցություններ նոր ռեակտորների կառուցման շուրջ։ Սա Հայաստանի համար կարող է ունենալ լուրջ նշանակություն՝ ինչպես ազգային անվտանգության, այնպես էլ էներգետիկ անկախության տեսակետից, քանի որ ներկայումս երկիրն ունի միայն գործող ատոմակայան, առանց նորատիպ ռեակտորային հնարավորությունների։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

