Թրամփը հայտարարել է, որ որոշում է կայացրել Ուկրաինային «Տոմահավկ» հրթիռներ մատակարարելու վերաբերյալ
ՄիջազգայինԴոնալդ Թրամփը հայտարարել է, որ գործնականում որոշում է կայացրել Ուկրաինային «Տոմահավկ» հրթիռներ մատակարարելու վերաբերյալ: ԱՄՆ նախագահը նշել է, որ «Տոմահավկ» հրթիռների մատակարարման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելուց առաջ նա կցանկանար հասկանալ, թե ինչպես է Ուկրաինան մտադիր օգտագործել այդ թևավոր հրթիռները և որտեղ են նրանք մտադիր դրանք թիրախավորել.
Պատասխանելով հարցին` «Դուք արդեն որոշում կայացրե՞լ եք՝ Ուկրաինային «Տոմահավկ» հրթիռներ մատակարարե՞լ, թե՞ դրանք վաճառել ՆԱՏՕ-ին և թույլ տալ, որ նրանք վաճառեն դրանք Ուկրաինային», Թրամփն ասում է. «Այո, ես մոտավորապես որոշում եմ կայացրել, եթե մտածեմ դրա մասին: Կարծում եմ՝ ուզում եմ իմանալ, թե ինչ են նրանք անելու դրանց հետ, ուր են ուղարկելու դրանք: «Ես պետք է այդ հարցը տամ: Այդ պատերազմը երբեք չպետք է սկսվեր, այն երբեք չէր սկսվի: Այնտեղ այդքան վատ որոշում է կայացվել: Կարծում եմ՝ երկու կողմերից էլ, ի դեպ: Բայց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս պատերազմում ոչ ոք լավ տեսք չունի, ոչ ոք: Դա սարսափելի էր... Նրանք այս շաբաթ կորցրեցին ավելի քան 7000 զինվոր, երկու կողմերն էլ միասին վերցրած: Ամեն շաբաթ նրանք կորցնում են 7000, 8000, 5000»:
Իսկ ահա ռուսական աղբյուրները հիշեցնում են, որ Ռուսաստանի նման խոշոր միջուկային տերության դեմ, որն ունի իր հսկայական ռազմական զինանոցը, այդ թվում՝ հազարավոր թևավոր հրթիռներ, այս կերպ գործելը իսկապես պատմական ռիսկ կլիներ նախագահ Թրամփի համար: Ռուսաստանի դեմ «Տոմահավկ» հրթիռներով հարվածները, որոնք, ի դեպ, կարող են կրել միջուկային մարտագլխիկներ, ակնհայտորեն բոլորովին այլ կատեգորիայի մեջ են, եւ ամեն բան չի վերջանա միայն Թրամփի հետ հարաբերությունները զրոյացնելով, ինչի մասին հայտարարեց Պուտինը: Բանն այն է, որ «Տոմահավկ» հրթիռներ արձակելու միայն երեք եղանակ կա՝ ականակիրներից, սուզանավերից (երկուսն էլ Ուկրաինան չունի և չեն ունենա մոտ ապագայում) և, վերջապես, նոր ցամաքային ամերիկյան «Թայֆուն» համակարգի օգտագործմամբ: Ուկրաինան նույնպես չունի այս համակարգը, ինչպես նաև չունի այն շահագործելու մասնագետներ: Հետևաբար, «Թայֆուն»-ներից «Տոմահավկ» հրթիռներ կարող են արձակել միայն ամերիկյան մասնագետները, եւ նման արձակումը, թեկուզեւ Ուկրաինայի տարածքից, արձակումը հավասարազոր կլինի Ռուսաստանի վրա ամերիկյան ուղղակի հրթիռային հարվածի:
Սակայն նույնիսկ դա չէ ամենաէականը: Կրկնենք, «Տոմահավկ» հրթիռները կարող են կրել միջուկային մարտագլխիկներ: Դրանց արձակումը ՌԴ-ի ուղղությամբ, ըստ ռազմական դոկտրինի, ընկալվում է, որպես միջուկային հարձակում. ռուսները չեն կարող վստահ լինել` տվյալ պահին այդհրթիռները ումե՞ն միջուկային մարտագլխիկ, թե` ոչ, եւ պարտավոր են հիմք վերցնել վատագույն տարբերակը` ունեն: Հենց դա էլ պարտադրում է ոչ թե միայն հարվածող հրթիռների դեմ պաշտպանություն, այլ պատասխան համարժեք հարված: Ընդ որում, ուղղված ոչ միայն արձակման վայրին, այլ` արձակող կողմին, որը, կրկնենք, կարող են լինել միայն ամերիկացիները: Դա հասկանում են ինչպես Մոսկվայում, այնպես էլ` Վաշինգտոնում:

