«ԶՈՀՎԵԼ է ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ» ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԷԴՄՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Հասարակություն2020 թվականի Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմի ծանր ու դժնդակ օրերին, ցավոք կորցրեցինք հազարավոր լուսավոր երիտասարդների, ովքեր մեր ապագան էին, պիտի ընտանիքներ կազմեին ու մեր ազգը շատացնեին։
Ցավոք, այդ զոհերից մեկն էլ տանկիստ - մեխանիկ ԷԴՄՈՆ ԱՐՏԱԿԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆՆ էր։
Այսօր, հոկտեմբերի 2-ը նրա հիշատակի օրն է, ուղիղ 5 տարի է անցել, սակայն ցավը մնում է ցավ ու երբեք չի սպիանում։ Անմահ հերոսի հուշարձանին են այցելել հարազատներ, ընկերներ, որդեկորույս ծնողներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։
Էդմոնի հարազատը, բռնցքամարտիկ ՋԱՆԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ, Iravunk. com -ի հետ զրույցում, խորը ցավը սրտում նշեց.
«Էդմոնը ծնվել է 2001 թվականի փետրվարի 10-ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Փոքր տարիքից զբաղվել է սպորտով, հաճախել է ֆուտբոլի, կարատեի ու լողի։Սովորել է Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոցում, իսկ հետո թիվ 4 ավագ դպրոցում։ 2019֊ին ընդունվել է Հայաստանի Ազգային ագրարային համալսարան։ Նույն թվականից ծառայության է անցել Արմավիրում, հետո Կուբաթլույում։ Էդմոնը շատ խելացի էր, նա շատ կարճ ժամանակահատվածում տիրապետել է իր զինվորական մասնագիտությանը, դարձել ուսման մեջ առաջատար ու շատ կարգապահ մարտիկ։ Մարտական պատրաստության ժամանակ ցուցաբերել է բարձր ցուցանիշներ, նա տանկիստ ֊մեխանիկ էր։ Իր զինվորական կոլեկտիվում վայելել է արժանի հեղինակություն։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից թեժ մարտեր է մղել նենգ ոսոխի դեմ, պատերազմի ամենաթեժ կետերում, լինելով առաջնագծում։ Շուրջ 6 ամիս անհայտության մեջ մնալուց հետո, մարմինը գտնվել է ապրիլի 5-ին։ Հերոսաբար զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից, հոկտեմբերի 2-ին Ջրականի թեժ մարտերի ժամանակ, երբ գնացել էր մարտական ընկերներին օգնության։ Նշեմ, որ եղբայրս Արթուր Սահակյանը բռնցքամարտիկ է, նա իր բոլոր հաղթանակները նվիրում է Էդմոնի պայծառ հիշատակին, միշտ ռինգ է դուրս գալիս այն շապիկով, որի վրա պատկերված է Էդմոնի նկարը։ Նա այս տարվա հունիսին Վրաստանում կայացած միջազգային մրցաշարում հաղթեց թուրք մրցակցին ու այդ հաղթանակը ևս նվիրեց Էդմոնի հիշատակին։
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ...
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

