«Իրավունք». Վոլոդյա Գրիգորյանի սպանությունը փաստի առաջ է կանգնեցրել նրա մերձավոր թիմին
Մամուլի տեսությունՓարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի սպանությունից հետո լուրջ քննարկումներ կան նրա մերձավոր շրջապատում: Խոսքը ոչ միայն թիմի մասին է, որը նրա հետ մասնակցեց ընտրություններին եւ կարողացան հաղթել, այլ նաեւ այն մտերիմների, որոնք թեեւ առաջին պլանում չէին, չկային ցուցակներում եւ հետո էլ՝ ավագանիում, սակայն շատ ավելի լուրջ աշխատանք էին ունեցել այդ հաղթանակի հարցում: Ու հիմա հենց այդ շրջանակներում այն հարցն է, թե ինչ պետք է անել հետո` հաշվի առնելով, որ նրանք մինչ սպանությունը որոշակի ակտիվություն ունեին նաեւ Էջմիածնի ընտրություններում:
Աղբյուրի փոխանցմամբ` այդ անձինք Էջմիածնում կոնկրետ ուղղվածությամբ գործում էին հիմնականում Գրիգորյանի նախաձեռնությամբ (որոշ բացառություներով), եւ հիմա կանգնել են հարցի առաջ, թե ինչպես են վարվելու: Նախ, ինչպես հուշեց այս սպանությունը, պարզվում է, որ ամեն բան միանգամայն վտանգավոր է դարձել: Հաջորդը` ո՞րն է իրենց անձնական շահագրգռվածությունը, որ շարունակեն ներգրավված մնալ ընտրական թեմաների մեջ: Աղբյուրը նաեւ հայտնում է, որ հիմնականում այն կարծիքին է, որ պետք է շարունակել զոհված ընկերոջ գործը: Բայց նաեւ կա զգուշավորության գործոնը: Այսինքն` վերջնական որոշում, գոնե երեկվա դրությամբ չկար, թեեւ խոսքն այն անձանց մասին է, որոնք կարող են նկատելի դեր ունենալ ընտրություններում՝ շնորհիվ միանգամայն ծավալուն կապերի եւ շրջապատի:

