Ինչու Հայաստանը չի մասնակցում «Ադամանդե Թիթեռնիկ»-ին
Մշակութային«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻՆՈՅԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖԻԼՄԵՐԻ 5-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ»
Հայաստանի կինոյի հիմնադրամն իր մասնակցությունն է ունենում կինոարվեստի բնագավառում պետական մշակութային ծրագրերի իրականացմանը՝ շարունակելով հայկական կինոյի ավանդույթները, համագործակցությունը տարբեր երկրների հետ, որն իր հերթին զարգացնում է հայկական կինոարվեստը: Թե մոտ ապագայում ինչպիսի նոր ծրագրերով կներկայանա Հայաստանի կինոյի հիմնադրամը, «Իրավունք»-ը պարզել է հիմնադրամի տօրեն ԴԱՎԻԹ ԲԱՆՈՒՉՅԱՆԻՑ:
«ՀԱՏՈՒԿ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՌԴ «ԳՈՍՖԻԼՄՈՖՈՆԴ»-Ի ՀԵՏ»
— Նոյեմբերի 24-ին Մոսկվայում առաջին անգամ տեղի կունենա «Ադամանդե թիթռնիկ» եվրասիական կինոմրցանակաբաշխությունը: Հայաստանը մասնակցելո՞ւ է:
—Հայաստանն այս տարի չի մասնակցի «Ադամանդե թիթեռնիկ» եվրասիական կինոմրցանակաբաշխությանը։ Պաշտոնական հրավերը ստացվել է միջոցառման կազմակերպման ժամկետներին բավականին մոտ, ինչի արդյունքում տեխնիկական եւ կազմակերպչական առումով պարզապես բավարար ժամանակ չի եղել նախապատրաստական աշխատանքները լիարժեք իրականացնելու եւ Հայաստանի մասնակցությունն ապահովելու համար։ Այնուամենայնիվ, մենք բարձր ենք գնահատում նման հարթակների գոյությունն ու կարեւորությունը տարածաշրջանային մշակութային փոխգործակցության համար ու չենք բացառում, որ առաջիկա տարիներին Հայաստանը կդիտարկի իր մասնակցությունը նման ձեւաչափերում՝ դրանք դիտարկելով որպես նոր համագործակցային եւ ներկայացուցչական հնարավորություններ։
— Հայ-ռուսական համագործակցության համատեքստում` ի՞նչ ծրագրեր եւ նախագծեր ունի հիմնադրամը` ինչպես արդեն կյանքի կոչված, այնպես էլ սպասվելիք:
—Հայաստանի կինոյի հիմնադրամը մշտապես իրականացնում է ծրագրեր, որոնք միտված են ազգային կինոարվեստի պահպանմանն ու զարգացմանը եւ բաց է համագործակցության համար բոլոր այն կառույցների հետ, որոնց հետ համագործակցությունը կարող է նպաստել փորձի փոխանակմանը, զարգացմանը եւ միջազգային դիրքավորմանը։ Այս շրջանակում հատուկ կարեւորում ենք համագործակցությունը ՌԴ «Գոսֆիլմոֆոնդ»-ի հետ՝ հայկական ֆիլմերի թվայնացման եւ վերականգնման ուղղությամբ։ Մոտ օրերս հիմնադրամը կմասնակցի Մոսկվայում կայանալիք արխիվային ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնին, որի շրջանակում կներկայացվի Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը։
Արդեն տեւական ժամանակ է, ինչ կինոժառանգության պահպանության մասով եւս ակտիվ համագործակցային աշխատանքներ են տարվում ՌԴ «Գոսֆիլմոֆոնդի» ներկայացուցիչների հետ։ Ներկայումս քննարկվում են մի շարք համատեղ նախաձեռնություններ ռուսական կողմի հետ, որոնց մասին կպատմենք ավելի մանրամասն արդեն իրականացման փուլում։
«ԳԱՂԱՓԱՐԻ ԱՐԺԵՔԸ, ԿԻՆՈԷՍԹԵՏԻԿԱՆ ԵՎ ՀԻՄՆԱՎՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԻՉ ԵՆ»
— Ժամանակին «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմը դարձավ հայ-ռուսական բարեկամության կարեւոր խորհրդանիշներից մեկը: Ֆիլմի ստեղծումից 50 տարի անց` այսօր, հնարավո՞ր է, որ լինի նման մասշտաբային նոր նախագիծ:
— Հայաստանի կինոյի հիմնադրամը հանդիսանալով պետական ֆինանսական աջակցություն տրամադրող կառույց, տարին երկու անգամ իրականացնում է ֆիլմերի նախագծերի հայտերի ընդունում, որտեղ փորձագիտական հանձնաժողովի կողմից վերջնական մրցույթը հաղթած ֆիլմերը կյանքի են կոչվում։ Այս գործընթացում Կինոյի հիմնադրամն աշխատում է բաց եւ թափանցիկ, ուստի՝ եթե կինոարտադրողներն առաջարկեն նմանատիպ գաղափարներ, նախագծեր՝ որոնք կհաղթահարեն մասնագիտական գնահատման փուլերն ու կստանան ֆինանսավորում, հիմնադրամը պատրաստակամ է աջակցել դրանց իրականացմանը, այդ թվում՝ տարածմանը։
Մեր մոտեցումն անկողմնակալ է․ գաղափարի արժեքը, կինոէսթետիկան եւ հիմնավոր ներկայացվածությունը որոշիչ են, իսկ թեմատիկան՝ ընդամենը մեկնաբանման հնարավոր դաշտում։
— Հայրենական Մեծ պատերազմի 80-ամյակը հատկանշվեց մի շարք նոր ֆիլմերի պրեմիերաներով: Այս առումով հիմնադրամը որեւէ նախեռնությամբ հանդես եկե՞լ է:
— Թեեւ հիմնադրամի կողմից տվյալ հոբելյանին նվիրված առանձին ծրագիր չի իրականացվել, Հայաստանի կինոյի հիմնադրամը տարեցտարի իրականացնում է նախագծեր, որոնք առնչվում են ինչպես պատմական ժառանգության, այնպես էլ ազգային հիշողության մշակութային ներկայացմանն ու պահպանմանը։
Նման նախաձեռնությունների իրականացման հնարավորությունն ու ծավալները կախված են նաեւ կինոգործիչների կողմից ներկայացվող թեմատիկ նախագծերից։ Մեր կողմից դրանց իրականացման հնարավորությունները դիտարկվում են ըստ ընթացակարգի, բովանդակության եւ մշակութային հեռանկարի։
Ո՞ՐՆ ԷՐ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԿԻՆՈՅԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ
— Ձեր գնահատմամբ` որո՞նք են այսօր հայ կինոյի գլխավոր խնդիրներն ու մարտահրավերները:
— Հաճախ այս հարցին պատասխանում են ձեւակերպմամբ՝ «Հայ կինոյի խնդիրներ», սակայն մենք նախընտրում ենք խոսել «զարգացման մարտահրավերների» մասին։
Հայաստանի կինոյի հիմնադրամը՝ ԿԳՄՍ նախարարության մշակութային քաղաքականության շրջանակում, հենց այս մարտահրավերներին արձագանքելու ուղղությամբ է կառուցում իր ռազմավարական ուղղությունները։ Մարտահրավերները բազմաշերտ են․ կինոժառանգության պահպանություն ու թվայնացում, վերականգնման տեխնոլոգիական միջավայրի բացակայություն, ժամանակակից բովանդակության ստեղծման մեխանիզմների զարգացում, կինոկրթության հստակ համակարգի բացակայություն, կինոյի տարածման կայուն մոդելների անհրաժեշտություն եւ այլն։ Սակայն այս ամենի կողքին տեսնում ենք նաեւ հստակ հնարավորություններ եւ լուծումների ուղիներ, որոնք նպատակաուղղված են հայկական կինոյի զարգացմանն ու հանրահռչակմանը՝ թե՛ ներսում, թե՛ միջազգային մակարդակում։
— Ըստ Ձեզ, ո՞րն էր Խորհրդային կինոյի հաջողության գրավականը, որն առ այսօր չի կորցրել իր փայլը:
— Անկեղծ կլինեմ, սա խորքային եւ մշակութաբանական վերլուծության արժանի հարց է։ Բայց կարճ ձեւակերպմամբ կարելի է ասել հետեւյալը. արդյունավետ միջավայր, համակարգված քաղաքականություն եւ մշակույթի նկատմամբ իրական վստահություն։ Խորհրդային կինոյի հաջողությունը պայմանավորված էր մի կողմից՝ բարձրորակ մասնագիտական պոտենցիալով, մյուս կողմից՝ պետական ինստիտուցիոնալ աջակցությամբ, որը կինոյին վերաբերում էր ոչ միայն որպես արվեստի, այլեւ որպես հասարակական հաղորդակցության լուրջ գործիքի։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=323991&l=am/

